«Մենք հպարտանում են ձեզանով ու սիրում ենք ձեզ». Կարեն Կարապետյան

timthumb (75)ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ կանայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ։

Գարնանային այս գեղեցիկ տոնի խորհուրդն իր մեջ ամփոփում է այն կարևոր առաքելությունը, որ ունեք մեր կյանքում։ Այդ առաքելության շնորհիվ են ամբողջանում ու մեծարվում այնպիսի արժեքներ, ինչպիսին սերն ու հավատարմությունը, օջախն ու ընտանիքը։

Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայ ընտանիքի ամրությունը, ձեր առաքինության շնորհիվ է մեզ շրջապատող աշխարհը դառնում բարի ու հանդուրժող, ներդաշնակ ու լույսերով լի։ Միայն դուք կարող եք ընտանիքի հոգսերի ահռելի բեռ վերցնել ու միաժամանակ մնալ համակրելի ու գեղեցիկ։

Շնորհակալություն ձեզ իմաստության, համբերատարության ու հոգատարության համար, որ պահում ու պահպանում եք մեր ընտանիքները, որ մեր ազգի համար կիրթ ու հայրենասեր զավակներ եք դաստիարակում, որ նեցուկ եք մեզ բոլոր օրերին:

Հավասար հնարավորությունների մեր դարում պակաս կարևոր չեն նաև ձեր մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները, մեր երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու ձգտումը:

Թող ձեր կյանքում միշտ գարուն լինի՝ ծաղիկներով զարդարված, և թող գարնանային այս գեղեցիկ տոնի տրամադրությունն ուղեկցի ձեզ ամբողջ տարվա ընթացքում։

Ցանկանում եմ ձեզ ընտանեկան բարեկեցություն, երջանկություն ու լավատեսություն, վառ ու արևոտ տրամադրություն, ներշնչանք՝ լավ ու բարի ձեռնարկումների համար։ Մենք հպարտանում են ձեզանով ու սիրում ենք ձեզ»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *