Արտակ Սարգսյանը ծառերի հաշվին ամենամեծ SAS FOOD COURT-ն է կառուցում (տեսանյութ, լուսանկարներ)

c6d996e114dd2638d4730d470d096c30

Հալաբյան 20/1 հասցեում արդեն մի քանի ամիս է, ինչ շինարարություն է սկսվել, ծառերն էլ շինարարության զոհ են դարձել: Դեռևս մարտի 14-ին քաղաքացիներից մեկը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր՝ տարածքում առկա ծառերի անմիջապես կողքին փոս էր փորված. ջրագիծ էր կառուցվում, իսկ ծառերի արմատներն, ակնհայտ էր՝ կտրված էին:

Տեսանյութում՝ շինաշխատանքներ իրականացնողները պնդում են, որ քաղաքապետարանը պարզապես էտել է ծառերը, դրանք չեն վնասվել և կշարունակեն մնալ իրենց տեղում: Մինչդեռ այսօր, հաղթահարելով աշխատակիցների խոչընդոտները, մեր տեսախցիկը հասցրեց ֆիքսել, որ տարածքում ծառեր այլևս չկան:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում էլ աշխատակիցները պնդում էին, որ տվյալ տարածքում ծառեր չեն էլ եղել, մինչդեռ տեսանյութում դրանք առկա են:

«Ջրագիծ ենք փոխում, բայց ծառերը չենք հեռացրել: Տեղյակ չենք ոչ մի բանից, մեր գործն ենք անում»,- պատասխանեցին աշխատակիցները:
Մեզ հետ զրույցում տարածքի բնակիչները համոզված նշում էին, որ այդ տարածքը պատկանում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյանին, ով ընդլայնում է բիզնեսը, ամենամեծ SAS FOOD COURT-ն է կառուցում:
Ի դեպ, սովորաբար որևէ տարածքում շինարարություն իրականացնելիս փակցվում է ցուցատախտակ, որտեղ նշվում է, թե ով է կառուցապատողը և ինչ է կառուցվում: Սակայն այս դեպքում անգամ այդ ցուցանակն էր բացակայում:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՍԱՍ գրուպից, բայց ապարդյուն: Ինչպես միշտ, այս անգամ ևս լրատվականի պատասխանատուն տեղում չէր, իսկ թե ինչով է զբաղված իր աշխատանքն իրականացնելու փոխարեն՝ պարզ չէ:
Արտակ Սարգսյանին արված զանգերը ևս անպատասխան մնացին:
Մենք կապ հաստատեցինք նաև քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ՝ պարզելու, թե ինչ շինություն է կառուցվում և արդյո՞ք քաղաքապետարանը թույլտվություն տվել է տարածքի ծառերը հեռացնելու համար, սակայն մեր հարցին բանավոր չպատասխանեցին՝ հորդորելով պաշտոնական հարցում ուղարկել, ինչն էլ մենք կանենք և պատասխանը ստանալու դեպքում անպայման կհրապարակենք:
Նշենք, որ մինչ շինարարական աշխատանքները, Հալաբյան 20/1 հասցեում տեղակայված էր «Դոլչե» ընտանեկան ժամանցի կենտրոնը, որն, ի դեպ, պատկանում էր ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արման Սահակյանին: Փաստորեն, կուսակից ընկերները միմյանց բիզնեսում էլ են «պադերժկա» անում:
https://www.youtube.com/watch?time_continue=43&v=Qc6TWr1mjOI

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *