Շվեյցարական հյուրանոցը չեղյալ է համարել Թուրքիայի արտգործնախարարի միջոցառումը

timthumbՇվեյցարական հյուրանոցը չեղյալ է համարել միջոցառումը, որտեղ պետք է ելույթ ունենար Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Ցյուրիխի Hilton հյուրանոցի կոնֆերանսների և միջոցառումների անցկացման պատասխանատու Ալեքսեյ Լինչուկը հայտարարել է, որ միջոցառումը, որին մասնակցելու էր Չավուշօղլուն, չեղյալ է համարվել: Լինչուկը հայտնել է, որ հյուրանոցի կողմից նման որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «իրենք չեն կարող ապահովել մասնակիցների և հյուրանոցի աշխատակիցների անվտանգությունը»:

Ավելի վաղ Ցյուրիխի քաղաքային իշխանությունները դիմել էին Շվեյցարիայի կառավարությանը’ պահանջելով միջոցներ ձեռնարկել Չավուշօղլուի միջոցառումը չեղարկելու ուղղությամբ: Նրանց համոզմամբ’ Թուրքիայի արտգործնախարարի ելույթը երկրում կարող է բողոքի մեծ ալիք բարձրացնել և ճգնաժամի պատճառ դառնալ:

Ի պատասխան այս դիմումի’ Շվեյցարիայի արտգործնախարարությունից հայտնել էին, որ Չավուշօղլուի ելույթը չեղարկելու պատճառ չկա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում չեղյալ էր համարվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում: Համաձայն քաղաքապետի գրության’ այն սրահի սեփականատերը, որտեղ պետք է ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց:

Չավուշօղլուի ելույթը չեղարկվել էր նաև Գերմանիայում’ Համբուրգ քաղաքի Plaza Event Center սրահում: Արտգործնախարարը ստիպված էր եղել ելույթ ունենալ Թուրքիայի հյուպատոսի կեցավայրում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *