3537e95a093382c261602f3e59cf7555

Մամուլում այսօր ուշագրավ տեղեկատվություն տարածվեց, համաձայն որի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նեղ միջավայրում հայտարարել է, որ Եթե անգամ «Ծառուկյան» դաշինքի նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնի, որ իր ղեկավարած խմբակցությունը դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ապա իր որդին՝ Արգամը, չի ենթարկվի այդ որոշմանը և կողմ կքվեարկի: Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի` Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Դաշինքում այլ մարդիկ ևս կան, ովքեր կցանկանան կողմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը, բայց առայժմ ձեռնպահ են մնում իրենց ցանկությունը բարձրաձայնելուց:
Իհարկե, պատահական չէ, որ նեղ միջավայրում Աբրահամյանի «անկեղծացումները» հրապարակ են նետվում հիմա, երբ վերջնականապես պարզ է, որ վարչապետի պաշտոնը ամսի 17-ին ստանձնելու է հենց Սերժ Սարգսյանը: Փաստորեն, Աբրահամյանը միանգամից է արձագանքում այս իրողությանը՝ շտապելով ռևերանսներ անել, ինչը նրան իհարկե բնորոշ է: Տպավորություն է ստեղծվում, որ այս արտահոսքը նաև «Ծառուկյան» դաշինքին և անձամբ  Ծառուկյանին քաղաքական «կսմիթ» հասցնելու նպատակ է հետապնդում: Ակնարկելով Սարգսյանին կողմ քվեարկելու ցանկություն ունեցող այլ պատգամավորների մասին, որոնք վերջին պահին կարող են անակնկալ մատուցել, Աբրահամյանը փորձում է ցույց տալ, որ Ծառուկյանը չի տիրապետում դաշինքում ստեղծված իրավիճակին: Իրականում այս պնդումը որևէ քննադատության չի դիմանում, քանի որ հասկանալի է՝ Դաշինքը միասնական դիրքորոշում է ցուցաբերելու վարչապետի քվեարկության օրը, իսկ թե ինչպիսին կլինի այդ դիրքորոշումը՝ կախված է միայն ու միայն Ծառուկյանի որոշումից:
Այս ամենը քաջ գիտակցում է նաև վերջին շրջանում «մեսիջներով» իշխանությունների հետ շփվող Աբրահամյանը: Պարզապես, քաղաքական ինտրիգների մեծագույն վարպետը բոլորից լավ է հասկանում, որ ստվերում մնալով՝ վերջնականապես է անցնելու պատմության գիրկը, և փորձում է օգտագործել ցանկացած առիթ՝ Սարգսյանի բարեհաճությունը շահելու համար, քանի որ ուզենք-չուզենք՝ առաջիկա տարիներին քաղաքական գործընթացները ղեկավարվելու են մեկ մարդու կողմից, եւ այդ մարդը Սերժ Սարգսյանն է: Իհարկե, Աբրահամյանին չի հաջողվել թոթափել նեղացածությունը «Մայր գետից», ինչպես այն «աստղային ֆուտբոլիստները», որոնք խիստ վրդովվում են, երբ մարզիչն իրենց առաջին խաղակեսից հետո փոխարինում է: Բայց այսօր նախկին վարչապետն այն վիճակում չէ, որպեսզի բացահայտ արտահայտի իր նեղսրտած լինելը: Նա ցանկանում է օգտագործել իր և որդու համար եթե ոչ պաշտոն, ապա առնվազն տնտեսական երաշխիքներ կորզելու՝ գուցեև վերջին շանսը: Իսկ այդ երաշխիքների կարիքը Աբրահամյանն ունի ավելի, քան երբեք: Աբրահամյաններն արդեն իսկ վաճառել են «Արտֆուդ» ընկերությունում իրենց 50 տոկոս բաժնեմասը, գազալցակայանները: Ավելի վաղ տեղեկություն հրապարակվեց, որ Սամվել Ալեքսանյանն էլ գնել է Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան, որը նույնպես պատկանում էր Աբրահամյաններին:
Շատերի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակում Աբրահամյանին որոշակի հույսեր են ներշնչել Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցներից մեկում հնչեցրած միտքը նախկին պաշտոնյաների վերադարձի մասին: Սակայն ակնհայտ է, որ Սարգսյանի մեսիջը վերաբերվում էր նրանց, ովքեր ռեժիմին կարող են ինչ-որ բան առաջարկել: Հովիկ Աբրահամյանը չունի այս ռեսուրսը և հնարավորությունները և ինքն է այժմ հայցողի դերում: Իրականում, Սերժ Սարգսյանին հաջողվել է քաղաքական դաշտում այնպիսի դասավորություն մտցնել, որ Հովիկ Աբրահամյանի կապերն ու հնարավորություններն ընդհանրապես կուսակցությանը պետք չլինեն և Աբրահամյանն ընդհանրապես դուրս մնա իշխանության վերին շրջանակին նույնիսկ մոտ գտնվելու հնարավորությունից։ Նախկին վարչապետը չի կարող չգիտակցել, որ մի բան է ձիու վրա լինելը, մեկ այլ բան՝ առանց ձիու «վտակներով քայլելը»…
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *