Դատարկվում է հայրենիքս

արտ

Վերցնում եմ վերնաշապիկս: Ծալում: Տեղավորում պայուսակում: Հետո մեկն էլ: Հետ մյուսն էլ…

Հատիկ-հատիկ շորերս եմ խցկում արդեն պայթելու չափ լցված պայուսակիս մեջ ու ձեռքերիս մեջ եմ առնում էմոցիաներով պայթելու չափ լցված գլուխս…

Երբևէ փորձե՞լ եք անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ: Բարդագույն խնդիր է: Փորձեք: Սեփական «ես»-ին չխաբելու համար կամքի մեծ ուժ է հարկավոր, որն ունեն ոչ բոլորը…

Ես էլ չունեմ ու չունեն շատերը, որ իրենք իրենց համոզելով, թե արտերկրում երկնքից մանանա է թափվում, կապել են ճամպրուկներն ու լքել հայրենիքը:

Մենք հեռանում ենք, դատարկվում է երկիրս:

Օր չկա, որ լեփ–լեցուն մի մեքենա կամ ինքնաթիռ հավերժ չտանի տասնյակ անձանց, ովքեր գնում են երազած երկրում ապրելու հույսով, բայց դառնում կարոտի ու անհայրենիք ապրելու մտքով տապակվող գերի:

Յուրաքանչյուր մեկնող էլ մի պատճառ գտնում է ու համոզում ինքն իրեն, որ դա էր լավագույնը:

Օրինակ՝ օրերս տեղեկացանք, որ ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում խոշտանգված ծերունիների զավակը հեռացել է այստեղից՝ գնացել է կնոջ ու երեխաների հետ ու այլևս վերադառնալ չի ցանկանում:

«Չէ: Էլ վերադառնաս, ի՞նչ անես»,- Գագիկ Խալափյանի՝ սպանվածների որդու խոսքերն են՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, թե հնարավո՞ր է՝ վերադառնան…

Նա գնաց ու գնաց ոչ մենակ, տարավ իր հետ կնոջն ու 6 զավակին, որ վաղվա մեր ապագան էին:

Միգուցե մեր շարքերը լքեցին ապագա գիտնականներ ու մարզիկներ, որ ողջ աշխարհին կարող էին պատմել փոքրիկ Հայաստանի մասին…

Իսկ պատմելու շատ բան կա, որ երբեք դրսում չենք ասի:

Չենք ասի, որ մեր կողքին կան շատերը, որ հացին «կակա» են ասում, որ մսով ապուր ուտելը տոն է, որ անջրանցիկ կոշիկ հագնելը՝ բաղձալի երազանք, որ…. Դրսում այս մասին չենք խոսում: Ամոթ է:

Երևի թե հետո ստիպված չստելու համար էլ գնացին: Իսկ միգուցե մնային ու միասին շենացնեինք երկիրը:

Չէ, դրսի կյանքը միշտ լուսավոր է մեզ թվում, մենք սիրում ենք երկիրը դատարկել ու դատարկել հոգիները մեր…

Իսկ գնալ պետք չէ: Պետք է հատիկ-հատիկ հետ հանել շորերը մեր, տեղադրել պահարանում, վերադասավորել իրերը, վերադասավորել մտքերը ու ապրել որպես լիարժեք քաղաքացի. մենք խամաճիկներ չենք:

Անի Սահակյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *