«Կառավարելի քաո՞ս», հեղափոխությո՞ւն, թե՞ սերնդափոխություն

0

Գազի և էլեկտրաէներգիայի սակագները կնվազեն:Դա տեղի կունենա հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին և էական նշանակություն կունենա ոչ միայն սոցիալապես անապահով խավերի համար, այլ նաև բիզնեսի որոշ ճյուղեր խրախուսելու առումով: Սա լինելու է իշխանության հիմնական հաղթաթուղթը խորհրդարանական առաջիկա ընտրություններում: Սակայն Սերժ Սարգսյանի շրջապատում իրատես են և գիտեն, որ նույնիսկ այս քայլը բավարար չէ ընտրություններում հաջողություն արձանագրելու համար: Պատահական չէ, որ այս օրերին Բաղրամյան 26-ում մշակվում են ընտրական գործընթացը վերահսկելի դարձնելու, հանրային կարծիքը մանիպուլացնելու տեխնոլոգիաներ: Իշխանության վերարտադրությունը կամ դրան միտված տեխնոլոգիաները չեն ամփոփվում մեկ միասնական փաստաթղթում կամ ծրագրում: Խոսքը քաղաքական և ադմինիստրատիվ քայլերի համակարգի մասին է, որի կարևոր դրսևորումները պետք է դառնան իշխանության վերահսկողության տակ գտնվող էլեկտորատի կոնսոլիդացիան, դիմադրության կենտրոնների չեզոքացումը, անաղմուկ ընտրությունների անցկացումը և հետընտրական ցնցումների բացակայությունը: Միայն այս ճանապարհով է հնարավոր ապահովել իշխանության վերարտադրության լեգիտիմությունը: Դրան է ուղղված «կառավարելի քաոսի» մարտավարությունը, որի նպատակն ընդդիմության վերահսկումն է՝ այն արհեստականորեն բազմաշերտ դարձնելու և փոշիացնելու միջոցով: 

Գործող ընդդիմությունը մեծ հաշվով խաղում է հենց իշխանության կանոններով, որովհետև խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունները ներքուստ համոզված են, որ հանրային վստահության ռեսուրսից զուրկ են և ապագա խորհրդարանում կարող են հայտնվել միայն Բաղրամյան 26-ի «բարեհաճության» դեպքում: Փոքրաթիվ քաղաքական ուժերը, որոնք դուրս են նախագահական նստավայրի վերահսկողությունից, ընտրարշավին մոտենում են իրենց դարն ապրած մեթոդոլոգիայով և գործիքակազմով: Ըստ էության՝ գործող ընդդիմությունը տեղավորվում է իշխանության պրոեկտներում:

«Սասնա Ծռեր»-ի հրապարակած իշխանափոխության «ճանապարհային քարտեզը» առայժմ միակ իրական հակակշիռն է իշխանություների վերարտադրության ծրագրին: «Ճանապարհային քարտեզը» քաղաքական փաստաթուղթ է բովանդակության մեջ, սակայն դադարում է այդպիսին լինելուց, երբ մերժվում է ընտրությունների գաղափարը՝ շեշտը դնելով ապստամբության վրա:  

Ակնհայտ է, որ երկրում ոչ մի ապստամբություն և հեղափոխություն չի էլ լինելու, բայց «Սասնա Ծռեր»-ի ակտիվացումը կարող է մեր հասարակության ակտիվ զանգվածի մի մասին ավելի օտարել ընտրական գործընթացից, ակամայից նպաստելով իշխանության ծրագրերի անցում ռեալիզացիային: Առհասարակ, համաշխարհային փորձով հաստատված իրողություն է, որ էությամբ ազնիվ, բայց արմատական ուժերը, իրենց կամքից անկախ, դառնում են իշխանությունների դաշնակիցը կամ այն գործիքը, որի միջոցով արտաքին ուժերը ապակայունացնում են երկրի վիճակը:

Այսպիսով՝ նախընտրական փուլի մեկնարկին պատրաստ է միայն իշխանությունը և վիճակն իսկապես անհույս է թվում: Մյուս կողմից՝ պետք է կարողանանք պրագմատիկ ձևակերպել սպասումների այն նշաձողը, որ ունենք առաջիկա ընտրություններից: Եթե դրանք հարթակ դառնան որակապես նոր ուժի, նոր գործիչների կայացման և նոր գաղափարների գեներացման համար, ապա ընտրական ցիկլը կարելի հաջողված համարել՝ եթե նույնիսկ 2017-ը դառնա ոչ թե իշխանափոխության, այլ քաղաքական սերնդափոխության մեկնարկի խորհրդանիշ:

Սարգիս Հակոբյան 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *