«Սասնա ծռերի» անդամի փաստաբանը ահազանգում է դաժան վերաբերմունքի մասին

default«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբանն ահազանգում է իր աշտպանյալի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։

Փաստաբան Հայարփի Սարգսյանը Facebook-ում գրառում է արել, որում նշել է. «Դեկտեմբերի 25-ին կրկին այցելեցի Հովհաննես Հարությունյանին, ով գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, նա արդեն սթափ վիճակում է, նրա հիվանդասենյակը շատ ցուրտ է, այնքան, որ ձեռքերս ձեռնոցներիս մեջ սառչել էին, հեռուստացույցի ալեհավաքը չկար:

 Իր անձնական իրերից շատ բաներ անհետացել են, այդ թվում՝ հիգիենայի պարագաներ, սառնարանը դեռ միջանցքում է՝ «մաքրելու» նպատակով, վարագույրը պոկված է արդեն 16 օր, պատուհանից սառն է փչում, չի սնվում, հիվանդասենյակը չեն բարեհաճում մաքրել, սպասքը չեն լվանում, երեւի մոռանում են, որ դա հիվանդանոց է, եւ այդտեղ պիտի բուժվեն, այլ ոչ թե հիվանդանան այնպես, ինչպես Հովհաննեսը, ով գիշերները ոտքի ցավից չի քնում, սիրտը ցավում էր, մրսել էր, հիվանդասենյակի լույսը շուրջօրյա միացված է այն դեպքում, երբ ինքն անգամ գիշերը չի սիրում լույսը միացված: Արտաքին աշխարհից այնքան է կտրված, որ անգամ ամսաթիվը չգիտի: Ես, բնականաբար, չեմ կարող ամբողջ օրը ֆիզիկապես գտնվել Հովհաննես Հարությունյանի կողքին, հետեւաբար, չեմ կարող տեսնել, թե ովքեր են իրեն այցելում:

Թե ինչպիսի ճնշումներ են գործադրվում հիմա եւ որ ժամերին, առայժմ հայտնի չէ, միայն հայտնի է այն, որ դեռեւս 12.12.2016թ. հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, սակայն մինչ օրս որեւէ քայլ չի ձեռնարկվում:

Այս ամենը ես դիտարկում եմ միտումնավոր քայլեր պետության կողմից, որոնք ուղղված են Հովհաննես Հարությունյանի առողջության եւ կյանքի անվտանգության դեմ»,- նշել է Հայարփի Սարգսյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *