Խորամանկ օրինագիծ՝ ապօրինի հարստացողների համար

8de0c72e775da279dd3e2d206c321737Կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության, շատ հնչեղ անվանումով օրենքի նախագիծ է բերել ԱԺ, որն ընդունելու դեպքում հունիսի 1-ից կմտնի ուժի մեջ։ Խոսքն «ապօրինի հարստացումը քրեականացնող» օրինագծի մասին է։ Օրենքի տրամաբանությունը՝ կարճ ձեւակերպմամբ, հետեւյալն է․ այն պաշտոնյաները, որոնք օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրենց հայտարարագրում օրինական եկամուտներից զատ կունենան ավել գումար եւ չեն կարողանա ապացուցել, թե որտեղից այդ գումարը, կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ պաշտոնից ազատվելուց ընդհուպ ազատազրկում։ Սրա համար սահմանվել է նաեւ շեմ․ մինչեւ 5 միլիոն դրամ «կասկածելի» եկամտի դեպքում՝ այլ պատասխանատվություն, 5 միլիոն դրամից ավելիի՝ այլ։ Այսինքն՝ համապատասխան մարմիններն սկսելու են գնալ այդ գումարների հետքերով, փորփրել ու հայտնաբերել այդ եկամուտների ծագումը, ու Աստված չանի՝ տվյալ անձը չկարողանա օրինական հիմք ներկայացնել, թե որտեղից իրեն իր աշխատավարձից կամ այլ օրինական եկամուտներից զատ ավել գումարը։ Առաջին հայացքից թվում է, թե սա մի աննախադեպ հակակոռուպցիոն օրինագիծ է՝ դեմոկրատիայի ձգտող եւ կոռուպցիայի դեմ մարտի ելած՝ հանուն մեր երկրի։ Եթե ապօրինի հարստացողները ենթարկվեն քրեական պատասխանատվության, անմիջապես մտածում ես՝ հիմա բոլոր միլիոնատեր նախկին ու ներկա պաշտոնյաներին մեր իրավապահ մարմինները հանելու են կախաղան, կամ առնվազն բանտերը լցվելու են կոռումպացված չինովնիկներով։ Բայց ոչ, նախագծի միայն անունն է հնչեղ, բովանդակությունն իր մեջ բավականին խորամանկ նյուանսներ է պարունակում, որը փորձեցին բացահայտել նախ պատգամավորները, ապա՝ լրագրողները։ Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, սակայն, իր պատասխաններով կախաղանից իջեցրեց կոռումպացված չինովնիկներին եւ ազատեց նրանց ճաղավանդակներից՝ ըստ էության հիասթափեցնելով պատժված չինովնիկ տեսնելու մոլուցք ունեցողներին։ Տիկին նախարարը նախ օրինագիծը քննադատող ընդդիմադիրներին ակնարկներով մեղադրեց նախընտրական շրջանում քաղաքական դիվիդենտներ կորզելու մեջ։ Իսկ ընդդիմադիրներն առաջարկում էին հետադարձ ուժ տալ այս օրենքին՝ մտավախություն հայտնելով, որ հակառակ դեպքում օրենքը հնարավոր է շրջանցել եւ խուսափել պատասխանատվությունից։ Բայց նախարարը մերժեց հետադարձ ուժի գաղափարը։ «Ես համամիտ չեմ այդ ձեւակերպումներին, որովհետեւ դահլիճում էլ ասացի, որ մենք ամեն ինչից խոսում ենք, եւ երեւի թե դա բնական է, որովհետեւ քաղաքական ամբիոն է, քաղաքական դիվիդենտներ պիտի բերվեն, չմոռանանք նաեւ, որ առջեւում ընտրություններ են, եւ դա լրացուցիչ էմոցիա կամ էքսպրեսիա է դնում յուրաքանչյուրի խոսքի մեջ»,-ասաց նա՝ նշելով, որ ապօրինի հարստացման շրջանցման մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ ապօրինի հարստացումը շղթայի փակող օղակն է։ Ըստ նրա՝ մենք ընդամենը խոսում ենք։ Մենք նկատեցինք, որ կարելի է նույնկերպ իրենց քննադատել նախընտրական այս շրջանում նման հնչեղության նախագիծ բերելու մեջ, որպեսզի ժողովրդին հաճոյանան եւ նախընտրական դիվիդենտներ փորձեն կորզել։ Ինչո՞վ պետք է համոզեն, որ այդ նպատակով չեն բերել այս օրինագիծը հենց հիմա։ «Ես ոչ մեկի ոչինչ չեմ ուզում համոզել, անկեղծ ասած, ու ես նաեւ չակնարկեցի, որ իրենք նախընտրական շրջանի համար են դա խոսում։ Ես ոչ մեկի չեմ մեղադրի, բայց ես կասեմ մեր դրդապատճառներն ու շարժառիթները․ դրանք ամենեւին չեն եղել նախընտրական։ Գուցե քննարկման պահը, ժամանակահատվածը համընկնում է, բայց դուք էլ գիտեք՝ քանի ամիս է, որ այս մասին խոսում ենք, էնպես չէ, որ մենք երկու օր առաջ սկսեցինք խոսել եւ արագ-արագ բերեցինք Ազգային ժողով։ Էդպես չի եղել»։ Իսկ գուցե հաշվարկե՞լ էին, որ քննարկման ժամանակահատվածը հենց այս՝ նախընտրական շրջանի հետ կհամընկնի։ Նախարարը վստահեցրեց, որ իրենք ավելի կարեւոր գործեր ունեն անելու, քան նման հաշվարկներ կատարելը։ Ինչեւէ, փորձեցինք տիկին Հովհաննիսյանից լրացուցիչ մեկնաբանություններ ստանալ՝ հասկանալու համար որոշ նրբերանգներ։ Օրինակ, եթե այսօրվա բարձրաստիճան պաշտոնյան, որը մի քանի հարյուր միլիոն դոլար գումար ունի հայտարարագրած, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նորից նույն այդ միլիոնները հայտարարագրի, նրա եկամուտներն ստուգվելո՞ւ են։ Պարզվեց՝ ոչ։ «Եթե հայտարարագրման շրջանակներում կամ հայտարարագիր ներկայացնողների շրջանակներում կա եկամուտների անհամապատասխանություն, ապա «Ապօրինի հարստացման մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նախկին հայտարարագրին ուշադրություն չի դարձվելու, այսինքն՝ ապօրինի հարստացման շրջանակներում քրեական գործ չի կարող հարուցվել։ Բայց հետաքննություններ եւ այլն, մյուս բոլոր հոդվածներն ուժի մեջ են»,-ասաց նա, ապա ավելի բացեց միտքը․ «Եթե իր նախկին հայտարարագրի հետ տարբերություն տվեց, ուշադրության առարկա կդառնա, եթե նախկինն է հայտարարագրել, ոչ»։ Այսինքն՝ նախարարի միտքը հետեւյալն է․ պաշտոնյան կարող է այսօր ունենալ, օրինակ, 200 միլիոն դոլար, որը հայտարարագրված է, բայց նրա օրինական եկամուտները՝ աշխատավարձ եւ այլն, ենթադրենք, տարեկան ընդամենը 10 մլն․ դրամ են։ Եվ եթե նա օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հայտարարագրում է կրկին իր 200 միլիոն դոլարն ու տարեկան 10 միլիոն դրամը, դա նորմալ է, ոչ ոք նրան չի հարցնի՝ որտեղի՞ց քեզ 200 միլիոն դոլար։ Բայց եթե օրենքն ուժի մեջ մտնելուց, օրինակ, մեկ տարի հետո նա իր նախկին հայտարարագրում նշված այդ նույն 200 միլիոն դոլարից ու իր 10 մլն․ դրամից զատ հայտարարագրել է ավել գումար, ուրեմն նրան կհարցնեն՝ որտեղի՞ց քեզ այդ լրացուցիչ գումարը։ Ասել է թե՝ համապատասխան մարմինների մոտ կարող է կասկած առաջանալ, որ գուցե պաշտոնյան այդ ավել գումարն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, մինչեւ հայտարարագրի լրացման օրը, ապօրինի ճանապարհով է վաստակել։ Օրենքի այս փիլիսոփայությունը հիանալի հնարավորություն է ստեղծում մինչեւ հիմա ապօրինի հարստացած պաշտոնյաներին պահպանել իրենց միլիոնները՝ առանց պատասխանատվություն կրելու։ Ճիշտ է, կարող է այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նրանք՝ այդ կոռումպացված չինովնիկները, այլեւս նման «չարություններ» չանեն եւ որոշեն իրենց կյանքի մնացած մասն ազնիվ աշխատանքով վայելել նախկինում անազնիվ ճանապարհով կուտակած միլիոնները, բայց կարող են նաեւ շարունակել ապօրինի հարստանալ եւ այդ գումարներն ուղղակի չարտացոլել իրենց հայտարարագրում։ Օրինակ՝ նախկին միլիոններից մի քիչ ծախսեն, հետո նոր միլիոնները դնեն ծախսածի տեղն ու ներկայացնեն այն հայտարարագիրը, որը մինչ այդ ունեցել են։ Ո՞վ եւ ինչպե՞ս է ստուգելու։ Նման հնչեղ անվանումով նախագիծը այսպիսի հիասթափեցնող լուծումներով հանրության դատին ներկայացնելը եւս մեկ անգամ ապացուցում է իշխանությունների կամքի ուժի չափը։ Պարզ է, որ իշխանությունները չեն պատրաստվում մի ձեռքով օրենք գրել, մյուս ձեռքով՝ իրենց դատել։ Այսինքն, անկախ նման օրենքների գոյությունից, դեռ երկար ժամանակ օդում կախված կմնան Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի, Սերժ Սարգսյանի, նաեւ այսօրվա շատ այլ գործող պաշտոնյաների միլիոնների մասին հարցերը, թե որտեղից մշտապես պետական պաշտոն զբաղեցրած այս անձանց միլիոնավոր դոլարների հասնող եկամուտ, շքեղ առանձնատներ եւ ճոխ մեքենաներ։ Կառավարությունն այս օրինագծի խորամանկ դրույթներով այդ անձանց ապահովագրել է այս հարցերի իրական պատասխանները տալու ծանր պատասխանատվությունից։ Ասել է թե՝ սույն օրենքով ավելի շատ օրինականացնում են ապօրինի հարստացումը, քան քրեականացնում։ Վահե ՄԱԿԱՐՅԱՆ Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *