Մուրադյան Սուրենը «կլուսավորի» Արմավիրի մարզը

timthumb

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները բավականին խոստումնալից են թվում։ Քաղաքական այս մրցապայքարում 9 կուսակցություն և 2 դաշինք կփորձեն հաղթահարել անցողիկ շեմն ու անցնել խորհրդարան։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ևս զտվելուց հետո որոշեց պայքարել այս ընտրություններում և, ըստ իրենց, լուսավորել Հայաստանը։

Ի թիվս այլ թեկնածուների՝ Արմավիրի մարզում կփորձի «լուսավորել» նաև ռեյտինգային թեկնածու Մուրադյան Սուրենը։

Հոկտեմբերի 21-ի՝ Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների առիթով ևս զրուցել էինք Մուրադյանի հետ՝ իր տեսակետները լսելու քաղաքի զարգացման վերաբերյալ։ Թեպետ այս թեկնածուն ծանրակշիռ թվով ձայներ հավաքեց, սակայն քաղաքապետ ընտրվեց Դիանա Գասպարյանը։

Մուրադյան Սուրենն այս անգամ պատգամավորի թեկնածու է. քաղաքապետ չընտրվելուց հետո փորձում է իրեն քվե վստահած մարդկանց տրված խոստումները գետնով չտալ և տեր կանգնելով իր ձայներին՝ անցնել խորհրդարան՝ այնտեղ էլ շարունակել իր աշխատանքը։

-Ինչո՞ւ հենց «Լուսավոր Հայաստան»:

-Ես անկուսակցական եմ, բայց ընտրություննեերին գնում եմ «Լուսավոր Հայաստան»-ի հետ, քանի որ այս կուսակցության հիմքում ընկած է լիբերալիզմը։ Կուսակցության ներսում այսօր տիրում է ներքին ժողովրդավարություն, այստեղ յուրաքանչյուր թիմակից իր տեսակետն ունի, որը հարգվում է և դրվում քննարկման, թիմն այսօր ամուր է, որի արդյունքում էլ ձեռք է բերել ժողովրդի կոողմից մեծ վստահություն:

«Լուսավոր Հայաստան»-ն ազատական, առաջադիմական լուծումների և բարեփոխումների միջոցով զարգացմանը միտված կուսակցություն է: Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ՝ նպատակ։

-Պարո՛ն Մուրադյան, վերջերս Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում ստացաք շուրջ 4,000 քվե, ի՞նչ ակնկալիք ունեք այսօր, շա՞տ բան փոխված կլինի։

-Ես լավատես եմ և ինքնավստահ։ Խորհրդարանական ընտրություններն ավելի լայն հնարավորություն են տալիս, որպեսզի տարբեր համայնքներից միասին ավելի շատ ձայներ ստանամ։

Այսօր, իրականում, մրցակցությունը թեժ է, մարդիկ ունեն ընտրության լայն հնարավորություն և, չնայած առկա դժվարություններին, մեծ հույս ունեմ, որ հաղթական արդյունք եմ գրանցելու։

Թեկուզ այս ընտրությունները մի փոքր հապշտապ են կազմակերպվում, բայց կարծում եմ՝ ժողովուրդը կհասկանա դրա չափազանց մեծ կարևորությունը և ակտիվ կմասնակցի պրոցեսներին։

-Որտեղի՞ց եք սկսելու քարոզարշավը և ինչպե՞ս եք այն կազմակերպելու։

-Քարոզարշավը սկսելու եմ Մայր Աթոռի մոտ գտնվող հատվածից, այնուհետև լինելու եմ յուրաքանչյուր համայնքում, զրուցելու եմ յուրաքանչյուրի հետ և պատասխանելու եմ ժողովրդի հարցերին, թե ինչու պետք է հենց ինձ ընտրեն։

-Իսկ ինչո՞ւ պետք է հենց Ձեզ ընտրեն։

-Իմ և «Լուսավոր Հայաստան»-ի գործունեությունն ուղղված է Հայաստանում աղքատության հաղթահարմանն ու սոցիալական բևեռացման նվազեցմանը, երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների ուսումնասիրմանը և լուծման նոր մեխանիզմների ներդրմանը, ստվերային տնտեսության վերացմանը և արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականության իրականացմանը, մրցունակ տնտեսական համակարգի ու աշխատատեղերի ստեղծման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության անկախությանը, մեր երկրի անվտանգության ապահովմանն ու միջազգային հեղինակության բարձրացմանը։ Եվ, ի վերջո՝ քաղաքական սերնդափոխությանը։

-Ասացիք քաղաքական սերնդափոխություն, ըստ Ձեզ, Դուք համապատասխանո՞ւմ եք այդ տրամաբանությանը։

-Իմ անունը մաքուր է, հետագիծս՝ նույնպես։ Ես չեմ եղել քաղաքական տարատեսակ խարդավանքների մեջ, մշտապես ձգտել եմ ապրել ազնիվ, արդար ուղիով։ Փորձել եմ ավագանու կազմում իմ աշխատանքով էջմիածնեցուն օգտակար լինել, այսօր ուզում եմ այդ նպատակիս համար ընդլայնել հնարավորություններս։

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *