«Մեր երկրի պրոբլեմն այն է, որ աթոռը գրկում- նստում են, չեն տեսնում՝ ինչ է կատարվում իրականում». գործարար

timthumbԳյուղատնտեսական վարկեր տրվում են շատերին, սակայն պետական համակարգը հետևողականություն չի ցուցաբերում, համապատասխան մոնիտորինգներ չի իրականցվում՝ պարզելու, թե արդյո՞ք նպատակային են օգտագործվել տրված վարկերը: «Միասնություն» համազգային շարժման կազմակերպած քննարկման ժամանակ  նման կարծիք է հայտնել Ջրառատ համայնքի բնակիչ, գործարար Արման Ղուկասյանը:

«Մոնիտորինգ չեն անում, որ տեսնեն՝ այդ մարդը, գործարարը ինչ է արել գումարը. արդյո՞ք ըստ նախատեսվածի՝ ջերմոց է կառուցել, կամ մշակում կազմակերպել, երբեմն պատահում է՝ գումարները ծախսվում են այլ կերպ և շահույթ, բնակաբար, չի ստանում, չի կարողանում վարկերը մարել՝ արդյունքում տուժում են երաշխավորները»,- ասաց նա:

Արման Ղուկասյանի կարծիքով՝ «մեր երկրի պրոբլեմն այն է, որ աթոռ շատ են սիրում, որ մեկին պաշտոն են տալիս, այդ աթոռը գրկում-նստում է ու դուրս չի գալիս հասարակության մեջ, որ տեսնի՝ ինչ է կատարվում իրականում»:

Գործարարի խոսքով՝ բազմաթիվ են խնդիրները՝ գյուղացի-բանկ փոխհարաբերություններում: Մասնավորապես, մարդիկ լավ չեն տիրապետում վարկային պարտավորություններին, երբեմն այդպես անտեղյակ էլ, առանց փաստաթղթերին ծանոթանալու՝ վարկեր են վերցնում, հետո անակնկալի են գալիս, տեսնելով, թե ինչ փաստաթղթի տակ են ստորագրել.

«Մի դափոն թուղթ են տալիս ու ասում են՝ ստորագրի: Երբ ուզում ես կարդալ և ծանոթանալ պայմանագրին, ասում են՝ «արագացրեՙք, Ձեզ նման որ բոլորը կարդան, ու՞ր կհասնենք»: Խեղճ գյուղացին չի հասկանում՝ գնա բերքը մշակի՞, թե՞ բանկի գործերով զբաղվի: Հսկողություն՝ բացարձակ չկա, խնդրին լուծում տրվում է միայն այն ժամանակ, երբ ասում ես՝ վարչապետի մոտ կմտնեմ»,- իր խոսքը եզրափակելով, նշեց Արման Ղուկասյանը:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *