«Մանչեսթեր Յունայթեդի» գերխնդիրը

e6b5fdbc20d85b18dc97dc6738ba7903Դեկտեմբերի 14-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրում հանդիպեցին «Կրիստալ Փելեսը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»: Ինչպես գիտենք, Պրեմիեր լիգայում Կարմիր սատանաների գործերն այդքան էլ լավ չեն: Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարում է, որ գոնե հայտնվի ու հիմնավորվի առաջին քառյակում, ինչը մեծ ավանդույթներ ունեցող, միշտ հաղթողի հավակնություններով վառվող ակումբի համար վատ ցուցանիշ է: Երբ «Մանչեսթեր Յունայթեդին» հրաժեշտ տվեց Վան Գալը, եւ գլխավոր մարզիչ նշանակվեց Ժոզե Մոուրինյոն, երբ նրա ցանկությամբ ու պահանջով գնվեցին Պոգբան, Զլատանը, Մխիթարյանը եւ այլ հայտնի ֆուտբոլիստներ, իհարկե, սպասումներն ահռելի էին: Սակայն Մոուրինյոն՝ հենց ինքը, կարելի է ասել, դեռ իր տեղը չի գտել ակումբում: Մինչեւ վերջերս Ժոզեի համար յուրաքանչյուր հանդիպում եւս մեկ առիթ էր, որպեսզի վերստին ձեւափոխեր հիմնական կազմը: Այս չափազանց երկար տեւած փորձարարությունների շքերթը կարծես ավարտվեց այն պահից սկսած, երբ Հենրիխ Մխիթարյանը, փայլուն խաղ ցուցադրելով, առաջ մղեց իր ակումբին եւ հաստատվեց հիմնական կազմում: Երեկ «Կրիստալ Փելեսի» դեմ հանդիպումը վկայեց, որ այս պահի դրությամբ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» համար պարզապես անփոխարինելի ֆուտբոլիստ է: Եվ, ահա, հենց բացակայում է Մխիթարյանը, թիմն ամբողջովին կորցնում է արագությունը, միտքը, կենտրոնում խաղը կառուցելու, հակագրոհներ նախապատրաստելու ձիրքը: Ոչ Մատան, ոչ Ռունին, ոչ էլ անգամ Պոգբան, որը գուցե լավագույնն էր խաղադաշտում, ի զորու չեն իրականացնել այն գործառույթները, որոնք լիարժեքորեն աշխատեցնում է Հենրիխ Մխիթարյանը: Սա փաստ է, որի հետ արդեն կատարելապես հաշվի է նստում Ժոզե Մոուրինյոն: Սակայն, ինչ խոսք, մեծ հավակնությունների ձգտող ակումբը պիտի կախված չլինի ընդամենը մեկ ֆուտբոլիստի խաղից: Այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» գերխնդիրը թիմային խաղ ստանալն է: Եթե Կարմիր սատանաները «Կրիստալ Փելեսին» հազիվհազ, մեծ դժվարությամբ են հաղթում, նշանակում է, որ մոտ ապագայում մի քանի գլուխ բարձրակարգ թիմերի հետ բախումներն իսկապես կարող են տխուր վերջաբաններով ավարտվել: Ժոզե Մոուրինյոն պիտի արագորեն մի քանի լրջագույն խնդիրներ լուծի: Նախեւառաջ Պոլ Պոգբայի խնդիրը: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Պոգբան խաղադաշտում ոչ թե ֆուտբոլի մասին է մտածում, այլ մտածում է, թե ինքը որպես աստղ ինչ տեսք ունի, ինչպես է դիտվում, երբ խաբս է տալիս երկու հոգու, որից հետո գրեթե միշտ կորցնում է գնդակը: Լինում են հանդիպումներ, երբ Պոգբան մենմենակ փչացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» ողջ խաղը․ ստանալով գնդակը, անվերջ ինքնասիրահարվածության մեջ, մի ակնթարթում պարզապես կոտրում է սրընթաց գրոհների մեջքը, տարվում անհատական խաղով ու նորից կորցնում գնդակը: Մոուրինյոն սրա մասին լրջորեն պիտի մտածի եւ, ինչու չէ, Պոգբային մի երկու խաղ նստեցնի պահեստայինների նստարանին, որպեսզի տղան վերջիվերջո ուշքի գա, թոթափի ինքնասիրահարվածության փոշին: Հաջորդ խնդիրը: «Մանչեսթեր Յունայթեդի» համար կարծես ժամանակն է՝ ունենալ գոնե մեկ հիմնական կազմ, որն առաջնությունների ընթացքում որքան էլ փոփոխությունների ենթարկվի, այդուհանդերձ, փոփոխությունները տեղի ունենան, հավաքվեն միեւնույն կարկասի վրա: «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը դիտելիս այնպիսի տպավորություն ես ունենում, ասես ֆուտբոլիստները ժամեր առաջ են միմյանց հանդիպել ու միասին երբեք չեն էլ խաղացել… չեն ճանաչում, չեն զգում իրար: Ակներեւ է՝ թիմային խաղի բացակայությունը գոնե այս պահին դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր ախտերից մեկը: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *