Կարապետյանը՝ սիմվոլ, Աբրահամյանը՝ գործազուրկ

ka8

Ինչ բան է կյանքը: Դեռ մի քանի օր առաջ Հովիկ Աբրահամյանն ամենակարող վարչապետ էր, ով չէր հերքում իշխանության սանդղակում ավելի բարձրանալու իր ցանկությունը: Աբրահամյանի համար վարչապետությունը եղել է ձգտում, քաղաքական նպատակ, բայց նաև միջոց, որի շնորհիվ նա փորձում էր դառնալ Սերժ Սարգսյանի ժառանգորդը:

Սահմանադրական փոփոխություններն ամեն բան փոխեցին և ստացվեց այնպես, որ Հ. Աբրահամյանի ամբիցիաները բախվեցին սեփական իշխանությունը վերարտադրելու Ս. Սարգսյանի սկզբունքային որոշմանը: Դա էլ մեծ հաշվով կանխորոշեց Աբրահամյանի պաշտոնանկությունը:

Նա ոչ միայն պաշտոն կորցրեց, այլ քաղաքական կշիռ, ադմինիստրատիվ ազդեցություն: Մի քանի օրում Հ. Աբրահամյանը կորցրեց համակարգը վերահսկող ռեսուրսները: Լավագույն դեպքում նա հիմա մի գործիչ է, ով կարող է մնալ Ս. Սարգսյանի թիմում՝ առանց ավտոնոմ ամբիցիաների ու ինտրիգների:

Պատահական չէ, որ երեկ ՀՀԿ խորհրդի նիստում նա լսեց միայն շնորհակալություններ, առանց կոնկրետ առաջարկի, որն իր մեջ քաղաքական հեռանկարի ինչ-որ էլեմենտ կպարունակեր:

Հ. Աբրահամյանի հեռացմամբ խաղից դուրս հայտնվելու վտանգի առաջ է հայտնվել քրեաօլիգարխիկ համակարգը: Եթե դա վտանգ է այդ համակարգի, ապա շանս է պետության, նրա զարգացման համար:

Նախագահ Ս. Սարգսյանը նոր վարչապետից՝ Կարեն Կարապետյանից ակնկալում է քաղաքական և տնտեսական բարեփոխումներ, դրանց իրականացման արագություն, տեմպ: Ի՞նչ է հակադրելու քրեաօլիգարխիային Կ. Կարապետյանը: Վարքագծային կանոններով նա արևմտյան արժեհամակարգի կրող է, ֆունկցիոնալ պատկանելության առումով՝ եվրասիական: Գուցե առկա է կոնտրաստ, բայց այդպիսին է Կարեն Կարապետյանը: Արդյո՞ք նրա մոտ կգերակայի արևմտյան քաղաքակրթությունը, թե՞ չափազանց մեծ է նրա կենսագրության «գազպրոմային» կնիքը: Ի՞նչ է Կարապետյանի համար վարչապետի պաշտոնը՝ բարձորակ մենեջերի դրսևորման նոր միջավայր, թե՞ քաղաքական ամբիցիաների ներկայացման հայտ:

Այս հարցերի պատասխաններն անհայտ են: Սարգսյանը ցանկանում է իշխանությանը նոր, ավելի քաղաքակիրթ դեմք հաղորդել: Դրա համար նա գտել է կադրային իդեալական լուծում, որովհետև գոնե այս պահին Կարապետյանն ունի մասնգիտական որակներ, առանց տեսանելի քաղաքական հավակնությունների:

Մասնագիտական, բարոյական որակներով նա գերազանցում է Աբրահամյանին: Գուցե ժամանակի ընթացքում այդ որակները ծնեն քաղաքական հավակնություններ: Ի դեպ, առանց դրանց որևէ վարչապետ չի կարող ապամոնտաժել քրեաօլիգարխիկ համակարգը, իրականացնել համակարգային բարեփոխումներ:

Դրա օրինակը մենք ունենք: 1996-ի աշնանը տեսել ենք դեսպան Արմեն Սարգսյանի տպավորիչ մուտքը վարչապետական գրասենյակ  ու այնտեղից նրա անփառունակ հեռացումը ընդամենը վեց ամիս անց:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *