Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանով կհաղթի ընտրություններում, հետո «կհաղթի» Կարեն Կարապետյանին

0

Մինչ ընդդիմությունը Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններում զբաղված էր ավանդական «ննվոցով», իշխանությունները փորձարկում էին նոր տեխնոլոգիաներ, որոնք պահանջարկված կարող են լինել խորհրդարանական ընտրություններում։ Օրինակ՝ Գյումրիում հաջողությամբ փորձարկվեց համամասնական ընտրությունները ոչ թե կուսակցության, այլ կոնկրետ անձի շուրջ կառուցելու տեխնոլոգիան ու շատ հավանական է, որ այն կիրառվի նաեւ համապետական ընտրություններում։

Այնքան էլ սկզբունքային չեմ համարում՝ Կարեն Կարապետյանը կանդամակցի՞, թե՞ ոչ ՀՀԿ-ին, որովհետեւ ակնհայտ է, որ հենց նա է լինելու այս կուսակցության կենտրոնական դեմքը առաջիկա ընտրություններում։ Սերժ Սարգսյանը որեւէ պարագայում չի գնա ՀՀԿ համամասնական ցուցակն առաջնորդելու քայլին՝ առնվազն երկու պատճառով։ Նախ՝ նրա անձը խորհրդարանական ընտրություններին ինքնաբերաբար կհաղորդի նախագականի բնույթ՝ առաջացնելով ընդդիմության լայն կոնսոլիդացիա՝ իշխանափոխության պլատֆորմով։ Եվ երկրորդ՝ քաղաքական առումով կզրոյացվի կառավարման բարեփոխման կամ դրա իմիտացիայի այն գործընթացը, որի ականատեսն ենք այս օրերին։

Համակարգը հանրությանը պետք է ներկայանա նոր դեմքով, կատարված որոշակի աշխատանքով եւ պոպուլիստական չափավոր խոստումներով։ ՀՀԿ վերնախավում քրեաօլիգարխիայի հետ չի նույնանում միայն Կարեն Կարապետյանը. նրա անվան հետ է կապված «էժան գազ» օպերացիան։ Հենց վարչապետն է գլխավորելու իշխանության համամասնական ցուցակը ու շատ հնարավոր է՝ նա ցանկանա կրկնել Գյումրու նախադեպը։ Այսինքն, որոշի նույնիսկ ֆորմալ առումով իր անունը չկապել ՀՀԿ-ի հետ, այլ այդ կուսակցության հենքի վրա ստեղծի դաշինք, որն անձնապես կարող է ասոցացվել կամ վարչապետի անվան, կամ՝ նրա հետ նույնացվող քաղաքական որեւէ նշանի հետ։ Սա միանգամայն հնարավոր տարբերակ է, սակայն սրանով ինտրիգը ոչ թե հանգուցալուծվում, այլ ավելի է սրվում։

Խորհրդարանական ընտրություններում Կարապետյանի առանցքային դերակատարությունը միանգամայն տեղավորվում է Սարգսյանի պլաններում՝ այն առումով, որ դա ամենաօպտիմալ լուծումն է իշխանության վերարտադրության ծրագրի առաջին մասն իրականացնելու՝ խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար։ Մյուս կողմից, եթե խորհրդարանական ընտրությունների հաղթանակն ասոցացվի Կարեն Կարապետյանի անձի հետ, չեղարկվում է Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության թեման։ Դժվար կլինի հիմնավորել, թե 2018թ-ին ինչու է իշխանությունից հեռացվոմ մի վարչապետ, ով հանդես է գալիս ռեֆորմիստի կարգավիճակով ու նաեւ հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում։

Այս պարագայում՝ Սերժ Սարգսյանի վարչապետական ամբիցիաները զուրկ կլինեն նույնիսկ քաղաքական լեգիտիմությունից։ Առայժմ՝ որեւէ հիմա չունենք մտածելու, որ 2018թ-ից հետո Սերժ Սարգսյանը մտադիր է «երիտասարդ թոշակառու» դառնալ, այսինքն՝ թողնել իշխանությունը։ Համենայն դեպս՝ 2013-2016 թթ.-ի նրա քայլերը՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցություն, կառավարման համակարգի փոփոխություն, ընդդիմության չեզոքացում, համակարգը «քաղաքակրթելու» քաղաքականություն, խոսում են ճիշտ հակառակի մասին։ Այսինքն՝ Կարեն Կարապետյանը կամ նախապես համաձայնել է օժանդակել Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու պլանին, կամ գործող նախագահին ու վարչապետը դաշնակիցներ են՝ առավելագույնը, մինչեւ 2018-ի ապրիլը: Առաջին դեպքում՝ Կարապետյանը «քաղաքական կամիկաձե» է, հակառակ պարագայում՝ պետք է ստեղծի սեփական քաղաքական թիմ, կամ դարձյալ մտածի Մոսկվայում եկամտաբեր աշխատանք գտնելու մասին։

Ի դեպ, Ալ Ջազիրային Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից հետո տրամադրությունների կտրուկ փոփոխություն է նկատվում նաեւ ՀՀԿ-ում։ Այստեղ խորհրդարանական ընտրոյթյունների հաջողությամբ պայմանավորում են ոչ թե Կարեն Կարապետյանի, այլ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռանկարը։ «Մեր խնդիրը 2017թ. ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելն ու վստահության քվե ստանալն է: Դրանից հետո, եթե հաղթի ՀՀԿ-ն՝ կոալիցիայով, թե առանց, Սերժ Սարգսյանը կանդրադառնա դրան, կուսակցությունը կորոշի նոր կառավարության կազմը, ծրագիրը: Այդքան պրիմիտիվ մի նայեք այս հարցին»,- երեկ երեկոյան, ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին ասել է կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ընդ որում, նա այս միտքը վերջին օրերին մի քանի անգամ է հնչեցրել՝ ավելորդ անգամ հստակեցնելով, որ իրենց օրակարգում բացառապես Սերժ Սարգսյանի քաղաքական ապագայի հարցն է։

Ստացվում է, որ Կարեն Կարապետյանը կարող է հաղթել խորհրդարանական առաջիկա ընտրությունները՝ Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգում ապահովելու համար։ Իսկ որպեսզի քաղաքական այս զավեշտն իրականություն դառնա, անհրաժեշտ է գործող վարչապետի ցուցակային առաջնորդությանը հաղորդել քաղաքական դեկորացիայի բնույթ։ Այսինքն, Կարապետյանը ՀՀԿ-ի կամ նրա առանցքով դաշինքի ցուցակը ղեկավարում է իշխանության «քաղաքակրթումը» ցույց տալու եւ հասարակության մի հատվածի համակարանքը շահելու նպատակով, սակայն «տոկոս խփելու» եւ Կարապետյանի քաղաքական ազատությունը կաշկանդելու ֆունկցիան վերապահված է իշխանության հին գվարդիային։ Արդյունքում՝ Կարապետյանի ղեկավարած ցուցակը կհաղթի անաղմուկ, բայց՝ ոչ այնքան օրինակելի ընտրություններում։ Հենց սա էլ պետք է Սերժ Սարգսյանին. առաջիկա ընտրություններում հաղթել Կարեն Կարապետյանի քաղաքակիրթ դեմքով, բայց առանց նրա քաղաքական ամբիցիաների։

Տարածքային ռեյտինգային ցուցակները Սերժ Սարգսյանի «պահեստային» տարբերակն են, բայց ոչ թե ընդդիմության դեմ պայքարում, այլ ներիշխանական հարաբերություններում։

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *