Ոչ միայն չարակամների «աչքն ենք հանել», այլ նաեւ ՀՀ-Իրան հարաբերությունների «ունքն ենք դզել». Իրանագետ

default-97Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարած այցը որակական առումով արդյունավետ էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարից Վարդան Ոսկանյանը։

«Այն ակնկալիքները, որ կային նախագահ Ռոհանիի Հայաստան այցից, արդարացվեցին։ Պետք է շեշտել այն հանգամանքը, որ նախագահ Ռոհանիին ՀՀ նախագահը դիմավորեց հենց օդանավակայանում, ինչը երկու երկրների միջեւ հաստատված ամենաբարձր մակարդակի հարաբերությունների ցուցիչ է եւ ինչը անհանգստացրել է նաեւ մեր որոշ «բարեկամների» տարածաշրջանում։ Խոսքը նախեւառաջ Ադրբեջանական Հանրապետության մասին է, որի ԶԼՄ-ները նախագահի այցի գրեթե ամբողջ օրը աշխատել են հայ-իրանական հարաբերությունների համատեքստում եւ հրապարակել են ոչ միայն հակահայկական նյութեր, այլ նաեւ՝ հակաիրանական բովանդակության նյութեր, որը նույնպես լրացուցիչ ցուցիչ է, որ հայ-իրանական հարաբերությունները ընթանում են վերընթաց հունով։ Մենք ոչ միայն որոշ չարակամների «աչքն ենք հանել», այլ նաեւ Հայաստան-Իրան հարաբերությունների «ունքն ենք դզել»,- փաստեց իրանագետը։

Ըստ նրա՝ Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը քաղաքական առումով շատ բարձր մակարդակի է, իսկ այս այցի շրջանակում ստորագրված տնտեսական պայմանագրերը միտված են տնտեսական հարաբերությունների բացը լրացնելուն, որը քաղաքական առումով Հայաստանին առավելություն կտա տարածաշրջանում։

«Մենք, Իրանի հետ հարաբերությունները զարգացնելով, լուծում ենք նախ տնտեսական խնդիրներ, բայց այդ խնդիրների լուծումը հանգեցնելու է մի կարեւորագույն ձեռքբերման՝ ադրբեջանաթյուրքական շրջափակման հաղթահարման։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան նպատակ ունեն մեզ դուրս պահել տարածաշրջանային ծրագրերից՝ ակնհայտ թշնամական մոտեցումներով իրականացնելով Հայաստանի մեկուսացման քաղաքականություն, ապա մենք մեր օրակարգը իրականացնելով՝ Պարսից ծոց-Սեւ ծով առանցքը իրականություն դարձնելու մեր ծրագրերով փաստացիորեն խաղից դուրս ենք թողնում այս երկրներին նույն զարգացումներից»,- ասաց նա։

Ոսկանյանի խոսքով՝ այս առումով Ադրբեջանը փորձում է քարոզչական ծուղակներ լարել՝ հայ-իրանական հարաբերությունների ֆոնին Իրան-Ադրբեջան երկաթուղային համագործակցությունը ներկայացնելով որպես գրեթե կայացած փաստ, սակայն դա իրականությանը չի համապատասխանում։

«Մեզանում տարածված է քարոզչական մի փուչիկ, որը սնուցվում է Ադրբեջանի կողմից առ այն, որ շուտով Իրանը եւ Ադրբեջանը կմիանան երկաթուղիներով։ Իրանական կողմը դեռեւս չի ավարտել այդ խոշոր ծրագրի Իրանում գտնվող Ղազվին-Ռաշտ հատվածը, մինչդեռ Ռաշտից դեպի Աստարա, որը Ադրբեջանի հետ սահմանակետն է, երկաթուղու շինարարության գործում մեկ քայլ անգամ չի ձեռնարկվել։ Ավելին՝ կա այդ երկաթուղու ֆինանսավորման խնդիր։ Եվ այս համատեքստում իրանական կողմը այլեւս որոշակիորեն չի հավատում ծրագիրը գոնե մասնակիորեն ֆինանսավորելու ադրբեջանական խոստումներին»,- նշեց Ոսկանյանը։

Իսկ Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը, ըստ իրանագետի, հստակ նախանշված ծրագիր է, սակայն ունի ֆինանսավորման անհրաժեշտություն։

«Հայ-իրանական երկաթուղու ծրագիրը հստակ ձեւակերպված առաջարկ է, նախանշվել են դրա իրականացման ուղիները, տեխնիկական իմաստով ամեն ինչ հնարավոր է իրականացնել, բայց այն երկարաձգվում եւ առկախվում է զուտ ֆինանսական խնդիրների պատճառով»,- ասաց նա։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *