«Առաքելություն» կուսակցությունը միացավ «Ծառուկյան» դաշինքին

timthumb (56)Այսօր տեղի ունեցավ «Առաքելություն» կուսակցության 3-րդ համագումարը: Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը, ով իր ելույթում հստակեցրեց կուսակցության առաջիկա անելիքներն ու սպասումները՝ կապված ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:

«2017 թվականը վճռորոշ տարի է երրորդ հանրապետության համար, և այս 25 տարիների ընթացքում ի հայտ եկան տարբեր քաղաքական իրավիճակներ, երբ Հայաստանի հանրապետական կուսակցությունը զբաղեցնում էր երկրի կառավարման համար կարևոր նշանակություն ունեցող երեք կարևոր պաշտոնները»:

Ըստ «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանի՝ 2008 թվականից սկսած՝ հայ ժողովուրդը իշխանություններից լսել է բազմաթիվ խոստումներ, որոնց թվում են Իրան-Հայաստան երկաթգծի շահագործումը, նոր ատոմակայանի կառուցումը, որոնց հակառակ իրականություն են դարձել արտագաղթը, արտաքին պարտքի արագ աճն ու այլ բացասական երևույթներ:

«Հաշվի առելով երկրի առաջ ծառացած խնդիրները, ակնհայտ է դառնում, որ ՀՀ քաղաքացին «Հանրապետական» կուսակցությանը ձայն տալու ոչ մի պատճառ չունի, ուստի՝ առաջիկա ընտրություններում բոլոր քաղաքական ուժերը պետք է գնան լայն դաշինքների և իրականություն դարձնեն ՀՀ սահմանադրության՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին դրույթը»:

Լրագրողների հետ զրույցում Մանուկ Սուքիասյանը նշեց, որ «Առաքելություն» կուսակցությունը միանում է «Ծառուկյան դաշինք»-ին՝ հաշվի առնելով դաշինքի շուրջ ստեղծված լայն կոնսոլիդացիան և կուսակցություններին համախմբող գաղափարախոսությունը:

«Մեզ համար առաջնահերթ է՝ օր առաջ Հայաստանում ունենալ ժողովրդի կամքը, քվեն արտացոլող ընտրական համակարգ, ստեղծել ժողովրդի քվեով իշխանություն փոխելու նախադեպ»,-նշեց Սուքիասյանը՝ հավելելով, որ այս նախադեպը տեսնում է հենց Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորված դաշինքում։

«Առաքելություն» կուսակցության 3-րդ համագումարին բացման խոսքով հանդես եկավ նաև «Միասնություն» համազգային շարժման անդամ Արմեն Մկրտչյանը: Վերջինս իր ելույթում շեշտեց Կուսակցության կողմից իրականացված աշխատանքների առաջնայնությունը՝ հույս հայտնելով, որ իրենք կկարողանան ապագա խորհրդարանական ընտրություններին ներկայանալ մեկ ընդհանուր դաշինքի կազմում:

«Ես ողջունում եմ կուսակցության 3-րդ համագումարը: Սա այն կուսակցությունն է, որն ունի իր ուրույն դերակատարությունը՝ քաղաքական ներկապնակում, իսկ կուսակցության կողմից իրականացված տնտեսական վերլուծություններն ունեն բովանդակային կարևոր նշանակություն»:

«Առաքելություն» կուսակցության 3-րդ համագումարին բացման խոսքով հանդես եկավ նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ ողջունելով Կուսակցության համագումարի աշխատանքները:

«Հունվար ամսին ձևավորվեց «Ծառուկյան» դաշինքը, և տարբեր քաղաքական-հասարակական ուժերի ներկայացուցիչներ պատրաստ են սատար կանգնել Գագիկ Ծառուկյանի կողմից առաջ քաշված խնդիրների լուծմանը: Վստահ եմ, որ առաջիկայում կկարողանանք մեծ գործեր իրականացնել միասին»:

 

Աղավնի Սուքիասյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *