Եզդիների համար Եվրոպայում ևս ապահով չէ. Սաիդ Ավդալյան

timthumb-16Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երիտասարդ եզդիներ» ՀԿ նախագահ, «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ Սաիդ Ավդալյանն ամփոփեց վերջին երկու տարում Շանգալի եզդիների ցեղասպանության հետևանքները, եզդի ազգի ձեռքբերումները, կորուստները, այն, ինչ տեղի է ունեցել 2014-2016 թվականներին:

Ավդալյանի խոսքով՝ 2014 թվականից սկսված եզդիների ցեղասպանությունը շարունակվում է մինչև օրս և այս տարվա ընթացքում ավելի քան 20 եղբայրական գերեզման է հայտնաբերվել Շանգալ քաղաքում և այլ վայրերում: «Դրանք հիմնականում հայտնաբերվել են այն վայրերում, որոնք ազատագրվել են իրաքյան բանակի և եզդիական զինված ուժերի կողմից: Համոզված եմ՝ այն տարածքներում, որոնք գտնվում են ԻՊ-ի վերահսկողության ներքո, դեռևս կհայտնաբերվեն բազմաթիվ եղբայրական գերեզմաններ և որքան էլ ցավալի է ինձ համար, սպանված եզդիների թվաքանակը կավելանա: Քիչ չեն նաև Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա տեղափոխված և նավերի խորտակման արդյունքում խեղդված եզդիների թվաքանակը»,- ներկայացրեց նա:

Խոսելով ԻՊ գերության մեջ գտնվող եզդի կականց ու երեխաների մասին, Սաիդ Ավդալյանը նշեց, որ 2014 թվականին նրանց թիվը հասնում էր 7000-ի, իսկ ներկայիս դրությամբ՝ ՄԱԿ-ի տվյալներով այն հասնում է 3500-ի, որոնցից շատերի ճակատագիրն անհայտ է, քանի որ իսլամիստները նրանց վաճառել են և տեղափոխել են անհայտ ուղղությամբ:

«Երիտասարդ եզդիներ» ՀԿ նախագահը փաստեց, որ եզդիների համար Եվրոպայում ևս ապահով չէ: «Ցեղասպանությունից փրկված եզդիները, ովքեր տեղափոխվել են եվրոպական տարբեր երկրներ, չեն կարողանում ապահով ապրել: Հատկապես Գերմանիայում ռադիկալ տրամադրված մահմեդական իսլամիստները հարձակվում են եզդի փախստականների վրա: 2016-ի ընթացքում Գերմանիայի Ֆերդեն, Բիլիֆելդ, Դրեզդեն քաղաքներում աֆղանները, չեչենները և իսլամ դավանող այլ ազգերի ներկայացուցիչներ հարձակվել են եզդի փախստականների վրա, որի արդյունքում տասնյակ եզդիներ տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են: Գերմանացի նեոնացիստները նույնպես հարձակումներ են գործել եզդիների վրա»,-շեշտեց Ավդալյանը՝ իր խոսքն ամփոփելով. «Այն երկրներում, որտեղ կա մահմեդական տարր, եզդիները ապահով ապագա չեն կարող ունենալ»: 

Ըստ բանախոսի՝ եզդիների անվտանգության միակ երաշխավորը եզդիական զինված ուժերի՝ Էզդիխանայի պաշտպանության ուժերի առկայությունն է Շանգալում: «Եզդիական ԶՈՒ-ն բաղկացած է 7000 մարտիկներից, ովքեր կռվում են Շանգալի, Մոսուլի և Թել Աֆարի ազատագրության համար, սակայն՝ իրաքյան քուրդիստանի ղեկավարությունը մի շարք արգելքներ ու սահմանափակումներ է դնում նրանց առջև: Մասնավորապես, արգելվում են եզդի մարտիկների մուտքը Դհոկ քաղաք, որտեղ գտնվում են այդ մարտիկների ընտանքները: Դրանով քրդական իշխանությունները այլընտրանք են դնում եզդի մարտիկների առջև՝ կամ դառնալ քրդական փեշմարգայի մաս ու ենթարկվել քրդական իշխանություններին, կամ հեռանալ Շանգալից: Բայց, ինչպես տեսնում ենք, եզդի մարտիկների համար առաջնային է հայրենքը և նրանք չեն լքել Շանգալը»,- իր խոսքը եզրափակեց Սաիդ Ավդալյանը:

Քրիստինա Աղալարյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *