Հայաստանն ակտիվ է. Դեսպան Մնացականյանի ելույթը՝ ԶՈԶ տարածման դադարեցմանը նվիրված ՄԱԿ-ի ԱԽ քննարկմանը

default-73ՄԱԿ Անվտանգության խորհրդում Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի նախագահությամբ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Կանխել աղետը. ոչ պետական դերակատարների կողմից զանգվածային ոչնչացման զենքի տարածումը եւ կիրառումը դադարեցնելու գլոբալ օրակարգ» թեմայով բաց քննարկում, որը բացեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը: Ելույթով հանդես եկան ավելի քան յոթ տասնյակ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը։

Իր խոսքում դեսպան Մնացականյանը, մասնավորապես նշեց, որ ներկայումս մենք առերեսվում ենք ոչ պետական դերակատարների` ահաբեկիչների եւ այլ հանցավոր խմբերի կողմից զանգվածային ոչնչացման զենքերի տարածման եւ կիրառման աճող վտանգին, ինչը լուրջ սպառնալիք է համընդհանուր անվտանգության համար: «Գլոբալիզացիայի պայմանները դյուրացրեցին ոչ պետական դերակատարների` ահաբեկիչների եւ այլ հանցավոր խմբերի համար քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ եւ միջուկային զենքի ձեռքբերման եւ կիրառման հնարավորությունները: Նշված խմբերից որոշները կարող են անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հայթայթել իրենց նպատակներին հասնելու համար: Թեեւ առկա տեխնիկական արգելքները դեռեւս կանխարգելում են վերջիններիս կողմից դրանց առաքման ժամանակակից միջոցներ արտադրումը, այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ զինատեսակների մահաբեր հետեւանքները, թունավոր կամ ռադիոակտիվ նյութերի կիրառմամբ անգամ փոքրածավալ հարձակումները կարող են հանգեցնել աղետալի հետեւանքների: Այսօրվա հրամայականն է` մշակել միջուկային ոլորտի՝ միջազգային համագործակցությամբ զուգորդվող ազգային վերահսկողության եւ չտարածման մեխանիզմ, կանխել այդ զենքի տարածումն ու կիրառումը ոչ պետական` ահաբեկչական եւ այլ հանցավոր խմբերի կողմից» — իր խոսքում շեշտեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։

Դեսպանի խոսքով, Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս միջուկային անվտանգության հարցերին ներպետական եւ միջազգային հարթություններում՝ մշակելով համապատասխան ներքին օրենսդրություն, վավերացնելով ու կիրառելով միջազգային իրավական համաձայնագրեր: Զոհրաբ Մնացականյանը հիշատակեց նաեւ ՀՀ Կառավարության 2015թ. որոշումը` Մեծամորի ատոմակայանի ֆիզիկական եւ միջուկային տեղակայանքների անվտանգության հզորացման մասին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *