Բոլորս մեկ նավի մեջ ենք…

timthumbՀետտոնական թոհուբոհին սահուն կերպով փոխարինում է նախընտրականը: Կրկին ակտիվանում է քաղաքական թեժ բանավեճը գալիք խորհրդարանական ընտրությունների և քաղաքական ուժերի մասնակցության ձևաչափերի վերաբերյալ: Մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել, որպեսզի հայաստանյան քաղաքական ուժերը հստակեցնեն իրենց դիրքորոշումները, ավարտին հասցնեն խորհրդակցությունները և հասարակության համար ի վերջո պարզ դառնա՝ ում ընտրել և ինչի համար:

Անշուշտ, գալիք ընտրությունների ժամանակ իշխանությունները չեն հրաժարվելու ավանդական գործելաոճից՝ ջանալով օգտագործել վերահսկողության տակ եղած ադմինիստրատիվ ռեսուրսները: Ընդդիմադիր ուժերի հաղթանակի հավանականությունը մեծապես կախված է այն հանգամանքից՝ կհաջողվի՞ արդյոք համատեղ ուժերով, քաղաքական կամք և գիտակցություն դրսևորելով՝ այս անգամ կանխել իշխանության նման սադրանքը, թե՞ ոչ: Հենց դա է ընդդիմադիր դաշտից այսօր ակնկալում մեր հասարակությունը: Իշխանությունների փափագած ֆուտբոլային դիվանագիտության լեզվով ասած՝ գնդակը հենց վերջիններիս կիսադաշտում է:

Ընտրություններից առաջ ստեղծվել է մի պատային իրավիճակ, որից դուրս գալու համար անհրաժեշտ է նոր լիցք հաղորդել երկրում ընթացող քաղաքական գործընթացներին, քանի որ այն, ինչին ականատես ենք լինում այսօր, արդեն լճացում չէ, սա ճահճացում է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Նոր լիցք հաղորդելու համար անհրաժեշտ են նոր ուժեր, նոր թիմ, նոր մոտեցումներ:

Անշուշտ, իշխանությունները կրկին անգամ կփորձեն խաղարկել ՛՛վերահսկվող ընդդիմության՛՛ պարտիան: Իրենց դարն ապրած, սեփական ձեռագիր չունեցող մի շարք կուսակցություններ, անհատներ, որոնք չունեն շոշափելի քաղաքական դերակատարում կրկին հանդես կգան իշխանության համար ՛՛անվտանգության բարձիկի՛՛ դերում:

Սակայն հասարակությունը դրան էլ է պատրաստ: Հետևաբար, քիչ է հավանականությունը, որ այդ ուժերը կստանան իրենց կողմից ակնկալվող քվեները. կարելի է խաբել մեկ-երկու հոգու, բայց անվերջ հիմարացնել մի ամբողջ ժողովրդի՝ անհնար է:

Եթե ընդդիմությունը ցանկանում է հաջողություն գրանցել գալիք խորհրդարանական ընտրություններում, հարկավոր է մի կողմ դնել եղած տարաձայնությունները և համախմբվել: Միասնություն՝ ահա թե ինչ է այսօր պակասում ընդդիմությանը՝ քաղաքական դաշտի ակտիվ խաղացող դառնալու համար: Միայն համատեղ պայքարի միջոցով է հնարավոր հասնել թերևս բոլոր ընդդիմադիր ուժերի կողմից հնչեցվող գլխավոր նպատակի իրականացմանը, այն է՝ ստանալ հասարակության վստահության քվեն և կատարել արմատական ու թիրախային բարեփոխումներ, որոնք թույլ կտան երկիրը դուրս բերել քաղաքական և սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամից: Եկել է ժամանակը, որպեսզի այս կոչը դադարի լինել բարի ցանկություն և ի վերջո ի կատար ածվի: Այս տեսանկյունից՝ գալիք ընտրությունները լուրջ քննություն են հանդիսանալու ողջ ընդդիմադիր դաշտի համար. քաղաքական հասունության քննություն:

Գալիք խորհրդարանական ընտրություններում իշխանությունների համար իրական գլխացավանք կդառնան այն ուժերը և դաշինքները, որոնք երբևէ չեն եղել քաղաքական կամակատարներ, ունեն անբիծ քաղաքական անցյալ, երիտասարդ և հայրենասեր անհատներից կազմված պրոֆեսիոնալ թիմ, հստակ գաղափարախոսություն, գիտակցում են քաղաքական պատասխանատվությունը և այն, թե ինչ է այսօր դրված նժարին, իսկ նժարին դրված է մեր հանրապետության, մեր բոլորիս ապագան: Քաղաքական ամբիցիաները ամեն գնով բավարարելու անհագ ցանկությունը քաղաքական ուժերին չպետք է ստիպի մոռացության մատնել այն հույժ կարևոր փաստը, որ բոլորս էլ այսօր մեկ նավի մեջ ենք…

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *