35 հազար քաղաքացի անվերադարձ մեկնել է Հայաստանից. բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքի միտում է նկատվում

timthumb

2013-2016 թվականների ընթացքում միգրացիոն հոսքերի մեջ ներգրավված է եղել 336,3 հազար ՀՀ քաղաքացի՝ բնակչության 11 տոկոսը: Այսինքն՝ այդ քաղաքացիները և՛ մեկնել են Հայաստանից, և՛ վերադարձել: 2015 թվականի հետ համեմատած այդ ցուցանիշը նվազել է՝ դառնալով 8,3 տոկոս: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Վերադարձ և պաշտպանություն սոցիալ-իրավական» ՀԿ նախագահ Տաթևիկ Բեժանյանը՝ ցավով նշելով, որ մենք պետական մակարդակով պաշտոնական թվեր չունենք, թե քանի մարդ է գնում Հայաստանից, ինչ նպատակով, որքան մասն է վերադառնում և այլն:

 

«ՀՀ-ում վերջին տարում մի փոքր նվազել է միգրացիոն հոսքերը և դրա պատճառը ոչ թե տնտեսության զարգացումն է, այլ՝ արտաքին գործոնները: Քանի որ աշխատանքային միգրանտները հիմնականում ՌԴ են մեկնում, Ռուսաստանի տնտեսության վատթարացումն ու ռուբլու կուրսի անկումը նպաստեցին միգրացիոն հոսքերի նվազմանը: Միգրանտների մի մասը, ովքեր գտնվում էին այնտեղ, պարզապես վերադարձան, իսկ մեկնել պատրաստվողները չմեկնեցին: Իհարկե, եղան դեպքեր, երբ միգրանտներն իրենց ընտանիքներին ևս տարան Ռուսաստան»,- մանրամասնեց բանախոսը:

 

Բեժանյանի խոսքով՝ մինչև 2015 թվականը 35 հազար քաղաքացի անվերադարձ մեկնել է Հայաստանից: Այդ թվի մեջ մտնում են և՛ երկարաժամկետ աշխատանքային միգրանտները, և՛ մշտական բնակության մեկնածները: «35 հազարի մեջ մինչև 2015 թվականը 50 տոկոսը կազմում էին երկարաժամկետ աշխատանքային միգրանտները, մյուս 50 տոկոսը՝ մշտական բնակության մեկնածները: Սակայն, 2016 թվականին աներադարձ մեկնածների թիվը բարձրացավ՝ կազմելով 37 հազար քաղաքացի՝ ի հաշիվ մշտական բնակություն հաստատողների: Երկարաժամկետ միգրանտները այդ թվի մեջ կազմեցին 47 տոկոս»,- նշեց նա:

 

ՀԿ նախագահի խոսքով՝ ցավոք, միտում է նկատվում նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքի. «Տվյալները հուսադրող չեն: Հնարավոր է՝ կրկնվի 90-ականների ուղեղների արտահոսքի պրոցեսը»:

 

Բեժանյանի փոխանցմամբ, ՀՀ Կառավարությունը երրորդ անգամն է իրականացնում միգրացիոն հետազոտություն և ըստ դրա՝ ՀՀ-ից մեկնողների ընդհանուր տարիքը 25-54 տարեկանն է՝ այդ թվում մշտական բնակության մեկնողների. «Իսկ կրթական ցենզի առումով՝ հիմնական մեկնողները միջին մասնագիտական կամ միջնակարգ մասնագիտություն ունեցողներն են»:

 

«Վերադարձ և պաշտպանություն սոցիալ-իրավական» ՀԿ նախագահը նաև շեշտեց, որ դեպի ՀՀ տրանսֆերտները նվազել են, եղածն էլ շարունակում է մարդկանց գոյությունը պաշտպանելու միջոց հանդիսանալ: «Նվազել է դեպի ՀՀ տրանսֆերտների մուտքը: Դա կրկին պայմանավորված է արտաքին գործոններով, հիմնականում՝ ՌԴ տնտեսության վատթարացմամբ և ռուբլու կուրսի նվազմամբ: ՀՀ-ում ընտանիքների մոտ 23-25 տոկոսն ապրում է այդ տարնսֆերտներով: Եվ նրանց մոտ 13 տոկոսի ֆինանսական հիմնական աղբյուրն է համարվում: Նվազումն էլ տեղի է ունեցել նրանց հաշվին»,- ասաց Տաթևիկ Բեժանյանը:

 

Վերջինս նշեց, որ տրանսֆերտները Հայաստանում չեն ներդրվում տնտեսության մեջ. «Այդ թիվը կազմում է ՀՆԱ-ի 20 տոկոսը: ՀՀ եկած գումարները ծախսվում են կենցաղային նպատակներով: Կրթության և առողջապահության համար ծախսվող գումարները ևս նվազել են, իսկ տնտեսության մեջ ներդրումները շատ չնչին տոկոսներ են կազմում: Կառավարությունը պետք է քայլեր կատարի այս ուղղությամբ, քանի որ մարդիկ չեն ցանկանում իրենց գումարները ներդնել տնտեսության մեջ: Բանկերն էլ չեն առաջարկում կամ չունեն այնպիսի պրոդուկտներ, որոնց պարագայում մեր միգրանտների աշխատած գումարները կարող են ներդրվել տնտեսության մեջ: Մենք, այս առումով, տեղում դոփում ենք»:

 

Եվ վերջում՝ Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ 2016 թվականին մեծացել է ՀՀ վերադարձողների թիվը, որը պայմանավորված չէ ներհայաստանյան իրադարձություններով, այլ արտաքին խնդիրներով՝ ՌԴ-ից տնտեսության վատացման պատճառով, Եվրոպայից՝ միգրացիոն օրենքների խստացման և այլ պատճառներով:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *