Կառավարության տնտեսական փուչիկը

big_9950e85b3Նոր կառավարության ձևավորումը հույս էր ներշնչում, որ ի վերջո գեղեցիկ բաժակաճառերին և բարի ցանկություններին փախարինելու կգան գործնական քայլերը և լուծում կստանան հասարակությանը հուզող մի շարք կարևոր խնդիրներ: Այսօր պնդել, որ Կարապետյանական մոդելը տապալվել է, իհարկե սխալ կլինի, սակայն հասարակության շրջանում արդեն իսկ նկատելի են հիասթափության նշաններ:

Հիմնական ակնկալիքները կապվում էին տնտեսության զարգացման նոր ուղենիշների հետ, որոնք էլ պետք է առաջարկեր Կարապետյանի թիմը: Եվ մինչ ժողովուրդի աչքը ջուր է կտրում տնտեսական աճին սպասելիս՝ կանխատեսումները խիստ տարբերվում են նախանշված թվերից:  2,2 % տնտեսական աճի փոխարեն լավագույն դեպքում ունենալու ենք 1% տարեկան տնտեսական աճ, ինչը վկայում է, որ տնտեսությունը մեղմ ասած լավ վիճակում չէ: Լուծում չի ստացել նաև ֆինանսական հոսքերի խնդիրը, ներդրումները գնալով պակասում են, 2008 թ.-ին արտաքին ներդրումները եղել են ՀՆԱ-ի ուղղակի 40 տոկոսը, այսօր այդ ներդրումը 20 տոկոսից էլ իջել է:

Պարզից էլ պարզ է, որ միայն դրայվի և բազմանշանակ ժպիտների հաշվին այս խնդիրները լուծում չեն ստանալու: Ավելին, չէր հասցրել հասարակության մի ստվար զանգված ուշքի գալ հերթական հիասթափությունից, երբ կառավարությունը ի դեմս վարչապետի հայտարարեց, որ ՀՀ-ում մենաշնորհներ չկան: Ինչպե՞ս կարելի է աշխատել խնդրի լուծման ուղղությամբ, երբ անգամ չես ընդունում այդ խնդրի առկայության փաստը: Ակնհայտ է, որ նոր կառավարությունը տնտեսական ոլորտում ունի իրականության  օբյեկտիվ գնահատման, այլ կերպ ասած՝ իրերը իրենց անունով կոչելու խնդիր:

Տնտեսական բեռը քաղաքացիների վրա շարունակում է ավելանալ, քանի որ տնտեսական աճ չկա, կառավարության միակ գործընթացն է դառնում հարկերի ավելացումը: Հայաստանում վարվում է գործող ռեսուրսների վերաբաշխման քաղաքականություն, տնտեսական քաղաքականության ողջ փիլիսոփայությունը սա է՝ վերաբաշխում: Հավելյալ ռեսուրս ստեղծել, ստեղծել պայմաններ, որ տարբեր ոլորտներում մրցակցություն լինի, ներդրումներ լինեն, ավելի շատ սուբյեկտներ առաջանան, ավելի շատ հարկ մուծեն ՀՀ բյուջե. նման մոտեցումներ  բնավ չկան, միակ մոտեցումն է վերաբաշխել գոյություն ունեցող ռեսուրսները:

Հունվարի մեկից եկամտային հարկը կրկին բարձրանալու է, շարունակ բարձրացող հարկերը Հայաստանում՝ դա կլինի 1000 դրամների տեսքով, թե այլ, բոլորը իհարկե հարկատեսակներ են, և դրանում է կայանում ամբողջ կառավարման փոփոխությունը: Կարեն Կարապետյանը ոչ հարկային օրենսգիրք է փոխում՝ մեսիջներ հղելով տնտեսվարողներին, որ տնտեսությունն այլ փուլ է մտնում, ոչ էլ որևէ այլ խնդիր լուծում:

2008 թ-ի ճգնաժամից հետո հանքահումքային ռեսուրսների բարձր գների և տրանսֆերտների վրա հիմնված Հայաստանի տնտեսության մոդելն այլևս չի աշխատում: Այն իրեն սպառել է, պետք են հստակ քայլեր ինովացիոն, բարձր վարձատրվող և մոդեռնիզացված տնտեսություն կառուցելու համար: Սակայն կառավարությունն այժմ իրավիճակային լուծումներ է փորձում գտնել, պարտքեր վերցնում: Ասպես կարելի է ժամանակ ձգել, բայց ոչ երկար: Արտաքին պարտքն արդեն հատել է ՀՆԱ-ի 50%-ի սահմանգիծը, իսկ պետական և մասնավոր սեկտորների պարտքը միասին՝ ՀՆԱ-ի 85%-ն է կազմում, ինչն արդեն վտանգավոր է:  Հետևաբար նոր կառավարության տնտեսական փուչիկի պայթելը դառնում է պարզապես ժամանակի հարց:

Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *