Շագանակագեղձի քաղցկեղը խորջրյա բակտերիաներով բուժելու միջոց է հայտնաբերվել

12773Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են շագանակագեղձի քաղցկեղի բուժման սկզբունքորեն նոր մեթոդ: Այս մասին հայտնում է BBC-ն: Նոր մեթոդը, որը կոչվում է «անոթային ֆոտոդինամիկ բուժում» (VTP), հիմնված է լազերի եւ խորջրյա բակտերիաներից պատրաստուկի օգտագործման վրա, որն իր արդյունավետությունն արդեն ցուցադրել է մարդկանց վրա կատարված փորձարկումների արդյունքում:

Վեյցմանի (Իսրայել) փորձագետների համագործակցությամբ Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականների ստեղծած բուժման մեթոդը նախատեսում է արյան մեջ լուսազգայուն պատրաստուկի ներարկում, այնուհետեւ լազերի միջոցով դրա ակտիվացում, ինչը թույլ է տալիս շագանակագեղձում ոչնչացնել ուռուցքային հյուսվածքները: Մարկ Էմբերտոնի ղեկավարությամբ գիտնականները ցույց են տվել, որ հետազոտությանը մասնակցած ավելի քան 410 հիվանդների գրեթե կեսի (49 տոկոս) մոտ հիվանդության նվազում է նկատվել՝ ստուգիչ խմբի 13.5 տոկոսի համեմատությամբ:

 «Շագանակագեղձի վաղ տեղայնացմամբ քաղցկեղով տառապող տղամարդկանց համար այս արդյունքները գերազանց նորություն են. բուժում է առաջարկվում, որն ընդունակ է քաղցկեղը վերացնել առանց շագանակագեղձը հեռացնելու»,- ասել է Էմբերտոնը:

Արմատական բուժումը, որը ներառում է շագանակագեղձի վիրաբուժական հեռացում կամ ճառագայթահարում, զգալիորեն երկարաժամկետ կողմնակի էֆեկտներ ունի՝ ամբողջ կյանքի ընթացքում առաջացնելով էրեկցիայի խնդիրներ, 5 հիվանդից նեկը տառապում է միզուղիների անզսպությամբ: Իսկ VTP բուժումը, հակառակը, էրեկցիայի եւ միզուղիների անզսպության միայն կարճաժամկետ խնդիրներ է առաջացնում եւ ոչ մի էական կողմնակի էֆեկտ:

Հետազոտության ընթացքում VTP բուժում ստացած հիվանդների միայն 6 տոկոսն է արմատական բուժման կարիք ունեցել՝ ստուգիչ խմբի հիվանդների 30 տոկոսի համեմատությամբ, որոնք ակտիվ հսկողության ներքո էին: Անոթային ֆոտոդինամիկ բուժում ստացած հիվանդների շրջանում մինչեւ ավելի վտանգավոր փուլ հիվանդության զարգացման հավանականությունը 3 անգամ պակաս է եղել:

Բուժման ընթացքում օգտագործվում է WST11 պատրաստուկը, որն ստեղծվել է օվկիանոսի հատակում բնակվող բակտերիաների հիմքով: Արեգակի լույսի շատ փոքր քանակի պայմաններում կենսունակ մնալու համար նրանք անհավանական արդյունավետությամբ կարողանում են լույսն էներգիայի փոխարկել: Այս հատկությունն օգտագործվել է WST11 միացությունը ստեղծելիս, որն ազատ է արձակում ազատ ռադիկալներին, որպեսզի լազերով ակտիվացնելիս ոչնչացնի շրջապատող բջիջները:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *