37․000 նոր աշխատատեղի «ստվերային առասպելը»

pash

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինայանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև իր պարտավորություններին, այն է` բիզնեսը զարգանա, հարկ վճարողների թիվը մեծանա, բյուջեն չթալանվի, մարդիկ հնարավորություն ունենան տնտեսական գործունեություն ծավալելու:

Փաշինյանն այս ամենի ապացույցը մատնանշում է այն, որ պաշտոնական տվյալներով՝ հեղափոխությունից հետո 37.000 աշխատատեղ է ստեղծվել, որոնց մի մասը ստվերից դուրս բերված աշխատատեղերն են:

ԼՈՒՐԵՐ.com-ն այս թեմայով զրուցեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե որքանով են այս թվերն իրականությանը մոտ, մանավանդ այն դեպքում, երբ այս թվի միայն մի մասն է ստվերից դուրս եկածը:

Реклама 33

-Պարոն Խաչատրյա՛ն, վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը՝ հեղափոխությունից հետո նոր աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ որքանո՞վ է իրականությանը համապատասխանում և որտեղի՞ց է նա այս թվերը վերցրել: 

-Ենթադրում եմ, որ Վարչապետի հնչեցրած 37․000 նոր աշխատատեղի մասին տեղեկությունը վերցված է ՊԵԿ-ի համակարգից։ Ինչպես գիտեք, այսօր կազմակերպություններն աշխատողների գրանցման և ազատման հայտերը ՊԵԿ-ի առցանց համակարգի միջոցով են տալիս, ինչը հնարավորություն է ընձեռում հետևել այդ գործընթացին։

-Բայց  չէ՞ որ գնալով միայն կրճատումներ են արվում և աշխատատեղեր են փակվում։ 

-37.000 աշխատողների գրանցումը պետք է պայմանավորել պետության կողմից խաղի նոր կանոնների հաստատման ձգտմամբ։ Բիզնեսնը իրեն որոշակի ռիսկերից ապահովագրելու համար նախընտրել է գրանցել նախկինում չգրանցված աշխատողների մի մասին՝ հետագայում հնարավոր տուգանքներից զերծ մնալու ակնկալիքով։ Իմ դիտարկմամբ՝ ստվերային զբաղվածության ծավալները կտրուկ չեն նվազել և այս առումով պետությունը պետք է հետևողական քայլեր իրականացնի։ Անշուշտ պետության համար լավ է, որ ստվերային զբաղվածությունը կրճատվում է, բայց, ցավոք, դա դեռևս գործազրկության կրճատում չի։

-Ընդհանրապես, կա՞ ստվերի հաշվարկ թվերի լեզվով։ Օրինակ՝ Փաշինյանի 37.000-ը դուրս է եկել այդ դաշտից, բայց կլորիկ տոկոս էլ դեռ ստվերում է:

-Ստվերային տնտեսության չափերի գնահատումն իրականում բավական բարդ է։ Մեր երկրի համար միջազգային տարբեր կառույցներ տարբեր գնահատականներ են տալիս՝ մոտ 45-55 տոկոսի շրջակայքում։ Եթե դա այդպես լիներ, ապա մենք պետք է, թե՛ ՀՆԱ-ի, թե՛ պետբյուջեի եկամուտների կտրուկ ավելացում ունենայինք, ինչը ակնհայտ է, որ չունենք։ Ստվերային զբաղվածությունը բավական մեծ է մեր տնտեսությունում։

-Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կան ներդրումային հետաքրքություններ, և նշում է, որ վիճակագրությամբ չի կարող ասել։ Ինչո՞ւ վիճակագրության մեջ չեն արտացոլվում այդ ներդրումները:

-Ներդրումների մասին համակողմանի վիճակագրություն ԱՎԾ-ն, որպես կանոն, հրապարակում է տարեկան կտրվածքով։ Ներդրումային հետաքրքրությունների առկայությունը ենթադրում է տնտեսության տարբեր ոլորտներում ակտիվություն, դրական միտումներ։ Ես չեմ կարծում, թե ներկայումս մեր ներդրումային միջավայրը կտրուկ փոփոխությունների է ենթարկվել։ Գուցե խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական առումով առավել կանխատեսելի վիճակը նպաստի դրան, սակայն քաղաքական բաղադրիչից զատ, շատ կարևոր է, որպեսզի տնտեսական բաղադրիչները ևս դրական սպասումներ առաջացնեն, և մեր երկիրը ներդրումների համար գրավիչ դառնա։ Ի վերջո պետք է ֆիքսենք, որ կապիտալը ընտրում է այն տնտեսությունը, որտեղ նրա համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծված․ շուկայի, հարկային համակարգի, աշխատուժի, այլ ռեսուրսների հասանելիության և այլ առումներով։

Հարցազրույցը՝ Արմինե Միքայելյանի

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *