Ալեքսանյանի՝ ազգիս հարստահարելու նոր մեթոդը…

սամ

Նրանք, ովքեր հաճախ են քաղաքի սուպերմարկետներից առևտուր կատարում, նկատած կլինեն, որ, ի տարբերություն ոչ վաղ անցյալի, այժմ պոլիէթիլենային տոպրակները մարդկանց տրամադրվում են բացառապես փողով՝ հատը 10 դրամով: Ի դեպ, հարկ է նշել, որմարդկանց կեղեքման այս նոր մեխանիզմն առաջին անգամ կիրառություն է ստացել Հայաստանում հայտնի ՀՀԿ-ական օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետներում, ով, ինչպես հայտնի է, առանձնակի կերպով է մասնագիտացած մարդկանցից փող «քերելու» «արվեստի» մեջ:

Հետաքրարականն այստեղ, սակայն, այն է, որ այս ոչ բարով նորամուծությունը դրա հեղինակների կողմից փորձ է արվում ներկայացնել որպես անհրաժեշտ ու անխուսափելի միջոցառում՝ ի փառս մայր բնության. իբր բնությանը վնաս է հասցվում, ու հիմա վնասն այդ ինչ-որ կերպ փոխհատուցելու համար ազգովի ստիպված ենք լինելու Սամվել Ալեքսանյանին ավելորդ անգամ հարստացնել՝ մարդա մինիմում 10 դրամով…

Համաձայնե՛ք՝ գումար, որն, ըստ հայրենի որոշ օլիգարխների բիզնես մտածելակերպի, ինչպես ասում են, ամենևին էլ Ալեքսանյանի գրպանը չի ծակի ու կապահովի նրան տարեկան հավելյալ մի քանի միլիոն դոլար հավելյալ եկամտով: Իսկ եթե ավելի լուրջ, ապա պետք է արձանագրենք, որ այս վայ նորամութծությունն այլ կերպ, քան խարդախություն որակել, չենք կարող, քանի որ բերվող պառճառաբանությունը բացարձակապես չի համապատասխանում այն իրողությանը, որ ներկայումս առկա է աշխարհում. եթե աշխարհում նման քայլի գնում են շրջակա միջավայրը աղտոտումից փրկելու համար, ապա անում են դա ընդամենը չքայքայվող ցելոֆանե տոպրակները թղթե տոպրակներով փոխարինելու եղանակով, այլ ոչ թե մարդկանց պարտադրում են հավելյալ գումար վճարել դրա համար՝ գումար,որի բուն նպատակը հարուստին է՛լ ավելի հարստացնելն է լինելու:

Ինչո՞ւ քաղաքացին պետք է ստիպված լինի վճարել մի բանի համար, որն անգամ 0,1 դրամ էլ չարժի և ձեռք է բերվում բացառապես կիլոյով: Ի՞նչ է, Ալեքսանյանը միայնակ թոշակառուի 10 դրամի հույսի՞ն է մնացել, թե՞ այլևս չի բավարարվում այն անհատակ ունեցվածքով, որ հասցրել է այս տարիների ընթացքում կուտակել…

Ցավոք, հայաստանյան իրականությունը վաղուց այնպիսին է, երբ շատ դժվար է դարձել այսօր ինչ-որ բանի վրա զարմանալը, առավել ևս, երբ խոսքը գնում է նմանատիպ էժանագին հնարքների բանեցման միջոցով մարդկանց կեղեքելու մասին: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է երկիրն այս օրվան հասել: Է՛, ինչպե՞ս չհասնի, երբ ոմանք երկիրը վերածել են բացառապես հարստահարման օբյեկտի ու օգտվելով ունեցած արտոնյալ դիրքից՝ անում են՝ ինչ ուզում են, վարվում են այնպես, ինչպես խելքներին է փչում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *