4-րդ քվեաթերթիկը վերցնում, դնում եք ծրարի մեջ և գցում քվեատուփը. Փաշինյանը՝ Թալինում

timthumb (1)

«Իմ քայլը» դաշինքի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց Արագածոտնի մարզից։ Քարոզարշավին մասնակցող՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս պահին Թալին քաղաքում է, հանդիպում է թալինցիների հետ։

Նա արձանագրեց, որ հեղափոխության ասմենամեծ արդյունքն այն է, որ երբ ընտրողը որոշի հեղափոխություն անել, դա կարող է իրագործել մեկ քվեաթերթիկի միջոցով․ «Ինչո՞ւ տեղի ունեցավ հեղափոխությունը, որովհետև ժողովուրդը զրկված էր ընտրություններով իշխանություն ձևավորելու հնարավորությունից, որովհետև դուք քվեարկում էիք մեկի օգտին՝ ընտրվում էր մեկ ուրիշը։ Մեզ ընտրելու համար պետք է կատարեք մեկ գործողություն։ Եթե ձեր նպատակը միայն վարչապետ ընտրելն է, ապա դուք նույնիսկ գրիչից օգտվելու անհրաժեշտություն չունեք, 4-րդ քվեաթերթիկը վերցնում, դնում եք ծրարի մեջ և գցում քվեատուփը։ Բայց քվեաթերթիկն ունի դարձերես, որտեղ նշված են ձեր ընտրատարածքի պատգամավորների թեկնածուները, և դուք արդեն կարող եք գրիչով քվեարկել նրանց օգտին»,- նշեց Փաշինյանը։Նա ընդգծեց՝ ինքը դարձել է վարչապետ, որովհետև ժողովուրդն է այդպես որոշել․ «Ինչքա՞ն եմ ես մնալու ՀՀ վարչապետ՝ այնքան ժամանակ, քանի դեռ դուք կորոշեք, որ ես պետք է կրեմ այդ կարգավիճակը։ Որ պահին ժողովուրդը կորոշի, որ չպետք է լինեմ վարչապետ, նույն պահին կդադարեմ լինել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը 13:30-ին կլինի Մարալիկ քաղաքում, իսկ հետո՝ 15:00-ին՝ Արթիկում, իսկ ժամը 17:00-ին արդեն՝ Գյումրիում:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար արձակուրդ է վերցնում։

«Ես, իհարկե, ակտիվորեն պետք է մասնակցեմ քարոզարշավին»,- ասել է նա։

Հիշեցնենք նաև, որ այսօր մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այն կավարտվի դեկտեմբերի 7-ին, դեկտեմբերի 8-ը լռության օրն է: 

Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա Ծռեր» համահայկական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունները:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *