Կարեն Կարապետյանը նշանակվեց, ե՞րբ սպասենք նոր վարչապետին

%d5%af%d5%af

Ես չգիտեմ, անցած երկու տարինեին որքանով են աճել կամ նվազել Հովիկ Աբրահամյանի անձնական կարողությունները, սակայն նա շատ տխուր ժառանգություն է թողել նոր կառավարությանը: Նախորդ կառավարության գործունեության ավելի քան երկու տարիների ընթացքում մակրոտնտեսական ցուցանիշներն անկում են ապրել, արտաքին պարտքը հասել է 5 միլիարդ 400 միլիոն դոլարի: Հայաստանն այսօր անգամ պարտք վերցնելու հնարավորություն չունի, ավելին՝ստիպված է պետական պարտքի շեմը բարձրացնել մինչև ՀՆԱ 64%-ը:

Պաշտոնական վիճակագրությունն ասում է, որ աղքատ է բնակչության 33%-ը: Իրական կյանքում տեսնում ենք, որ այս ցուցանիշն անհամեմատ բարձր է: Իհարկե ստեղծված անմխիթար վիճակը կարելի է արդարացնել հազար ու մի պատճառով՝ 22-23%-ով կրճատվել են տրանսֆերտները, պարբերաբար փլուզվում է Վերին Լարսի ճանապարհը, քառօրյա պատերազմն ազդել է Հայաստանի ներդրումային գրավչության վրա և այլն: Այս օբյեկտիվ պատճառներին գումարվում են նաև իշխանության ճգնաժամը, հասարակության տոտալ անվստահությունն իշխանությունների հանդեպ, ԵՏՄ-ից եկող մարտահրավերները:

Սրանով հանդերձ՝ մեր երկրի գլխավոր դժբախտությունը ոչ արդյունավետ կառավարումը և իշխանության համատարած կոռումպացվածությունն է: Եթե ավելի հստակ ձևակերպենք, ապա գործ ունենք իշխանության քրեաօլիգաարխիկ համակարգի հետ, որը ծառայում է 10-15 ընտանիքի՝ հարստահարելով հասարակությանը:

Նոր վարչապետի հիմնական խնդիրն է այդ համակարգի փլուզումը, քաղաքական և տնտեսական մենաշնորհների վերացումը: Միայն այս չափանիշով կարող ենք որոշել Կ. Կարապետյանի կառավարության գործունեության արդյունավետությունը կամ ձախողումը:

Այս իմաստով հետաքրքիր կլինի ծանոթանալ ներկայացվելիք զարգացման ծրագրին: Կ. Կարապետյանը, իհարկե խոստացել է նաև կարճաժամկետ ծրագրի ներկայացում: Սակայն սա առավելապես տեղավորվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների և իշխանության վերարտադրության տրամաբանության մեջ: Ս. Սարգսյանին օդի ու ջրի պես անհրաժեշտ են արագ քայլեր, որոնք հասարակության մոտ կձևավորեն դրական սպասման տրամադրություններ՝ ընտրական ցիկլը սահուն անցկացնելու համար:

Առաջիկա յոթ ամսիներին կառավարությունից հնարավոր չէ ակնկալել գլոբալ փոփոխություններ: Կ. Կարապետյանն ու նրա թիմը աշխատելու են նախընտրական ռեժիմով, ասել է թե իրականացվելիք քայլերն ուղղված են լինելու հասարակության էլեկտորալ տրամադրությունների բարելավմանը:

Ոչ մի բարեփոխումների աշուն էլ չի լինելու, ինչի մասին պատկերավոր արտահայտվել է  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Եթե մենք էլ դիմենք պատկերավոր ձևակերպումներին, ապա նախ պետք է փրկել խորտակվող նավը, ապա նոր մտածել այն վերանորոգելու մասին:

Ի դեպ, ամենևին չեմ բացառում, որ Կ. Կարապետյանի քաղաքական պատասխանատվության հանգամանքն ամրագրվի խորհրդարանական առաջիկա ընտրություններում՝ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համարը նրան վստահելով:

Կարապետյանի մյուս քննությունը, որից դարձյալ կախված է իշխանության համակարգի կայունությունը, մյուս ամիս Նյու Յորքի համաժողովի մասնակից ներդրողներին համոզելն է, որ Հայաստանն այնքան էլ անհույս երկիր չէ: Սակայն օտարերկրյա ներդրողները գեղեցիկ խոսքերի չեն հավատում և Հայաստանում ներդրումներ կլինեն, եթե նրանք տեսնեն իրական բարեփոխումներ, մենաշնորհների ու կոռուպցայի վերացում մեր երկրի սուբյեկտայնության և ինքնուրույնության մեծացում՝ գոնե ԵՏՄ շրջանակներում:

Սակայն կառավարությունը հույսն առավելապես պետք է դնի ոչ թե դրսի փողերի, այլ այն միջոցների վրա, որոնք կարող են գոյանալ մենաշնորհների վերացման, ստվերի կրճատման արդյունքում: Կարծիք կա, որ առկա տնտեսությունից դեպի ստվեր ներհոսում է մեկ ու կես-երկու միլիարդ դոլար: 

Մյուս հարցը վերաբերում է Կ. Կարապետյանի պաշտոնավարման ժամկետներին: Խորապես համոզված եմ, որ նա կառավարության ղեկավարի պաշտոնում կմնա առնվազն մինչև 2018թ.՝ Ս. Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտը: Իշխանության առանցքային դեմքի շուրջ ներիշխանական նոր դասավորություններին ականատես կլինենք արդեն 2018-ի գարնանը, եթե իհարկե ֆորսմաժորներ չլինեն:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *