Հովիկ Աբրահամյանն իմ ընկերն է, բայց, ինչպես ասում են, ничего личного, только бизнес

%d5%b0%d5%b8%d5%be

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այս մի քանի օրվա ընթացքում մի շարք հայտարարություններ արեց։ Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ երկրի տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, որ իրենից առաջ գործել են խաղի այլ կանոններ, այժմ իրենք այլ կանոններ են ստեղծելու։ Կարապետյանը ակնարկեց, որ Հովիկ Աբրահամյանը ձախողել է տնտեսության կառավարումը։ Այս և մի քանի այլ հայտարարությունների վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

-Պարոն Հակոբյան, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, երեկ լրագրողների հետ զրույցում ուշագրավ հայտարարություն արեց, ըստ որի՝ Հայաստանում մինչ իր վարչապետ նշանակվելը եղել է պետական ռեկետ, բիզնեսները մարդկանցից խլել են, գործել են խաղի այլ կանոններ։ Նա նաև խոստովանեց, որ տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչպե՞ս կգնահատեք նրա այս հայտարարությունները։

-Ես կարծում եմ՝ քանի որ նոր վարչապետը նաև Ազգային ժողովում երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրեց ծայրահեղ վատ, պետք է այն ստարտային գիծը գծեր, որից ինքը սկսում է աշխատել։ Դրա համար ինքը շահագրգիռ է, որ հնարավորինս օբյեկտիվ պատկեր ներկայացնի։ Նա փաստացի ակնարկեց, որ այլ խաղի կանոններ են եղել մենաշնորհների ոլորտում։ Իր համար իհարկե անհամեմատ ավելի հեշտ է խոստովանել դա, որովհետև ինքն այս համակարգի մասնիկ չի եղել, գոնե վերջին տարիների ընթացքում։ Դրա համար նա իր ստարտային իրավիճակը ֆիքսեց։ Նա ասեց, որ խաղի նոր կանոններ են լինելու։ Ես չեմ կարծում, որ դա իր կողմից միակ գնահատականն է լինելու։ Գուցե շատ ավելի կոշտ գնահատականներ հնչեն։

-Կարեն Կարապետյանն իր հարցազրույցում նշեց, որ Հովիկ Աբրահամյանն իր ընկերն է, գործընկերն է, բայց երկրի տնտեսության վիճակը ծայրահեղ ծանր է, բիզնեսներ են խլել և այլն։

-Այո, նա ասաց Հովիկ Աբրահամյանն իմ ընկերն է, բայց նա ծանր բեռ էր իր վրա վերցրել։ Իհարկե, մի կողմից էլ արձանագրվեց, որ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, բայց Հովիկ Աբրահամյանը շատ ծանր տնտեսություն էր վերցրել նախորդից։ Ծանր վիճակով իրար փոխանցում են տնտեսությունը։ Փափուկ ձևով ֆիքսեց, որ Հովիկ Աբրահամյանը այդ գործում չի հաջողել։ Ինչքան էլ ընկեր կամ գործընկեր լինի, այնուամենայնիվ, իրավիճակն իսկապես վատ է։ Ինչպես ասում են՝ ничего личного, только бизнес։ Եթե լավ լիներ, էլ ինչու էին վարչապետ փոխում։ Եթե Կարեն Կարապետյանը որոշակի քարտ-բլանշ ստացած չլինի թե ներսից, թե դրսից, ինչ իմաստ ուներ, ինչպես ինքն է ասում, շատ ավելի բարձր աշխատավարձով տեղից գալ այստեղ։

-Իսկ ի՞նչ եք կարծում, Կարեն Կարապետյանի նշանակումով արտաքին քաղաքական ի՞նչ իրավիճակ է ստեղծվում՝ հաշվի առնելով այն խոսակցությունները, որ Կարապետյանը Կրեմլից նշանակված մարդ է։

-Եթե սառը դատենք, ապա այս նշանակման մեջ գործ ունենք ներքին և արտաքին քաղաքական շահերի համադրման հետ։ Անկախ նրանից, թե մինչև հիմա ինչպես էին գնահատում տնտեսության վիճակը կամ ներքին քաղաքական վիճակը, իշխանության ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, վերին օղակներում էլ են դա հասկացել։ Ապրիլյան պատերազմն ու «Սասնա ծռերի» դեպքը դարձան կատալիզատորներ, որոնք ավելի արագացրին երկրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։ Հակառակ դեպքում՝ դա կարող էր բերել սոցիալական և քաղաքական բունտերի, քանի որ պրոցեսները տանում էին հասարակության ռադիկալացման։ Դրա վառ ապացույցը հենց «Սասնա ծռերի» գործողություններն էին։

-Այսինքն՝ Կարապետյանը եկավ մեղմացնելու իրավիճակը։

-Իշխանությունը հասկացավ, որ կտրուկ փոփոխություններ են պետք վերևից, հակառակ դեպքում՝ այդ փոփոխությունները կլինեին ներքևից, որն անխուսափելի էր։ Իշխանության գլխավոր պրոբլեմը նրանում չէ, թե ունի կամ չունի ընդդիմություն, այլ նրանում, որ հենց այդ ընդդիմության բացակայությունը հասարակության մի ստվար զանգվածի է դարձրել ընդդիմություն։ Կարեն Կարապետյանի նշանակումը մի կողմից իշխանության կողմից փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին է խոսում, մյուս կողմից՝ արտաքին քաղաքական շահագրգռվածություն ուներ նաև Ռուսաստանը, քանի որ Ռուսաստանն էլ վերջապես թմբիրից դուրս եկավ։

Ռուսաստանը պետք է ինչ-որ բանով փոխեր Հայաստանում օրեցօր խորացող հակառուսական տրամադրությունները։ Ես կարծում եմ՝ կա աջակցություն Ռուսաստանի կողմից։ Կա անհրաժեշտություն՝ Հայաստանում էֆեկտիվ մենեջերի միջոցով՝ ի դեմս Կարապետյանի, փորձել հակառուսական տրամադրությունները փոխել։ Դրա համար ես ասում եմ՝ ներքին և արտաքին քաղաքական շահերի համադրության արդյունքում է Կարեն Կարապետյանը նշանակվել ՀՀ վարչապետ։ Դժվարանում եմ անգամ ասել, որն է գերակշռում՝ ներքինը, թե արտաքինը։

Քրիստինա Աղալարյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *