ՄԱԿ-ը հրաժարվե՞լ է

cc165217d9d79470241eef10c0c0e6b1Տեղեկություններ կան, որ ՄԱԿ-ը հրաժարվել է Հայաստանում ընտրությունների տեսանկարահանման գործընթացին մասնակցելուց։ Ազգային ժողովում հոկտեմբերի 26-ին 5 խմբակցություններ՝ ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ՀԱԿ, ԲՀԿ, հիշեցնենք, ստորագրեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրին ուղղված նամակ` խնդրելով, որ ՄԱԿ-ն իր դերակատարումն ունենա Ընտրական օրենսգրքի հետ կապված քաղաքական ուժերի համաձայնագրով նախատեսվող տեսախցիկների տեղադրման հարցում: Նախատեսվում է տեսագրել եւ առցանց հեռարձակում ապահովել բոլոր ընտրատեղամասերից: «Գլխավոր նպատակն այն է, որ լինի հանրային վերահսկողություն օրինականության նկատմամբ, եւ բացառվեն խախտումները` ապօրինի քվեարկություններ, բռնություններ, քվեաթերթիկների հետ մանիպուլյացիաներ եւ այլն»,- նամակն ստորագրելուց հետո հայտարարեց Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ ոչ ոք Քրեական օրենսգիրքն ուղիղ եթերում խախտելու ցանկություն չի ունենա: Նաիրա Զոհրաբյանն էլ մանրամասնեց, թե ծրագրի ֆինանսավորումը ԵՄ-ի կողմից է` 2 մլն․ եվրո, իսկ ՄԱԿ-ը` որպես բոլոր քաղաքական ուժերի կողմից առավել վստահություն ունեցող կառույց, պետք է իրականացնի տեսանկարահանման ողջ գործընթացը, որպեսզի այն չլինի իշխանության, ընդդիմության կամ որեւէ քաղաքական ուժի կազմակերպման խնդիրը, ու հետո առաջ գա անվստահության պահը։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ձեւավորված «4+4+4» աշխատանքային խմբի ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը ՄԱԿ-ի՝ այս գործընթացին մասնակցելուց հրաժարվելու հարցի վերաբերյալ մեզ ասաց. «Կարծում եմ՝ գործընթացն ընթացքի մեջ է, եւ որեւէ խոչընդոտ չկա, դուք գիտեք, որ «4+4+4» ձեւաչափի շրջանակներում ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է համակարգի մրցույթը, ընտրի այն կազմակերպությանը, որը պետք է սպասարկի, տեղադրի այդ տեսասարքերը»։ Հետո Սահակյանն ավելի հստակեցրեց, երբ հիշեցրինք, որ հինգ ուժերն արդեն իսկ դիմել են ՄԱԿ-ին, բայց ուղղակիորեն չհաստատեց տեղեկությունը․ «Մենք խնդիրը երկու մասի ենք բաժանել։ Այն տեխնիկան՝ մատնահետք վերցնել, պատճենահանող սարքեր եւ այլն, դա ՄԱԿ-ի գործառույթն է, իսկ այն տեսանկարահանող սարքերի համար պետք է դիմեն միջազգային կառույցներին, նույն ԱՄՆ դեսպանատուն, եվրոպական կառույցներ, նրանք խոստացել են, որ ֆինանսական աջակցություն կցուցաբերեն ոչ միայն այդ հարցում, այլեւ ողջ ընտրական գործընթացն իրականացնելու։ Այս հանձնաժողովը մրցույթ կիրականացնի, ով կհամապատասխանի, նա էլ կիրականացնի տեսանկարահանող սարքերի տեղադրման գործընթացը»։ Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *