ԲՀԿ–ն այս պահին դաշինք կազմելու մասին չի մտածում. «Փաստ»

timthumb-8«Փաստ» օրաթերթը գրում է.

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ չնայած քաղաքականության մեջ ոչինչ բացառել պետք չէ, սակայն իրենք այս պահին որևէ ուժի հետ դաշինք կազմելու մասին չեն մտածում: Փոխարենը պատրաստ են համագործակցել բոլոր այն քաղաքական կուսակցությունների ու միավորումների հետ, ում նպատակը ազատ, արդար ընտրություններ անցկացնելն է:
«Բոլոր այն ուժերը, որոնց նպատակը ընտրատեղամասում ընտրակեղծիքներ կատարողների թաթը բռնելն է լինելու, պատրաստ ենք համագործակցել: Մենք չենք ասում այս կուսակցությունն արևմտամետ է, մյուսը ռուսամետ է, կամ՝ այսինչ թվականի այսինչ ժամին մեր հասցեին սա է ասել, սրա հետ չենք ուզում, սրա հետ չենք կարող, սրան չենք սիրում: Եթե կուսակցությունների նպատակն ազնիվ է, և ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացնելը իմիտացիա չէ, ապա պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել»,– ասաց Ն. Զոհրաբյանը:
Հարցին` Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից պայմանավորվածությունն արդյո՞ք իմիտացիա չէր, որի պատճառով ընդդիմադիր թևը փաստի առաջ կանգնեց և արդյո՞ք այն հարցականի տակ չի դնում քաղաքական ուժերի՝ ազնվության ու արդարության մասին կոչերը՝ ԲՀԿ ղեկավարը պատասխանեց, որ Վանաձորի ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն շատ կարճ, պրիմիտիվ հաշվարկ կատարեց և հիմա ընկել է իր իսկ լարած թակարդը, քանի որ չի կարողանում նիստ հրավիրել:
Իսկ ՀՎԿ–ի հետ համատեղ ընտրակեղծիքների դեմ պայքարելու մասին նա ասաց, որ այդ քաղաքական ուժի հետ իրենք դիմել են Սահմանադրական դատարան՝ հոկտեմբերի 2–ին Գյումրիում կայացած ընտրությունների ժամանակ Սամվել Բալասանյանին երկու լրացուցիչ մանդատ տալու հարցը քննելու համար:
Խոսելով Վանաձորում տեղի ունեցած հրդեհից տուժած ընտանիքներին նյութական օգնություն տալու նպատակով Վանաձորի քաղաքապետի հրավիրած արտահերթ նիստին ԲՀԿ ավագանու անդամների մասնակցել–չմասնակցելու մասին, Ն. Զոհրաբյանն ասաց, որ իրենց ավագանու անդամները չեն մասնակցելու այդ նիստին:
«Թող դեմագոգիայով չզբաղվեն, թե ընդդիմությունը չի մասնակցում այդ արտահերթ նիստին: Մեր Վանաձորի ներկայացուցիչը Գյումրիում պարոն Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրեց այդ ընտանիքներին օգնություն ցույց տալու հարցը, և տեղում նա դրամական օգնություն հատկացրեց: Այդ գումարով կլուծվի այդ ընտանիքների մեկ տարվա բնակարանային վարձակալության հարցը: Այնպես որ պարտադիր չի, որ ավագանու նիստին մասնակցենք, որպեսզի այդ խնդիրները լուծենք»,– ասաց Ն. Զոհրաբյանը:
Նա նաև հավելեց, որ Վանաձորի ավագանու ընտրության խնդիրն այսօր դարձել է յուրաքանչյուր քաղաքական ուժի արժանապատվության հարցը և մինչև ավագանու այն չորս անդամները չբացահայտվեն և չպարզվի, թե նրանք որ կուսակցությունից են եղել՝ ԲՀԿ–ն ավագանու նիստերին չի մասնակցելու:
«Հակառակ դեպքում պատասխանատվության հարցը լղոզվելու է և յուրաքանչյուր քաղաքական ուժ ու վանաձորցի շարունակելու է մտածել, թե որ կուսակցությունից են այդ դավաճանները: Եթե այնքան արժանապատվություն ունենան, որ իրենք հայտարարեն այդ մասին, ես վստահեցնում եմ, որ կքննարկենք հաջորդ իսկ օրվանից Վանաձորի ավագանու նիստերին նորմալ մասնակցելու հարցը: Եվ քանի դեռ խնդիրը բաց է, ԲՀԿ ավագանին այդ նիստերին որևէ ձևաչափով և պայմանով չի մասնակցի»,– ասաց Ն. Զոհրաբյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *