Հայաստանը ներդրողների համար կարող է գրավիչ դառնալ միայն ստվերի կրճատման և հարկային բեռի նվազեցման շնորհիվ

9762_5675«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը։

Պարոն Մարգարյան, ՀՀ կառավարությունը շարունակում է խոսել ներդրումներ ներգրավելու միջոցով տնտեսությունը կայունացնելու մասին, սակայն գաղտնիք չէ, որ օտարերկրյա ներդրողների համար կարևոր նախապայման է տվյալ երկրի հարկային դաշտի բարենպաստ լինելը։ Ըստ Ձեզ՝ արդյոք Հայաստանում հարկային դաշտը բարենպա՞ստ է ներդրողների համար, հատկապես տարածաշրջանային երկրների համեմատ։

Արտաքուստ եթե գնահատենք ընդհանուր հարկային բեռը տնտեսության վրա, ապա բարենպաստ է, բայց երբ դիտարկում  ենք հարկատեսակների, դրանց կառուցվածքի ու հարկման ռեժիմների առումով՝ բավականաչափ տարբերություններ ու խնդիրներ կան։ Մասնավորապես, եթե նայենք, թե ինչպիսին է ուղղակի և անուղղակի հարկերի տեսակարար կշիռը պետական բյուջեի մուտքերի մեջ, ապա կտեսնենք, որ վերստին անուղղակի հարկերը՝ ԱԱՀ-ն, ակցիզային հարկը, բավականին մեծ տեսակարար կշիռ ունեն և ծանր բեռ են բիզնեսի վրա։ Հետևաբար այս տեսանկյունից խնդիր կա։

Ընդհանուր տենդենցը աշխարհում վերջին տարիներին և առաջիկայում, կարծում եմ, գնալու է հարկային լիբերալացման կամ ֆիսկալ դևոլվացիայի։ Դա սկիզբ է առնում ԱՄՆ-ից. նոր նախագահի քաղաքականությունն այդպիսին է, որը պատրաստ է գնալ եկամտահարկի և շահութահարկի արմատական իջեցման։ Դա Հանրապետական կուսակցության ավանդական կուրսն է, նույնիսկ Ռեյգանի ժամանակներից։ Տնտեսության վրա հարկային ճնշման նվազեցման մասին խոսում են նաև Ռուսաստանում, չնայած այնտեղ հարկադրույքների մասով մորատորիում է հայտարարված՝ փոփոխությունները սառեցված են մինչև 2018 թվականը։

Ինչ վերաբերում է կոնկրետ մեր տարածաշրջանի երկրներին, ապա կարող ենք տեսնել հարևան Վրաստանի և Ադրբեջանի օրինակները։ Վրաստանում գործում է 5 և բավական պարզ հարկման ռեժիմներով հարկատեսակ, հատկապես հարկերից ես կառանձնացնեի շահութահարկի բավական ցածր տոկոսադրույքը՝ 15 տոկոս, նաև եկամտահարկի ցածր տոկոսադրույքը։ Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին, որտեղ գործում է 7 հարկատեսակ, և այնտեղի առանձնահատկություններից մեկը հանքարդյունաբերության, հատկապես նավթի արդյունահանման հարկն է՝ 26 տոկոս յուրաքանչյուր տոննայից։ Ադրբեջանը նավթ ունեցող երկիր է և իր բյուջեի կեսից ավելին գոյացնում է հենց նավթի արդյունահանումից և վաճառքից։

Հայաստանում 10-ից ավելի է հարկատեսակների քանակը, և եթե համեմատենք հարկային բեռի առումով, ապա պետք է ընդգծել, որ, ըստ Price Meter out Scuppers աշխարհահռչակ ընկերության գնահատականի, հարկային բեռը Հայաստանում կազմում է 19-20 տոկոս, Վրաստանում մոտավորապես նույն պատկերն է, իսկ Ադրբեջանում հարկային բեռի ճնշումը կազմում է 40 տոկոս, բայց, այնուամենայնիվ, նավթագազային սեկտորը շատ գայթակղիչ է դարձնում Ադրբեջանը ներդրողների համար։ Իմաստ ունի նաև Հայաստանի հարկային դաշտը համեմատել ԵԱՏՄ երկրների հետ, որովհետև այդտեղ էլ մենք խնդիրներ ունենք, մասնավորապես՝ ֆիզիկական անձանցից գանձվող եկամտային հարկի մասով։ Այս հարկատեսակը Հայաստանի համեմատ շատ ցածր է Բելառուսում՝ 12 տոկոս, և նույնպիսի հարկադրույքներ են գործում Ղազախստանում, որտեղ նշված հարկատեսակն այս տարի 10-ից պետք է դառնա 11 տոկոս և 12 տոկոս՝ հաջորդ տարի, որը ևս շատ ցածր է։ Ռուսաստանում եկամտահարկը 13 տոկոս է, բայց պետք է նշել, որ այնտեղ քննարկումներ են գնում՝ կապված բյուջետային խնդիրների, վերջին տարիներին  կիրառված սանկցիաների, նավթի գների հետ։ Այս պահի դրությամբ, սակայն, տեսնում ենք, որ տենդենցները շատ հակասական են ԵԱՏՄ անդամ երկրներում, բայց եթե համեմատենք հարկատեսակների քանակով, ապա 7 հարկատեսակ է գործում Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում, Հայաստանում՝  10, իսկ Ղրղըզստանում՝ 51, որը դեռևս բյուջետային մեծ խնդիրներ ունի։

Պարոն Մարգարյան, եթե Ադրբեջանը նավթ ունի և դրանով է հիմնականում ապահովում բյուջետային մուտքերի գերակշիռ մասը, ապա Հայաստանը բնական պաշարներ չունի և մուտքերն ապահովում է հարկահավաքության միջոցով։ Այս իմաստով Հայաստանում ի՞նչ է հնարավոր անել տնտեսության վրա հարկային բեռը թուլացնելու առումով, որի շնորհիվ հնարավոր կլինի ներդրողների համար առավել գրավիչ երկիր դառնալ, որովհետև, վերջիվերջո, ոչինչ չի խանգարում ներդրում կատարել ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում։

— Անշուշտ, այդպես է։ Նախ ասեմ, որ Հայաստանում հիմնական խնդիրներից մեկը մեծ ստվերի առկայությունն է։ Ես պատահական չխոսեցի ուղղակի և անուղղակի հարկերը արմատապես իջեցնելու հնարավորությունների մասին։ Այդպիսի ճոխություն, առաջին հերթին, կարող է  թույլ տալ ԱՄՆ-ը, որը մեծ հնարավորություններ ունի, բայց որքան էլ պարադոքսալ հնչի, Հայաստանի նման երկրները ևս կարող են գնալ այդ ճանապարհով. հարց է, թե ինչի՞ հաշվին։ Առաջին հերթին՝ ստվերի կրճատման, այսինքն՝ մենք կարող ենք էապես իջեցնել հատկապես բիզնեսից գանձվող հարկերը։ Ենթադրենք, շահութահարկը 20 տոկոսից կարող ենք իջեցնել մինչև 16-18 տոկոս, նույնը կարելի է ասել  եկամտահարկի վերաբերյալ, չնայած մենք տեսնում ենք, որ Հարկային օրենսգրքում որոշակի փոփոխություն կա. որոշակի նվազագույն շեմի համար իջեցվել է 20 տոկոս, և  որոշ փոփոխություն կատարվել է միջին եկամտային տիրույթում գտնվող սուբյեկտների համար, սակայն դա շատ քիչ է, որովհետև բիզնեսի համար ոչ միայն շահութահարկի դրույքաչափն է կարևոր, այլև եկամտահարկի։ Միայն այս պայմաններում Հայաստանը կարող է լինել մրցունակ։ Սակայն պրոցեսը ստվերային եկամուտները բացահայտելու մեջ է, որը պետք է անեն հարկային գերատեսչությունը, ուժային կառույցները, որոնք տնտեսական ոլորտի որոշակի դիտարկում և վերահսկողություն են իրականացնում։ Այս տեսանկյունից շատ կարևոր է ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծի ընդունումը։ Այստեղ պետք է արդեն քաղաքական կամք և հետևողականություն։ Սկզբունքորեն իշխանությունը դա կարող է անել, սակայն այստեղ կա մեծ բայց. խնդիրը քաղաքական հարթության վրա է, որովհետև բիզնեսի և քաղաքականության սերտաճումը բարդացնում է գործընթացը։ Կարծում եմ՝ այս ուղղությամբ քայլերի դժվար է սպասել գոնե մինչև ԱԺ ընտրությունները, որովհետև միշտ էլ խոշոր բիզնես կամ մենաշնորհ ունեցող գործարարները շատ ակտիվ են և ձգտում են դեպի քաղաքականություն, ԱԺ։ Էլիտա կոչվածը պետք է որոշակի հետևություններ անի, և քաղաքական կուսակցությունների խնդիրն է առաջին հերթին այն, թե որքանով է նպատակահարմար օլիգարխիկ խոշոր բիզնեսի համար հերթական կանաչ լույս վառելը, որը պայքարում է հարկային արտոնություններ կորզելու և իր դիրքն օգտագործում է հարկերը չվճարելու համար։

— Իսկ ի՞նչ քայլեր է արել նոր կառավարությունն այս առումով։

Նոր կառավարությունը հալած յուղի նման չընդունեց Հարկային օրենսգիրքը և հայտարարել է, որ քննարկումներ կլինեն, որոշակի փոփոխություններ կլինեն հարկատեսակների, հարկադրույքների և հարկման ռեժիմների առումով։ Ավելին ասեմ՝ որոշակի քայլերից, որոնք հուսադրող են, հարկային մասնակի համաներումն է։ Այսինքն՝ այն տույժ-տուգանքները, որոնք փոքր կամ միկրոձեռնարկությունների հետ էին կապված, և որոնք զրոյական պոտենցիալ ունեին բյուջեի եկամուտներն ավելացնելու առումով, դուրս գրվեցին, և դրանց թույլ տրվեց սկսել զրոյից։ Բացի այդ, պետք է լինել ավելի համարձակ ու նորարար հարկային բարեփոխումների հարցում։ Այն օրենսգիրքը, որը շրջանառության մեջ է դրված, շաղկապված է եղել նախկին իրողություններին։ Ես հույս ունեմ, որ առաջիկա նախընտրական շրջանում  քաղաքական բանավեճերի  ընթացքում ամենաշատը կխոսվի այն մասին,  թե հարկային ի՞նչ նախագծերով ու գաղափարներով ասպարեզ կգան քաղաքական ուժերը և հնարավորություն կտան ընտրողին և առաջին հերթին հարկատուին որոշակի վերաբերմունք դրսևորելով՝ քվե տալ կամ չտալ այս կամ այն փոփոխությունների ծրագրին։ Ի վերջո, ցանկացած  քաղաքական ընտրություն, որևէ քաղաքակիրթ ու ժողովրդավար երկրում, բարձր է հնչում, բայց այդպես է, հիմնական դեբատները քաղաքական հայցորդ ուժերի միջև ընթանում են հենց հարկերի շուրջ, որովհետև քաղաքացի-պետություն, քաղաքացի-իշխանություն հարաբերությունների առանցքը հարկերն են։ Մեզանում այդ մշակույթը դեռ այդքան ծավալուն չէ, և պատահական չէր, որ այդ օրենսգիրքը ընդունվեց մինչև ընտրությունները։ Ճիշտ կլիներ դա հետաձգել և այս ընտրությունների արդյունքներով ձևավորել Հարկային օրենսգիրք: Բայց դեռ ուշ չէ, կարծում եմ՝ կարելի է վերանայել, և ինչու ոչ՝ նոր նախագիծ դնել շրջանառության մեջ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *