Ընդդիմության վերջին շանսը…

timthumb (36)Հայաստանյան քաղաքական դաշտի նախընտրական խճանկարը, կարծես, արդեն իսկ իր հիմնական գծերով հետզհետե վերջնական տեսքի է գալիս, ու այլևս անքննարկելի է, որ առաջիկայում, երբ վերջնականապես կձևավորվի ակտիվ քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանի շուրջ քաղաքական ուժերի ամենալայն դաշինքը, քաղաքական դաշտում ականատես ենք դառնալու 2-րդ հզորագույն բևեռի ստեղծմանը, որն, ըստ էության, դառնալու է միակ ու հիմնական ուժը, որ ընդունակ է լինելու իրապես ձեռնոց նետել իշխող Հանրապետականին՝ իրական այլընտրանք առաջարկելով երկրում հաստատված կարգերին:

Այն, որ դեռևս ի սկզբանե էլ պարզ էր՝ առաջիկա ընտրություններում իշխող Հանրապետականը լրջագույն դժվարություններ է ունենալու 50%+1 ձայն հավաքելու հարցում, անքննարկելի է. երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական դժվարագույն իրավիճակը, ժողովրդի շրջանում օրըստօրե խորացող դժգոհությունն ու անհեռանկարայնությունը՝ նույնիսկ ամենաեռանդուն հանրապետականին այսօր ոչ մի կերպ թույլ չեն տալիս համոզված պնդելու, թե առաջիկա փորձությունը կուսակցությունը կարողանալու է հաղթահարել առանց դույզն ինչ լարվածության. անկասկած, 30-35%-ից ավելի, այն էլ բացառապես վարչական ռեսուրսների հաշվին, իշխող կուսակցությունն առաջիկա ընտրություններին, զուտ օբյելկտիվորեն, հավաքել չի կարող: Ասել կուզի՝ ընդդիմության համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ նշանակալիորեն ներկայացված լինելու ձևավորվելիք խորհրդարանում, իրապես հակակշռելու առնվազն վերջին 10-15 տարիների ընթացքում բացարձակ գերիշխող դիրքեր զբաղեցրած քաղաքական ուժին:

Սակայն, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, ընդդիմությանը սեփական քաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին կարող է խոչընդոտ դառնալ ոչ միայն կամ միգուցե ոչ այնքան հզոր Հանրապետականի ունեցած պոտենցիալը, որն, ինչպես կանխատեսվում է, այս ընտրություններին օգտագործվելու է հնարավորինս մաքսիմալ կերպով, այլ՝ անմիաբանությունը. նորություն չէ, որ ունեցած ողջ ներուժը համատեղելու ու այն համապատասխան ուղղությամբ ուղղորդելու փոխարեն՝ հայրենի ընդդիմադիրների մեծագույն մասը տարիներ շարունակ միմյանց դեմ են պայքարել, իրար բզկտել, պախարակել, ցեխ շպրտել միմյանց ուղղությամբ: Մի խոսքով՝ ամեն ինչ արել են՝ ջուր լցնելու իշխանությունների ջրաղացին:

Թե ինչու է այդպես ստացվել, իհարկե, քննարկման առանձին թեմա է, բայց որ գոնե հիմա՝ ընդդիմության տարբեր թևերն առնվազն պարտավոր են կենտրոնացնել ուժերն ու գոնե պայմանավորվել միմյանց դեմ պայքարելուց զերծ մնալու մասին, աներկբա է: Պետք չէ մոռանալ, որ քաղաքական ախոյանն իր ձեռքի տակ դեռևս ունի համապատասխան քաղաքական գործիքակազմեր, որոնք գործադրելու պարագայում կարող է անակնկալի բերել անխտիր բոլորին, նույնիսկ՝ ինքն իրեն՝ հարկ եղած դեպքում հավակնելով նույնիսկ 50%-ի. անկասկած է՝ թե՛ նոր ԸՕ-ով մոգոնված ռեյտինգային ընտրակարգը, թե՛ բոնուսային վիճելի ու խճճված համակարգը իրենց մեջ բավականին մեծ պոտենցիալ են պարունակում՝ հակազդելու ցանկացածին: Իսկ եթե այս ամենին էլ գումարենք յուրատեսակ ազգային ավանդույթի վերածված ահռելի ընտրակաշառքներն ու «հեղինակությունների» ազդեցությունը հասարակության որոշակի շերտերի վրա, կստանանք բավականին հետաքրքրական պատկեր:

Չնայած այս ամենին, չնայած ունեցած անսպառ ռեսուրսներին՝ իշխանությունները, սակայն, քաջ գիտակցում են մեկ բան՝ Ծառուկյանի կողմից սկիզբ դրված ընդդիմադիր դաշտի աննախադեպ կոնսոլիդացիան կարող է ու ունակ է լինելու միանգամայն օբյեկտիվորեն ձեռնոց նետելու իշխող Հանրապետականին, ինչով էլ, խոշոր հաշվով, պայմանավորված է հանրապետականների շրջանում հետզհետե է՛լ ավելի արտահայտիչ դարձող խուճապը:

Այնպես որ՝ ընդդիմության հաղթանակն ամենևին էլ անիրական չէ, որին հասնելու համար, սակայն, ակնայտորեն զգացվելու է համընդհանուր կոնսոլիդացիայի կարիք՝ նախևառաջ ընդդիմադիր ուժերի ներսում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *