Մեր դժբախտությունների սկիզբը

Ինչպես հայտնի է, հայոց կառավարությունն իրենից ներկայացնում է մի մարմին, որի պատվավոր անդամները` նախարարաները, բավական թանկ են նստում պետության վրա: Չնայած Հայաստանն աշխարհի երկրների ցանկում ամենևին էլ աչքի չի ընկնում ունեցած նյութական միջոցների անհատակությամբ ու բնավ էլ չի դասվում բարեկեցիկ երկրների շարքին`սեփական ՀՆԱ-ով առաջ անցնելով, հավանաբար, միայն աֆրիկյան երկրներից, փաստը մնում է փաստ, սակայն, որ մեր նախարարներից շատերը շարունակում են ամեն ինչ անել` անխնա վատնելու պետական բյուջեով իրենց գերատեսչություններին հատկացվող փողերը. ոմանց «կամանդիրովկա» կամ արձակուրդ մեկնելը պետական գանձարանի գլխին վաղուց կատարյալ պատուհասի է վերածվել:

Պարզվում է, օրինակ, որ մեր որոշ նախարարներ, որոնց` կառավարությունում բանուգործի անունն այդպես էլ ազգովի մինչև վերջ չենք կարողանում պարզել, թանկարժեք ուղևորությունների մեծ սիրահարներ են. դրանց շարքրերում, ինչ խոսք, հատկապես աչքի է ընկնում Հրանուշ Հակոբյանն, ում կողմից կատարած ծախսերի անհարկի մեծության մասին պատմող հոդվածների ու լուրերի պակաս կարծես չի զգացվում:

Ասում են, օրինակ, Երևան-Բեյրութ-Դուբայ-Երևան չվերթի բիզնես դասի ավիատոմսը նա գնել էր մոտ 3000 դոլարով`«Ավիատար» ընկերությունից։

Ցավոք, սույն դեպքն ամենևին էլ նախարարության կողմից անհարկի ծախսերի սկիզբն ու ավարտը չես համարի, քանի որ այն պարզապես մեկ նվազ օրինակ ու ապացույց է այն բանի, թե որքան թանկ կարող է նստել պարզ հարկատուներիս վրա մի նախարարություն, որի աշխատակազմը հիմնականում բաղկացած է Հակոբյանի ծանոթ-բարեկամներից: Իսկ հարցը, թե այս երկարուձիգ տարիների ընթացքում Հակոբյանն հատկապես ինչ է կարողացել անել ի փառս հայկական սփյուռքի, թերևս, թողնենք հանրության դատին` փաստելով, սակայն, որ, օրինակ, նույն Հայաստան ներգաղթածների մասով, չնայած ամենուրեք հնչող ամպագոռգոռ հայտարարություններին, խնդիրները շարունակում են անլուծելի մնալ:

Ու մինչ Հրանուշ Հակոբյանն «Արի տուն» է կազմակերպում, պարզվում է, օրինակ, սիրիահայ փոքրիկներին մանկապարտեզ ընդունել տալը Հայաստանում դեռևս մեծ խնդիր է մնում. սիրիահայ ընտանիքներից մեկը, որ արդեն 10 ամիս է ինչ Հայաստանում է բնակվում, լրջագույն պրոբլեմներ ունի’ ինտեգրվելու հայաստանյան հասարկությանը, ինչի պատճառը, պարզվում է, հայաստանյան բյուրոկրատիան է:

Եթե հիշողություններս չի դավաճանում, ընդամենը մի քանի ամիս առաջ էր, երբ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց Հայաստանում կոռուպցիայի ու պետական միջոցների մսխման դեմ անզիջում պայքար տանելու իր վճռակամության մասին`պայքար, որ պետք է, ըստ տրամաբանության, վերափոխեր Հայաստանում պետական կառավարման ողջ տրամաբանությունն ու այն դներ առավել ժուժկալ հիմքերի վրա:

Հիմա հարց բոլորին`որքանո՞վ կարելի է արդյունավետ համարել երկրում կոռուպցիայի ու ամենաթողության դեմ «մղվող» պայքարն, երբ այդ պայքարի առաջամարտիկները` նախարարները, շարունակում են կառավարել’ նույն ոգով ու նախկին սովորություններին հավատարիմ մի պարագայում, երբ օրեցօր ՀՀ տնտեսության վիճակը վատանում է: Ո՞րն է այս ամենում ռացիոնալիզմի հատիկը…

Ա՜խ, երանի՜, թե Հայաստանի խնդիրները սկսվեին ու իրենց ավարտը գտնեին Հրանուշ Հակոբյանի ավիատոմսով. Հայաստանի դժբախտությունը կայանում է հենց այն բանում, որ Հակոբյանով այդ խնդիրները միայն սկսվում են, խնդիրներ, որոնց ո՛չ սկիզբն է երևում, ո՛չ էլ` վերջը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *