Այսօր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նշում է ծննդյան 59-րդ տարեդարձը

Այսօր` սեպտեմբերի 18-ին, Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նշում է ծննդյան 59-րդ տարեդարձը:

Սրբազան հորը շնորհավորական ուղերձ են հղել Արարատյան Հայրապետական թեմի հավատացյալներն ու հոգևորականաց դասը, որը ներկայացնում ենք ստորև.

«Շնորհավո´ր Ձեր տարեդարձը, սիրելի˜ Սրբազան Հայր

Գերաշնորհ Սրբազան Հայր,

Արարատյան Հայրապետական թեմի ողջ հավատացյալների ու հոգևորականաց դասի անունից մեր սրտագին շնորհավորանքներն ենք հղում Ձեզ տարեդարձի առթիվ:

Ձեր անսահման հոգատարության և իմաստության շնորհիվ թեմական կյանքում օր օրի բազմապատկվում են տերունապատվեր առաքելության ազգօգուտ ու եկեղեցանվեր ձեռնարկները:

Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ ու շնորհներով զորացած՝ նորանոր արարումներով և ձեռքբերումներով զարդարվի Ձերդ Սրբազնության հովվական գավազանը՝ հանուն Տիրախնամ Ձեր թեմի և Եկեղեցու պայծառության:

Բարձրյալն Աստծո զորակցությամբ թող շարունակվի կենսավորվել մեր ազգի ու Եկեղեցու ապագայի հանդեպ ունեցած Ձեր տեսլականը’ առավել բարձր հոգևոր ձգտումների տեսողություն դաջելով Ձեզ հանձնված հոտի յուրաքանչյուր անհատի սրտում:

Հանապազ աղոթքով հայցում ենք, որ Ամենազոր Տերը քաջառողջություն, երկար տարիների արևաշատ ու նվիրական բազում իրագործումներով լեցուն օրեր պարգևի Ձեզ:

Որդիական խոնարհութեամբ և աղոթաձայն մաղթանքներով’ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն»:

national.am-ը ևս շնորհավորում է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում երջանկություն ու ամենայն բարիք:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *