Կարեն Կարապետյանը ներկայացրեց ՀՀԿ-ին անդամագրվելու որոշման հիմնավորումները

34d4aec7-dc00-4a7b-89f6-40921d202708_w987_r1_sՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարելով Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու որոշման մասին՝ կարծիք հայտնեց, որ այս քայլը շատերի համար կանխատեսելի է և տրամաբանական, սակայն ինքը ցանկանում է մեկնաբանել, թե ինչու:

«Առաջինը’ վարչապետի պաշտոնում ինձ հրավիրել է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ’ յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին Հանրապետական կուսակցության կառավարությունը: Երրորդ’ եթե նույնիսկ հաշվի չառնենք առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչո՞ւ չենք ստեղծում կամ հիմնադրում մեկ այլ կուսակցություն, որը կլիներ ձեր քաղաքական հենարանը: Ուղղակի դա արդարացված չէր լինի: Ունենալով Արցախի հիմնահարցը և մեր երկրի անվտանգությանն ուղղվա ծ սպառնալիքներ’ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից ու զարգացումներից: Չորրորդ’ ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս՝ ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը և այդտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան»,- ասաց ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ չափազանց կարևոր է, որ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո իր առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը. «անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում, առավել ևս պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից»: Ըստ վարչապետի, այս հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված. խոսակցությունները ներսում շատ բաց են և անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից:

«Հինգերորդ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու գործընթացի, վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես Հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել: Վեցերորդ՝ այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին՝ նոր շունչ հաղորդելով այս շարժմանը: Պարտադի՞ր է , որ կառավարության կազմի անկուսակցական նախարարները և իմ թիմակիցները անդամակցեն ՀՀԿ-ին. որևէ պարտադրանք չկա»,- ասաց Կարապետյանը՝ ավելացնելով, որ դա յուրաքանչյուրի գիտակցական և գաղափարական որոշման հարցն է:

ՀՀ վարչապետն ընդգծեց նաև, որ ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներից ելնելով ոչ միշտ է եղել արդյունավետ: Բայց ըստ Կարապետյանի, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը՝ որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *