Ուղեղային փայլատակումներ խորհրդարանում

parliament_2Հայաստանյան քաղաքական օրակարգի այս օրերի առաջնային թեման 1000 դրամների շուրջ ծավալված իրադարձություններն էին:

Նախորդ օրերին ԱԺ դահլիճում քննարկվում էր արդեն հասարակության կողմից «մաշված»` աշխատող քաղաքացիներից 1000-ական դրամ բռնագանձումն օրինականացնելու օրենքի նախագիծը: Չեմ անդրադառնա օրենքի լավ և վատ, կամ ռիսկային կողմերին , ուղղակի մեկ բառով փաստեմ, որ այն ինչը վերաբերվում է ազգային բանակի հզորացմանն ու առողջացմանը`  հանրության ոչ մի սեկտորում ոչ մի դժգոհություն չի առաջացնում, իսկ արդեն երբ խոսում ենք նախատեսվող հիմնադրամի թափանցիկության և ընդհանրապես, իշխանությունների վստահության փաստի մասին, տեսնում ենք բավականին զորավոր փաստարկներ և բողոքողների մեծ բանակ:

Ինչևէ, երեք օր ուղեղների մաշում էր ընթանում խորհրդարանում, պաթոսային ու ազգապահպան վեհ ելույթներ, ազգի ընտրայլներն արտահայտում էին իրենց մտքի թռիչքի բոլոր փայլատակումները: Հարցը քննարկվեց յոթ նիստերում, հնչեցին 40 ելույթներ: Հիմնականում բոլորը խոսում էին նախագծի դրական կողմերի մասին, սակայն յուրաքանչյուրը զբաղվում էր իր քաղաքական թիմի նախընտրական գովազդով:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ  այս քառօրյան նախավերջինն է և քաղաքական ուժերին գրեթե ժամանակ չի մնացել ընտրություններին և ժողովրդի հետ ուղիղ եթերում ձրի շփման համար, տրամաբանական է, որ նրանք այդ առիթը բաց չէին թողնի: Ամբիոնից ինչ ասես չլսեցինք. հակապետական գեներալներ, օֆշորային սկանդալներ, վերնիսաժյան սապոգներ, պետական պարտք, գազի սակագին, մայիսյան կարկուտ, վարչապետի ծրագիր, վարչապետը կտապալվի, ստոպ. հարգելի ազգընտիր երեսփոխաններն իրոք կորցրել են ադեկվատությունը և անընդհատ «բրթում» են նույն չարչրկված թեզերը:

Իրենց ապագա էլեկտորատին նրանք փորձում են սիրաշահել, ապացուցել, որ աշխատող պատգամավոր են, սակայն մոռանում են, որ չորս տարվա մեջ նստատեղ մաշելով պառլամենտարիզմ ու կիրթ առողջ հասարակություն չես կառուցի: Հայրենի հաստագլուխներն, ըստ էության սթափման կարիք ունեն, ինչպես կասեր կենդանի դասականը:

Ակամայից բախվում ենք այն փաստին, որ մեզ պետք են հանրային նոր դեմքեր և ադեկվատ հասարակություն: Առաջիկա ընտրությունները թերևս կտարբերվեն մնացածից մասնակիցների թվով և նոր ուժերի ու դեմքերի պառլամենտ ձևավորելու հանգամանքով:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *