Սնունդը սկսեց թանկանալ. «Հրապարակ»

28b8682034e52997d7a92dc5eee6d479c40d200e«Հրապարակ»-ը գրում է

Ամանորի նախաշեմին գնաճը դարձյալ թակեց մեր դուռը: Չի բացառվում, սակայն, որ սկիզբ առած թանկացումներն այս դեպքում այնքան էլ առնչություն չունենան նախատոնական ավանդական աժիոտաժի հետ: Քանզի, եթե հետեւենք Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վերջին ամիսների ուղեգծին, ապա կտեսնենք, որ այն նպատակաուղղված է եղել բացառապես տնտեսական ակտիվության խթանմանը եւ գնաճի խրախուսմանը` հընթացս ապահովելով դրամի սահուն արժեզրկում: Ու թեեւ տնտեսական ակտիվությունը վերջին ամսում էլ ավելի նահանջեց, սակայն, արի ու տես, գնաճը հեշտությամբ խթանվեց: Սա տիպիկ հայկական տնտեսության օրինաչափություն է:

Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն հրապարակել է նոյեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ), ըստ որի` նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, պարենային 8 ապրանքախմբերում գներն աճել են՝ այսպիսով ապահովելով պարենային ապրանքների 2,8 % գնաճ: Այն հիմնականում պայմանավորված է բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի 28,5 % աճով, բայց` ոչ միայն: Հոկտեմբերին, նոյեմբերի համեմատ, թանկացումներ գրանցվել են պարենային 13 ապրանքախմբերից 8-ում, այդ թվում` մրգի ապրանքախմբում` 2,1 %-ով (իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ`13,9 %-ով), կաթնամթերքի` 1,6 %-ով, ձկնամթերքի` 1,4 %-ով, կենդանական եւ բուսական յուղերի` 1,3 %-ով, իսկ շաքարավազի գինն աճել է եւս 1,9 %-ով: Այնպես որ, պարենային ապրանքների գնաճը պայմանավորել միայն գյուղատնտեսական ապրանքների սեզոնայնությամբ, այնքան էլ ճիշտ չէ: Եվ եթե քաղաքացին կարող է հանգիստ հրաժարվել 2-2,5 անգամ թանկացած ջերմոցային վարունգի, լոլիկի, սմբուկի ու պղպեղի օգտագործումից, ինչպես նաեւ` կտրուկ թանկացած մրգային որոշ տեսակներից, ապա չի կարող հրաժարվել ձվից, կենդանական ու բուսական յուղերից, կաթնամթերքից, շաքարավազից եւ մնացած բոլորից:

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ ձվի գինն աճել է 10,2%-ով, իսկ շաքարավազինը` 14,8%-ով: Ի դեպ, շաքարավազի գինն սկսեց բարձրանալ դեռեւս այս տարվա օգոստոսից` նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճելով 4,4%-ով: Այս աճն առավել ինտենսիվորեն շարունակվեց հատկապես աշնան ամիսներին, եւ միայն 10 օր առաջ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում մենք արձանագրեցինք շաքարավազի գնի 10 դրամով նվազում, այն էլ` մամուլում բարձրացված որոշակի աղմուկից հետո: Իսկ թե ինչ է կատարվում ձվի շուկայում, եւ ինչով է պայմանավորված այս մթերքի թանկացումը, կփորձենք պարզել առաջիկայում: Ուշագրավ է նաեւ մեր տեղական մրգերի, մասնավորապես՝ տանձի, խնձորի եւ խաղողի մասով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրված հսկայական աճն այն դեպքում, երբ տարին ամենեւին էլ անբարենպաստ չի եղել: Նախորդ տարվա նոյեմբերի համեմատ 66,5%-ով թանկացել է խնձորը, մոտ 37%-ով՝ խաղողը եւ 19,5%-ով էլ` տանձը: Այս ամենը` դեռ նոյեմբերին: Ինչ վերաբերում է ընթացիկ ամսում պարենային շուկայի զարգացումներին, ապա նախորդ տարիների փորձով վստահաբար կարելի է ասել, որ թանկացումները կշարունակվեն, եւ Ամանորը մեր քաղաքացիները կդիմավորեն, ինչպես միշտ` լիքը սեղաններով եւ դատարկված գրպաններով:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *