Ու այսպես տարեցտարի ելնում են շալակն աշխարհի…

զուր

Չնայած դժվար թե գտնվի խելքը գլխին մեկն, ով համարձակվի պնդել, թե Հայաստանում դեռևս կա, գոյություն ունի իրական ընդդիմություն, բայց փաստ է, որ գոնե մինչև վերջերս, այսպես ասած, «արմատական ընդդիմության» դերակատարումն իր վրա էր վերցրել Հայ ազգային կոնգրեսը, որը, եթե անկեղծ, գոնե նախապատերազմյան ժամանակաշրջանում, բավական հաջող կերպով կարողանում էր քիչ թե շատ լավ խաղալ այն դերը, որ նրան վերապահված էր վերևներից: Իսկ այն, որ ՀԱԿ-ի կեցվածքը, սկսած դեռևս 2008-ի աշնանից, ամենևին էլ միանշանակ չի գնահատվել հասարակական ու, մասնավորապես, քաղաքագիտական շրջանակներում, առանձնապես գաղտնիք չէ:

Հանդիսանալով առաջին նախագահի հիմնական քաղաքական գործիքը՝ կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի պարզ դառնա, որ ՀԱԿ-ի հիմնական թիրախ, 2008-ին հաջորդող տարիներին, հանդես են գալու ոչ թե այն ուժերը, որոնք Հայաստանում դե ֆակտո գտնվում են իշխանական բուրգի գագաթին, այլ՝ նախկինները, որոնց հետ ՀԱԿ-ի գերագույն ղեկավարությունն, ինչպես հայտնի է, աչքով աչք չունի մինչև հիմա:

Այստեղ, սակայն, մի շատ տրամաբանական հարց է ծագում, եթե ՀԱԿ-ն իրեն ի սկզբանե հայտարարել էր ընդդումություն իշխանություններին, չէ՞ր նշանակում դա արդյոք, որ այն ընդդիմություն պետք է հանդիսանար նախևառաջ նրանց, ովքեր փաստացի գտնվում էին իշխանության ղեկին, մինչդեռ կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի պարզ դառնար, որ իրականում ՀԱԿ-ը Բաղրամյան 26-ի հերթական հաճախորդն է, որ, եթե լավ խաղա իր դերը, հնարավոր է և պարգևատրվի…

Արդյունքը բոլորիս առաջ է. ապրիլյան պատերզամին հաջորդած ներքաղաքական հայտնի անցուդարձերն այլևս տեղիք չեն տալիս կասկածելու, որ ՀԱԿ-ը, որպես արմատական ընդդիմություն, կնքել է իր մահկանացուն ու վատնել ունեցած այն քաղաքական կապիտալը՝ ժողովրդի վստահությունը, որի շնորհիվ էլ դարձել էր գործոն սեփական ծագման առաջին շրջանում:

Ասել կուզի՝ մարդիկ օգտագործեցին իրենց քաջալերող ու քվե տված հասարակական շերտին՝ սեփական քաղաքական խաղը խաղալու ու այդպիսով սեփական տեղը գտնելու համար: Բայց թե հայկական իրականության պայմաններում ինչ է ասել «քաղաքական կապիտալ», բնավ էլ մինչև վերջ պարզ չէ, քանի որ, ամեն մի կուսակցություն ու քաղաքական ուժ, դատելով դրանց գործելաոճից ու կեցվածքից, յուրովի է ընկալում «կապիտալ» բառի իմաստը: Ոմանք դա, ըստ էության, ընկալել են բառացիորեն ու հիմա միամիտներիս հաշվին հանգիստ տեղավորված խորհդարանական հարմարավետ բազկաթոռներում՝ փորձում են վայելել կյանքի այն հաճույքները, որ ընձեռվում է յուրաքանչյուրին, ում բախտ կվիճակվի հայտնվել ԱԺ-ում. ընդդիմությունն իր ներկայիս պահվածքով վաղուց վերածվել է ՀՀԿ-ի՝ հայելային արտացոլանքի, որի գոյության միակ իմաստն օտարերկրյա դեսպանատների «աչքին թոզ փչելն է», իսկ թոզ փչողն էլ նույն այդ ընդդիմությունն է:

Թե որքանով կարող է Հայաստանի՝ խորհդարանական կառավարման համակարգին անցումը շտկել այն անհեթեթ իրավիճակը, որ տիրում է ներկայումս ԱԺ-ում, անկեղծ ասած, այնքան էլ պարզ չէ: Փաստ է, սակայն, որ եթե կրկին նույն ուժերն ու դեմքերն են հայտ ներկայացնելու Աժ-ում տեղ զբաղեցնելու համար, ապա մեզ այնքան էլ լավ բաներ չեն սպասվում. քաղաքական դաշտը շարունակելու է մնալ հոտած վիճակում՝ այս անգամ, սակայն, մի փոքր այլ փաթեթավորմամբ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *