Պուտինի և Սարգսյանի փոխադարձ բլեֆները

պս

Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը Սերժ Սարգսյանին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո, մեր երկրում արձանագրված ՀՆԱ 10%-ոց աճի մասին դարձել է անեկդոտային թեմա:

Շատերն ասում են, որ հեգնանքը, ծաղրելը բնորոշ են Պուտինի վարքագծին և դրանով է բացատրվում ՀՀ-ում ՀՆԱ 10-տոկոս աճի մասին նրա ակնարկը:

Իրականում ԵՏՄ-ին անդամակցությունից հետո 2015-ին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է ընդամենը երեք տոկոսով:

Գուցե Պուտինն այս վիճակագրությանն անտեղյակ է և «ՀՆԱ 10-տոկոսանոց աճի մասին» հեքիաթը նրան մատուցել են Երևանից՝ մոսկովյան հանդիպմանը հանդիսավորություն հաղորդելու նպատակով:

Հայտնի է նաև, որ սովետական, հիմա նրան փոխարինած ռուսական քաղաքականությանը, պրոպագանդային բնորոշ են անհարկի գաղափարականացումն, ինչն հաճախ ուղեկցվում է բլեֆով:

ԵՏՄ-ն Մոսկվայի համար առաջին հերթին գաղափարական նախագիծ է, նեոկայսերականության, ուժի ցուցադրության դրսևորում:

Այդ տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանի նախագահը կարող էր զբաղվել ԵՏՄ-ի գովքով, PR-ով, ցույց տալ, թե ինչպես է «հետամնաց» Հայաստանն արագ զարգանում «լուսավոր» ԵՏՄ-ի շնորհիվ:

Ի վերջո չի բացառվում, որ Պուտինն ուղղակի «հանձնարարություն» է տվել Հայաստանի իշխանություններին՝ նրանց պարտավորեցնելով 2016-ի համար «նկարել» ՀՆԱ 10 տոկոսանոց աճ:

Սա նույնպես սովետառուսական հայտնի ավանդույթ է, գեղեցիկ և տպավորիչ թվերի տակ քողարկվում է տխուր և մռայլ իրականությունը:

Սակայն Հայաստանի նախագահը պարտքի տակ չի մնացել և ռուսաստանցի իր գործընկերոջ հետ հանդիպմանը հրապարակել է մի թիվ, որը ևս մինչ այսօր հարուցում է տնտեսագետների, փորձագետների զարմանքը:

ԵՏՄ տարածքում տնտեսական ճգնաժամի հետևանքով ապրանքաշրջանառության ծավալներն էապես նվազել են: Դա վերաբերում է նաև Հայաստանին ու Ռուսաստանին, որոնց ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 5.8 տոկոսով:

Սարգսյանի աչքին նվազումը աճ է թվացել, այն էլ 12 տոկոսի չափով:

Այս փոխադարձ կեղծված թվերը իրականում բացահայտում են ռուս-հայկական այսօրվա հարաբերություններրի խորքային ճգնաժամը:

Սարգիս Հակոբյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *