Խանութպա՞ն, թե՞ բժիշկ. պատասխանն ակնհայտ է…

ԱՆ

Արդեն մի քանի օր է, ինչ ֆեյսբուքյան հարթակում և, իհարկե, դրանից դուրս ակտիվ քննարկումների առարկա է դարձել արդարադատության նախկին նախարար, դեսպան Հովհաննես Մանուկյանի սեփական ֆեյսբուքյան էջում կատարած համապատասխան գրառումն ու դրա վերաբերյալ Առողջապահության նախարարության կողմից հնչեցրած անհասականալի արձագանքը, որում Մուրադյան Արմենի ենթականերն իրենց վրդովմունքն էին արտահայտում Հովհաննես Մանուկյանի՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների վերաբերյալ կատարած գրառմանն, ուր հայտնել էր անհանգստություն՝ ԱՆ կողմից իրականացվող պատվաստումների հետ կապված՝ նշելով, որ դրանք հաճախ դառնում են մարդկանց գլխին իսկական սպառնալիք:

Այն, որ Հայաստանում առողջապահության մակարդակը կիլոմետրերով հեռու է բավարար համարվելուց, առանձնապես նորություն չէ. ցանկացածն, ով դժբախտություն է ունեցել օգտվելու հիվանդանոցների կողմից առաջարկվող ծառայություններից, կարող է վկայել այն խայտառակ վիճակի մասին, որն արդեն երկար տարիներ է, ինչ իշխող է այս օղակում:

Ու չնայած Արմեն Մուրադյանի ու նրա վայ «փիառշիկների» գործադրած ջանքերին՝ ապացուցելու բոլորին, որ նախարարը չափից դուրս կիրթ ու գրագետ մեկն է՝ նույնականացվելու համար հայաստանյան կառավարման համակարգում իշխող իրականության հետ, փաստը մնում է փաստ, որ նա, շատ դեպքերում, ավելի վատն է, քան իր գործընկերներ-նախարարներից շատերը. անսխալ տպավորություն է ստեղծվում, թե Մուրադյանն, ի տարբերություն ոմանց, մի փոքր ավելի կեղծավոր է ու շատ է անհանգստանում իր հասարակական իմիջով, ինչի պատճառով էլ, շատ հաճախ «PR» ակցիաներ հիշեցնող միջոցառումներ է կազմակերպում իր իսկ մասնակցությամբ, ճիշտ է, առանց այդ մասին նախապես հայտարարելու (անկրկնելի օրինակ էր արձակուրդի օրերին նրա այցն՝ ապրիլյան պատերազմից տուժած զինվորներին, երբ սոցիալական ցանցերը, պարզապես, հեղեղվեցին զինվորների հետ նրա «սելֆիներով»):

Իսկ թե հատկապես ինչն է Մուրադյանի խաղաղ հոգին այլայլել՝ կապված Մանուկյանի գրառման հետ, եթե անկեղծ, անհասկանալի է, քանի որ Մանուկյանը նախ՝ իր գրառումն ամենևին էլ չէր անձնավորել, երկրորդ՝ ոչ մի խոսք չէր եղել այն մասին, որ հենց Հայաստանի Առողջապահության նախարարության մեղքով է, որ ասենք սխալ պատվաստումների արդյունքում մարդիկ հաշմանդամ են դառնում և այլն. մարդը, պարզապես, արդարացիորեն նկատել էր, որ ոմանք փորձում են այս ամենից բիզնես սարքել ու փող աշխատել:

Հիմա հարց. չլինի՞ թե Մուրադյանին սույն գրառման մեջ դուր չի եկել հատկապես այն հատվածը, որում խոսք էր գնում չարաշահումների ու մարդկանց առողջության հաշվին փող աշխատելու արատավոր երևույթի մասին, եթե այո, ապա հարց համար երկու՝ ինչո՞ւ…

Այսքանից հետո մնում է, պարզապես, մի խորհուրդ տալ նախարար Մուրադյանին. եթե իրապես մտահոգ է իր ու իր կողմից ղեկավարվող գերատեսչության «իմիջով», ապա թո՛ղ ոչ թե հարձակվի նրանց վրա, ովքեր արդարացիորեն քննադատության են ենթարկում համակարգում արմատացած արատներն ու խայտառակ բացթողումներն, այլ ամեն ինչ անի՝ շտկելու ու վերացնելու դրանք, առողջապահությունը հասարակ մարդկանց մոտեցնի, դրան տալով մարդկային դեմք, առանց որի համակարգի գոյությունն իսկ անիմաստ է դառնում՝ վերածվելով Արմեն Մուրադյանի դուքանի…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *