Այս տարվա սեպտեմբերի մեկն արտառոց սկսվեց Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի համար: Գյուղացիները փակել էին դպրոցի մուտքը` թույլ չտալով ուսումնական տարվա մեկնարկը:
Ինչքան ծայրահեղ պետք է լինի մարդկանց վիճակն ու անսահման հուսահատությունը, որ նրանք գնան նման արտառոց քայլի՝ դպրոցի, իրենց երեխաների ուսման հաշվին:
Աղավնաձորցիները տասն ամիս փորձում են ստանալ մթերման հանձնված խաղողի գումարը՝140 միլիոն դրամ: Այս ամիսներին նրանց բազմաթիվ անգամ հուսադրել են, խոստումներ են տվել, սակայն անօգուտ: Մարդիկ այլևս չեն հավատում ոչ մի պետական մարմնի՝ թերևս աչքի առաջ ունենալով նաիրիտցիների, քիմպրոմցիների դաժան փորձը:
Արտաքուստ խնդիրը պարզ ու հասարակ է թվում: Մթերումն իրականացրել է մասնավոր «Վեդի Ալկո» ընկերությունը և թվում է, թե նրանց կուտակած պարտքի հետ կառավարությունը պետք է գործ չունենար:
Ի վերջո, եթե երկու մասնավոր սուբյեկտ՝ տվյալ դեպքում գյուղացին և «Վեդի Ալկո»-ն, ֆինանսական խնդիրներ ունեն, ապա այդ հարցով պետք է զբաղվի ոչ թե կառավարությունը, այլ դատարանները, անհրաժեշտության դեպքում՝ իրավապահ մարմինները:
Այդպես է քաղաքակիրթ երկրներում, այդպես կլիներ Հայաստանում, եթե մեր երկիրն առաջնորդվեր օրենքներով, ոչ թե չգրված կանոններով, քրեաօլիգարխիկ բարքերով:
Սակայն այս պատմության մեջ առնվազն երկու հանգամանք կա, որոնք ստիպում են մտածել, որ «Վեդի Ալկոն» նույնքան տուժած է, որքան աղավնաձորցիները, որոնց այդ ընկերությունը պարտք է:
«Վեդի Ալկո»-ի սեփականատերը Մանվել Ղազարյանն է. Արցախյան պատերազմի մասնակից, երկրապահ, Վազգեն Սարգսյանի շրջապատի մարդ, ԱԺ նախկին պատգամավոր:
Ասում են՝ 2012-ին նրա ու Հովիկ Աբրահամյանի «ջրերը նույն առվով չեն գնացել»: Թերևս դա էր պատճառը, որ 2012-ին Ղազարյանը չառաջադրվեց պատգամավորության թեկնածու և, առհասարակ,իրեն դուրս դրեց իշխանական «էլիտա» կոչվածից:
Հայաստանում բիզնեսը բարգավաճում է, երբ դրա տերը լոյալ է իշխանություններին, նրանց «մուծվում է»:
«Վեդի Ալկո»-ի սեփականատերն, ըստ ամենայնի, խախտել է չգրված այս օրենքն ու իր բիզնեսը կանգնեցրել է սնանկացման եզրին:
Խաղողի մթերման այս պատմությունը տարիների գործընթացի վերջին, եզրափակիչ ակորդն է: Անցած տարի խաղողի առատ բերք է եղել, իշխանությունները որոշել են «լավամարդ» լինել և գյուղացիների տրտունջներին, թե «հավաքված մթերքը փչանում է, մթերող՝ չկա»:
Կառավարությունն ինքատիպ լուծում է տվել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նրա բիզնես պարտնյոր գյուղնախարար Սերգո Կարապետյանը կանչել է սեփականատերերին, այդ թվում «Վեդի Ալկո»-ի Մանվելին ու հորդորել, պահանջել են խաղող մթերել:
Քանի որ մթերվող խաղողը սեփականատերերին պետք չի եղել, ապա կառավարությունը նրանց վարկավորում է խոստացել: Հետո Արգամիչն ու նրա բիզնես-պարտնյորն իրենց խոստումը չեն կատարել:
Արդյունքում, «Վեդի Ալկոն» կանգնել է սնանկացման, իսկ աղավնաձորցիները՝ թշվառության շեմին:Սա իհարկե քրեաօլիգարխիկ համակարգի միակ դրսևրումը չէ: Շուրջբոլորը աղքատացած և հուսահատ մարդիկ են, որոնց այս վիճակին է հասցրել գերշահույթներ ստանալու ոմանց հիվանդագին տենչը:
Սարգիս Հակոբյան