Որ պարագայում կարող է ստատուս-քվոյի փոփոխությունը ձեռնտու լինել Հայաստանին

timthumbԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

-Պարոն Մարտիրոսյան, Արցախի ու Ադրբեջանի սահմանին լարվածությունը, ըստ Ձեզ, սպասելի՞ էր և ինչո՞վ է պայմանավորված։

-Ադրբեջանի կողմից վարվող խելացի և սողացող պատերազմով: Դրանով Ադրբեջանը հետևողականորեն, անխոնջ և խիստ արդյունավետ կերպով արնաքամում է, հյուծում է, հայաթափում և բարոյազրկում է Հայաստանը: Եթե Հայաստանը շարունակի նույնքան պարտվողական մնալ, որքան մինչ այսօր է՝ Ադրբեջանը մեծ հաջողություններ կարձանագրի:

-Մի քանի օր առաջ ԱՄՆ նախկին համանախագահ Ուորլիքը հայտարարեց, որ մինչ օրս չի բացահայտվել Ապրիլյան պատերազմի պատճառները։ Ի՞նչ է ակնարկում սրանով նախկին համանախագահը։

-Ոչինչ: Մարդն ուղղակի խոստովանում է, որ իր համար ապրիլյան մարտերի պատճառները հայտնի չեն: Չեմ զարմանում: Եթե կարծում եք, թե Վաշինգթոնում կամ Մոսկվայում միայն հանճարներ են նստած՝ խորապես սխալվում եք: Ամերիկյան քաղաքականությունը կազմավորողների մի որոշակի զանգված՝ ընդհանրապես չի հասկանում, թե որ երկրում ինչ է տեղի ունենում: Եվ դա միայն ԱՄՆ-ում չէ, որ այդպես է: Աշխարհի բոլոր երկրներում կան այդպիսի զանգվածներ: Խոր իմաստներ պետք չէ փնտրել գործից հեռու, բայց դրա լուծմանը, որպես միջնորդ, ինչ-որ ժամանակ լծված և ամենայն հավանականությամբ՝ անգամ վարսավիրի չայցելող անձից: Բացի խնդիրը խորքից չհասկանալուց՝ ևս մեկ բան կարող է դրդած լինել այդ դեսպանին նման բան ասել. այն, որ չի ցանկանում ցույց տալ, որ հասկանում է:

-Նա իր խոսքում ասել է, որ իր համանախագահ եղած ժամանակ սեղանին բավական հետաքրքիր առաջարկներ կային։ Ի՞նչ հետաքրքիր առաջարկ կարող է լինել հակամարտության կարգավորման վերաբերյալ։

-Հողեր տալը, միջանկյալ կարգավիճակները և այլն: Չեմ կասկածում, որ դրանք հրաշալի լուծումներ են հանդիսացել մեկի համար, որ աշխարհին նայում է սեփական պատուհանից միայն: Կան մարդիկ, որոնք չեն հասկանում, որ կան այլ մշակույթներ քան արևմտյանը և այլ օրակարգեր՝ քան արևմտյանը: Ուորլիքը, վստահաբար, այդ անձանցից էր: Նեղ և սեփական նահանգի մակարդակով մտածող մեկը, որ հաջողակ կարիերա էր արել:

-ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ևս կոչ է արել անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները։ Ինչպե՞ս եք գնահատում քարտուղարի այդ հայտարարությունը և արդյո՞ք այս պահին հնարավոր է վերադառնալ բանակցային սեղանին։

-Իսկ ի՞նչ պետք է ասի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Որ պետք է չբանակցե՞լ: Մարդն ի պաշտոնե պարտավոր է նման բան ասել և մեծապես կասկածում եմ, որ փորձառու դիվանագետ Գուտերեշն ինքը՝ խորապես հասկանում է հայ-թյուրքական խնդիրների և արցախյան հարցի խորքային ծալքերը: Ասեմ այսպես. եթե Երևանում դա եզակիներն են հասկանում, ապա համաշխարհային մայրաքաղաքներում հաստատ մի՛ փնտրեք նման մարդկանց:

Երկրորդ հանգամանքն այն է, որ Ադրբեջանը մեծագույն բարոյական հաղթանակ է արձանագրել ապրիլին: Բացի ութ հարյուր հեկտարից, որ նաև առարկայական նվաճում է՝ Ադրբեջանը Հայաստանին բարեհաջող շանտաժի ենթարկելով՝ հասել է նրան, որ աշխարհը սկսել է պնդել, որ ստատուս քվոն անհնար է այլևս պաշտպանել: Իսկ ստատուս-քվոն շատ ձեռնտու էր Հայաստանին: Եվ հիմա, ընդունելով Ադրբեջանի խաղի կանոնները, Հայաստանը ստիպված է հաշվի նստել հօգուտ իրեն առկա իրավիճակի փոփոխության կոչերի հետ: Ստատուս քվոյի փոփոխությունը միայն ու միայն մեկ պարագայում կարող է ձեռնտու լինել Հայաստանին. եթե Հայաստանն ազատագրի մինչև Քուռ և Արաքս գետեր ընկած իր տարածքները: Դա, իհարկե, պաշտոնական Երևանի հայտնի դիրքորոշման պայմաններում ֆանտաստիկայի ոլորտից է: Հետևաբար, Ադրբեջանն առայժմ շահում է:

-Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցի շրջանակում նոր իրավական փաստաթուղթ է ստորագրվել Հայաստան—ԵՄ, և հայտարարել են ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։ Ի՞նչ ազդեցություն կունենա այն՝ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։

-Նախ՝ արցախյան հակամարտությունը չի կարող կարգավորվել: Կարգավորվում է կարգին հակառակորդների հետ կոնֆլիկտը: Բարբարոս և ցեղասպան արժեքներ դավանող պետության հետ կարգավորելն ինչպե՞ս են պատկերացնում՝ չգիտեմ: ԵՄ-ն, տեսնելով Հայաստանի եվրասիականացումը, նախ՝ վիրավորվեց, ապա, երկար մտածելուց հետո՝ որոշեց այնուամենայնիվ ինչ-որ մի բան ունենալ Հայաստանի հետ: Եվ ահա այդ ինչ-որ մի բանի շուրջ ինչ-որ բանակցություններն ավարտվել են և ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի՝ ինչ-որ համագործակցության վերաբերյալ:

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *