ՊԵԿ-ը կանխել է «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի արտահանման փորձը. Այն եղել է օղու շշի մեջ

default-8Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության ու մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչությունների աշխատակիցներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, դեկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւոր Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են շուրջ 100 գրամ մեթամֆետամին տեսակի թմրանյութ:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ճամպրուկում հայտնաբերված օղու ապակյա տարան օգտագործվել է որպես թաքստոց: Թմրանյութն առգրավվել է եւ ուղարկվել փորձաքննության, ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ պետական սահմանով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ: Վլադիմիր Հովսեփյանը նշված կասկածանքով ձերբակալվել է, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությամբ նշանակվել են դատաքիմիական եւ դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ՝ գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու նպատակով: ՊԵԿ քննչական վարչության հետ համատեղ շարունակվում է օպերատիվ աշխատանքը` դեպքի ամբողջական բացահայտման, թմրանյութի ձեռքբերման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 Միաժամանակ Պետական եկամուտների կոմիտեն նախատոնական օրերին շարունակում է խստորեն հետեւել  եւ բացահայտել հարկային օրենսդրությունը խախտողներին: ՊԵԿ ներքին անվտանգության եւ օպերատիվ հետախուզության վարչությունների համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է առանց պետական գրանցման՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 3 դեպք:

Այսպես, պարզվել է, որ Գյումրիի բնակիչ Ժորա Խուրշուդյանը, շրջանցելով հարկային դաշտը, փորձել է  շուրջ 1 տոննա 200կգ պարենային ապրանք իրացնել, որը նա ձեռք է բերել Գյումրիում տեղակայված պահեստներից, որոնք պատկանում են նույն քաղաքի բնակիչներ՝ Ժորա Ասլանյանին եւ Արթուր Գրիգորյանին,  ովքեր առանց համապատասխան պետական գրանցման զբաղվել են առեւտրային գործունեությամբ: Պահեստներում հայտնաբերվել է շուրջ 4  տոննա պարենային եւ տնտեսական ապրանք: Ուսումնասիրությամբ միաժամանակ բացահայտվել է, որ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների մի մասը վաճառվել է առանց դրոշմապիտակների: Նյութերն ուղարկվել են ՊԵԿ վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը պարզելու համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *