«Տիգրան Մեծի Արշակը» վստահ է, որ փոփոխությունների համար Ծառուկյանը քաղաքական կամք ունի

timthumb (5)Մարտի 26-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում բակային հանդիպումներ էր կազմակերպել թիվ 3 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված «Տիգրան Մեծի Արշակը»՝ ազատամարտիկ Արշակ Արշակյանը։

Բազմամարդ հանդիպումներում պատգամավորության թեկնածուն բնակիչներին պատմեց իր, իր անցած մարտական ուղու մասին, խոսեց երկրի կառավարման իր պատկերացումների, «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկված առաջնահերթություն պահանջող 15 կետերի մասին:

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Արշակյանն իր հանդիպումներից մեկում ընդգծեց. «Բնակիչների հետ հանդիպումներից հասկացել եմ՝ մարդկանց մոտ հույսը կորել է, բոլոր թեկնածուներին և դաշինքներին, այսպես ասած, նույն արշինով են չափում, բայց վստահեցնում եմ ձեզ՝ այս ընտրությունները իրավիճակ կարող են փոխել: Պետք է մարդիկ վստահության քվե տան նրանց, ովքեր կկարողանան ստեղծված վատ, աղքատ իրավիճակից մեր երկիրը դուրս բերել. «Ծառուկյան» դաշինքն ու անձամբ ես՝ ունենք այդ քաղաքական կամքը, եռանդը, լավին հասնելու նպատակը»:

Արշակյանի խոսքով՝ ամեն ինչի մեղավորը ժողովուրդն է, քանի որ ընտրություն կատարելիս չենք հավատում, չենք վստահում ու տարիներ շարունակ ձայն ենք տալիս նույն մարդկանց, այնինչ՝ երկրում հասունացել է սերնդափոխության խիստ անհրաժեշտություն, որովհետև շատերը կառչած են իրենց աթոռից և պոկ չեն գալիս՝ նոր ուժերի, նոր գաղափարների առջև պատ կազմելով:

«Ամեն ինչ մեզնից է կախված: Ապրիլի  երկուսին, մտածելով մատաղ սերնդի մասին, վճռական քայլի գնացեք: Ում վստահում եք, ով հնարավորություն ունի, արած գործով ապացուցել է իր խոսքերը՝ նրան ընտրեք ու հենց նրանից էլ պահանջեք: Ժողովուրդ ջան, չեմ ասում իշխանությունների մեջ լավ մարդիկ չկան, միշտ էլ կան լավ մարդիկ, բայց համակարգն է սխալ դրված, եթե անհատական մարդիկ, որևէ պաշտոնյա ուզի դեպի լավը փոխի՝ չի ստացվի, մինչև արմատից բարեփոխում չկատարվի: Սխալ մեխանիզմ է, հետևաբար, ոլորտները ճիշտ աշխատել չեն կարող»,- ասաց Արշակյանը:

Արշակ Արշակյանը բնակիչներին վստահեցրեց՝ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագիրը կետ առ կետ հիմնված է ճշգրիտ հաշվարկների վրա, իսկ ով մեղադրում է պոպուլիզմի մեջ, կամ անիրականանալի է դրանք համարում, ուրեմն այդ մարդիկ չեն պատկերացնում երկրի կառավարման ճիշտ մեթոդները և նրանց նմանների պատճառով է, որ երկիրն այսօրվա վիճակում է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *