Հայաստանի ներկայացուցիչը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. ում թեկնածությունն է ներկայացնելու ՀՀ նախագահը

hapk

Երևանում մոտ մեկ ամսից` հոկտեմբերի 14-ին, նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գերագույն մարմնի’ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որն անցկացվելու է նախագահների մակարդակով: Այդ նիստի ընթացքում նշանակվելու է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար. 2003 թվականից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային փոխարինելու է գալու Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, քանի որ որոշվել է այդ պաշտոնում նշանակումներն այսուհետ կատարել ռոտացիոն սկզբունքով:

Առաջիկա 3 տարիներին այդ կառույցը ղեկավարելու է Հայաստանի ներկայացուցիչը: Երեք տարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչին փոխարինելու է Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ ըստ այբբենական հերթականության, Հայաստանից հետո հաջորդը Բելառուսի անունն է:

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ իրեն այդ պաշտոնում փոխարինող Հայաստանի ներկայացուցչի անունը հրապարակվելու է հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ:
«Կոնկրետ ով է լինելու, առայժմ չեմ կարող ասել»,- նշել է Բորդյուժան:

Ըստ որոշ տեղեկությունների, վերոնշյալ փոփոխությունը պետք է տեղի ունենար դեռ այս տարվա փետրվարին, սակայն ինչ-ինչ պատճառով կամ պատճառներով հետաձգվել է:

Ստույգ ասել, թե ՀՀ նախագահը ում թեկնածությունն է ներկայացնելու այդ բարձր ու կարևոր պաշտոնում, այս պահին դժվար է: Ըստ մեր աղբյուրների, վերոնշյալ պաշտոնում հավանական թեկնածուները երկուսն են’ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը և կառավարության հրաժարականից հետո արդեն ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը: Որպես այդ պաշտոնի թեկնածու, շրջանառվում է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի անունը, սակայն նրա թեկնածության առաջադրումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քիչ հավանական է համարվում:

Ներկայիս իրավիճակում, երբ ինչպես ԼՂՀ նախագահը, պաշտպանության նախարարը, այնպես էլ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բարձր են գնահատում Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման հնարավորությունը, թերևս գերագնահատման կարիք չունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը: Ամեն ինչից զատ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը, կարծում եմ, լրացուցիչ զսպող գործոն կլինի Ադրբեջանի համար: Չխորանալով այլևայլ հարցերի մեջ` նշեմ միայն, որ Հայաստանի Հանրապետության (ընդգծեմ’ ոչ թե ԼՂՀ-ի, այլ ՀՀ-ի, քանի որ ԼՂՀ-ն ՀԱՊԿ անդամ չէ) նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ի ռազմական արձագանքի օպերատիվությունը կարելի է երաշխավորված համարել:

Նկատի ունենանք, որ 2009թ. փետրվարի 4-ին, երբ ՀԱՊԿ նախագահող երկիրը Հայաստանն էր, Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները հավանության են արժանացրել Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումը, իսկ հետագա տարիներին այդ ուժերն արդեն ստեղծվել են: Դրանց օգտագործումը նախատեսված է կազմակերպության անդամ երկրների կամ նրանցից ցանկացած մեկի նկատմամբ ռազմական ագրեսիան հետ մղելու, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, տրանսազգային կազմակերպված հանցավորության, նարկոթրաֆիքի դեմ պայքարում հատուկ գործողություններ անցկացնելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնելու համար:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման), ապա դա անդամ պետությունների կողմից կհամարվի որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակում) սույն Պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ»:

Իհարկե, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում վերոնշյալի առումով, բացի Ռուսաստանից, դժվար է վստահություն ունենալ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների նկատմամբ, հատկապես Ղազախստանի, հետևաբար մենք մեր հույսը պետք է առաջինը մեր Աստծո ու մեր վրա դնենք, բայց միաժամանակ նաև չթերագնահատենք կամ չանտեսենք ՀԱՊԿ դերը, նշանակությունը և հնարավորությունները:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակմանն է անդրադարձել նաև ռուսական լրատվական գործակալություններից «Regnum»-ը: Ըստ վերջինիս հրապարակման, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման վերաբերյալ Բորդյուժայի հայտարարությունը կարևոր է հետևյալ հանգամանքի բերումով. ՀԱՊԿ-ն գլխավորելու է մի երկիր, որը մեծ ցնցում ապրեց ապրիլին, երբ ընդհարում տեղի ունեցավ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև, որը կարող էր տեղափոխվել նաև Հայաստանի տարածք, կամ էլ, որի շրջանակներում, ՀՀ Զինված ուժերը կարող էին ներգրավվել հակամարտության մեջ: ՀԱՊԿ-ի համար գերիշխող սկզբունք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը:

Արթուր Հովհաննիսյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *