Մի՞թե Պուտինն այդքան հիմար է. դժվար թե…

middle_1448881412_9617388

Այն օրվանից, երբ ձնհալ սկսվեց ռուս-թուրքական հարաբերություններում, մի շարք վերլուծական շրջանակներում սկսեց հասունանալ այն միտքը, թե չի բացառվում,որ ապագայում Թուրքիան փորձի նույնիսկ անդամակցել Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանն՝ ի պատասխան Արևմուտքի՝ Թուրքիայի նկատմամբ որդեգրած կոշտ քաղաքականության: Եվ ահա բանից պարզվում է, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեհբեկչին, թուրքական զլմ-ներից մեկին տալով հարցազրույց, ոչ երկիմաստ կերպով ակնարկել է, որ Թուրքիան ցանկանում է միանալ ԵՏՄ-ին՝ համարելով ԵՏՄ հետ ունեցած հարաբերությունները ոչ պակաս կարոր Թուրքիա ԵՄ հարաբերություններից և հաստատելով որոշ հայ փորձագետների ունեցած մտավախությունը:

Եթե փորձենք մի պահ ենթադրել, որ ոչ հեռու ապագայում Թուրքիան, իրոք, կարող է անդամակցել այն նույն կառույցին, որի անդամ է նաև մեր պետությունն ու փորձենք հասկանալ, թե ինչպիսի վտանգներով կարող է դա լեցուն լինել մեր երկրի համար, ապա առաջին բանը, որ պետք է ընդծենք, մեր երկրի՝ առանց այն էլ ոչ այնքան կարևոր դերի է՛լ ավելի նվազեցման անխուսափելի հեռանկարն է ԵՏՄ-ում. մենք, ըստ էության, կվերածվենք «իզգոյ» պետության: Ինչ խոսք՝ առաջին հարվածը, որ կհասցվի Հայաստանին,կլինի տնտեսական հարթությունում. մեր ապրանքները, որոնք հիմնականում բնական ծագման են, այլևս կզրկվեն ունեցած առանց այն էլ քիչ պահանջարկից, քանզի ինչպես հայտնի է, ներկայումս քիչ երկրներ կան, որոնք կարող են գոնե գյուղատնտեսության ոլորտում մրցակցել Թուրքիայի հետ, քանի որ այնտեղի գյուղմթերքն էժան է ու մրցունակ (ի դեպ՝ Հայաստանի բանջարեղենային բիզնեսը կազմում է Թուրքիայինի ընդամենը 3%-ը,ինչը, բնականաբար, նշանակում է հայաստանյան գյուղատնտեսության կատարյալ կոլապս):

Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական ասպեկտին, ապա այստեղ,կարծում ենք, երկար-բարակ բացատրությունների կարիք,առհասարակ, չկա. Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան եռադաշինքը մեզ ոչ մի լավ բան չի կարող խոստանալ, քանի որ ունենալով չլուծված հակամարտություն՝ մենք ամեն օր բախվելու ենք անօրինակ ճնշումների ու մարտահրավերների առաջ ենք կանգնելու՝ մնալով միայնակ մեր խնդիրների հետ:

Բայց գլխավոր հարցը,որ բարձրանում է Թուրքիայի՝ ԵՏՄ անդամ դառնալու հավանականության հետ կապված, թերևս, Ռուսաստանի դիրքորոշման խնդիրն է. արդյոք ՌԴ իրապես կարո՞ղ է շահագրգիռ լինել, որպեսզի գրեթե իրեն հավասար ՀՆԱ ունեցող երկիրը գա ու բազմի իր հետ միևնույն աթոռին, չէ՞ որ այդ պարագայում ռուսները ստիպված են լինելու կիսել գահը միության ներսում՝ դադարելով միահեծան որոշումներ կայացնողի դերում հանդես գալ: Շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ Մոսկվան երբեք կանաչ լույս չի վառի Անկարայի առաջ և ահա թե ինչու:

Կրեմլը փայլուն գիտակցում է, որ միության մեջ թյուրքական տարրի հզորացումը ոչ մի կերպ չի կարող բխել իր երկարաժամկետ ստրատեգիական շահերից, քանի որ Նազարբաևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է եղբայրական թուրք ժողովրդի նկատմամբ իր ունեցած համակրանքի մասին՝ չթաքցնելով իր շահագրգռվածությունը Թուրքիայի անդամակցմամբ. թյուրքական տարրի հզորացում ԵՏՄ ներսում կնշանակի ռուսական հեգեմոնիայի ավարտ: Իսկ թե որքանով կարող է Թուրքիայի տեսական անդամակցումը նպաստել այդ երկրի՝ Արևմուտքից կտրվելուն, ևս մեծ հարց է, քանի որ թուրք պաշտոնյան իր խոսքում չի մոռացել շեշտել, որ իր երկիրը չի ցանկանում ԵՏՄ-ին միանալ ի հաշիվ ԵՄ հետ ունեցած հարաբերությունների, այլ եթե հնարավոր կլինի զուգակցել տնտեսաաշխարհաքաղաքական երկու բևեռների հետ ինտեգրացիոն գործընթացներն: Ասել կուզի՝ Պուտինը,բացի վնասից, ուրիշ ոչինչ չի կարող ակնկալել Թուրքիայի՝ կառույցին անդամակցելուց, որ ոչ միայն վտանգի տակ կդնի ԵՏՄ գոյությունն,այլև Ռուսաստանին կհասցնի այնպիսի տնտեսական վնասներ, որոնք թանկ կարժենան երկրի բնակչության վրա.խնդիր ունեալով ինքնաբավ դառնալու՝ ՌԴ-ն չի կարողանալու իր առաջ դրված այդ խնդիրը լուծել:

Այնպես որ՝ թուրք նախարարի հայտարարությանը հարկավոր է վերաբերվել ոչ այնքան լուրջ ու այն դիտարկել ավելի շատ քաղաքական կոնտեքստում՝ ռուս-թուրքական հարաբերույունների ջերմացման ֆոնին. նախարարի ցանկությունն այն երազանքներից է, որոնց երբեք վիճակված չէ իրականանալու…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *