Գյումրեցուն ու Ծառուկյանին քննադատելուց առաջ կարո՞ղ եք մի պահ մտածել…

b7a4f8b4e15aecba6bc5732dfd14d141Մարդ է մահացել: Դա կարող է լինել հիվանդանոցում, փողոցում, ինքնաթիռում, ուր ասես: Դա կարող է լինել նաև որևէ երգչի, շոումենի, դերասանի, քաղաքական գործչի դիմավորելու ժամանակ: …Բայց դա եղել է Գագիկ Ծառուկյանին Գյումրիում դիմավորելու ժամանակ: ԲՀԿ նախկին առաջնորդին տեսնելու էին եկել հարյուրավոր գյումրեցիներ: Զարմանալի՞ է, որ մարդիկ ուզում էին տեսնել նրան: Չգիտե՞ք՝ ինչու էին ուզում տեսնել, հանդիպել… Երբևէ պատկերացնու՞մ եք այն մարդկանց վիճակը, որոնք էլ ճար չունեն: Նրանք մեկնում են իրենց ձեռքը մոտակա ամենափոքրիկ շյուղին՝ փրկության հույսով: Որևէ մեկիդ հետ պատահե՞լ է, անցած լինի, ով փրկվել է խեղդվելուց: Փոթորկոտ ծովի մեջ միայնակ՝ ջրերի հոսանքին տրված «քշվում է» ու աչքերով, առանց շյուղի ամրության մասին մտածելու, շյուղ է փնտրում ու փորձում կառչել… Կարդում եմ Ծառուկյանին դիմավորելու վերաբերյալ գրառումները և ուզում եմ ասել՝ մարդիկ, դուք չեք հասկանում այն մարդկանց, ովքեր «խեղդվում են անափ ծովում»: Չեք հասկանում, որովհետև նայում եմ «սելֆի արած ձեր ճոխ սեղաններին, օրվա մեջ հինգ անգամ տարբեր հագուստներով գունագեղ նկարներին, կուշտ ու անհոգ ժպիտներին» և ավելի շատ չեմ հասկանում ձեզ, քան այն մարդկանց, ովքեր չորացած- ճաքած պռոշներով ու ցնցոտիներով եկել են դիմավորելու Ծառուկյանին: Հպարտ գյումրեցին ահեղ տարերքի առաջ դեմ առ դեմ կանգնած է: Դուք ասում եք՝ գնացեք ու հպարտ- հպարտ տրվեք գետի հորձանքին: Մի կանգնեք, մի վերականգնեք ձեր ուժերը, ուղիղ գնացեք տարերքի բերանը: Ոչինչ, որ այդ հորձանուտի մեջ է ձեր ողջ ընտանիքը, փոքրիկները: Ասում ու ձեր ծանրաբեռնված խաշի սեղաններն եք ներկայացնում, ասում ու հայրենասիրություն եք խաղում: Թե ով է Ծառուկյանը, մի կողմ թողնենք, բայց ծանր վիճակում գտնվող մարդը համոզվել է, որ Ծառուկյանը կարող է ձեռք մեկնել, մի բան տալ… (Նորից չաքլորանաք՝ դա իր փողերը չի, մեր փողերն են): Եթե այդպես լավ գիտեք ձեր իրավունքները պաշպանելը, գնացեք ու տեր կանգնեք ձեր եղածին: Փոխանակ մտածեք, թե ինչու՞ ենք հայտնվել մուրացկանի վիճակում, գյումրեցուն ու Ծառուկյանին եք քննադատում: Գյումրեցուն ու Ծառուկյանին քննադատելուց առաջ կարո՞ղ եք մի պահ մտածել… ՀԳ Ո՞ւմ ձեռքը բռնի աղքատը, երբ աչքի առաջ սովից ուշաթափվում է իր երեխան: Ծայրահեղացնու՞մ եմ. ուրեմն օգնություն կանչողի ձայնը ձեր ականջին չի հասել: Հիշեցնենք, որ ցավալի դեպք է գրանցվել Գյումրիում՝ Գագիկ Ծառուկյանին դիմավորելու ժամանակ: Ընդհանուր բազմության մեջ ուշագնաց է եղել 59 տարեկան մի տղամարդ, որին հապշտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն տղամարդը կաթվածահար էր եղել, և կյանքը կյանքը չի հաջողվել փրկել: Հասմիկ Բաբաջանյան Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *