Ակնհայտ է, որ այսպիսի կառավարությունն արդեն չարիք է դարձել մեր երկրի համար (տեսանյութ)

14089389_319862765027156_1545555380_n

2010 թվականի մարտի 5-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը տեղեկացնելով, որ 2009թ. ընթացքում Հայաստանում բացահայտված, առգրավված թմրամիջոցների ընդհանուր զանգվածը հասել է 57 կիլոգրամի, իսկ միայն վերջին շրջանում առգրավվել է 7 կգ հերոին և ավելի քան 5 կգ ափիոն, հավաստեց, որ թմրամիջոցների նշված զանգվածն իր նախադեպը չունի Հայաստանի ոստիկանության պատմության ընթացքում: Դեռ այն ժամանակ նա ասաց, որ մտահոգիչ երանգներ կան Հայաստանի՝ թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ երկիր դառնալու առումով։

Հունան Պողոսյանի հայտնած այս տեղեկատվությունից 2 օր առաջ` մարտի 3-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել ու կասեցրել էր Թեհրան-Երևան-Մոսկվա-Բանգկոկ ճանապարհով 610 գրամ «Մետամֆետամին» ծանր տեսակի թմրանյութի մաքսանենգ տեղափոխման փորձը: Դրանից ընդամենը օրեր առաջ դարձյալ ԱԱԾ-ն բացահայտել ու կասեցրել էր նույն թմրամիջոցի (այս անգամ 3 կգ քաշով, թաքցված աերոզոլի տարաների մեջ) մաքսանենգ տեղափոխման փորձը:

Ընդգծեմ, որ վերը նշվածները ոչ միայն մաքսանենգության փորձի, այլև, միաժամանակ, մաքսանենգության դեպքեր են, քանի որ թմրամիջոցները մաքսանենգ ճանապարհով Հայաստան արդեն իսկ ներմուծված են եղել։ Այսինքն` մաքսանենգներին հաջողվել է առանձնապես խոշոր չափերի հասնող նշված թմրամիջոցները մաքսավորներից աննկատ անցկացնել ՀՀ մաքսային սահմանից: Չնայած մաքսատանը եղել են համապատասխան սարքավորումներ, միգուցե նաև հատուկ վարժեցված շներ, սակայն ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցները չեն նկատել Իրանից Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի տեղափոխումը: Մաքսային սահմանում ծառայությունն իրականացնում են մաքսային ծառայությունը, ազգային անվտանգության ծառայությունը։ Ըստ Հ.Պողոսյանի, բացահայտման նրբություններ, դժվարություններ կան:

Հիշյալ վարչության պետը դեռ 2010 թվականին Հայաստանում բացահայտված, առգրավված թմրամիջոցների վերը նշված զանգվածը Հայաստանի ոստիկանության պատմության ընթացքում աննախադեպ համարեց: Ի՜նչ իմանար Հունան Պողոսյանը, թե դեռ հետո ինչեր են լինելու, թմրամիջոցների ինչ հսկայական զանգվածներ են բերելու այստեղ` մի մասը Հայաստանում իրացնելու, մյուս մասը Հայաստանով տարանցելով, մեր երկրից դուրս հանելու, այլ երկիր տեղափոխելու և այնտեղ իրացնելու համար: Պարոն Պողոսյանի հայտնած այս տեղեկություններից 3-4 տարի հետո Իրանից Հայաստան տեղափոխված թմրամիջոցների ընդհանուր զանգվածն արդեն մի քանի կիլոգրամին կամ մի քանի տասնյակ կիլոգրամին անհամեմատ գերազանցեց, պաշտոնապես հայտնաբերվածը հասավ նույնիսկ մոտ 1 տոննայի: Իսկ տեղափոխվածն արդյոք ամբողջությամբ հայտնաբերվե՞լ է Մեղրիի մաքսակետում և «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատանը… Թե՞ թմրամիջոցների հսկայական զանգվածներ, այնուամենայնիվ, վրիպել ու հիմա էլ, ամենայն հավանականությամբ, վրիպում են մաքսավորների ուշադրությունից: Այս հարցի պատասխանը ստանալու համար ծանոթանանք առկա փաստերին և նկատի ունենանք նաև այն, ինչը բխում է գոյություն ունեցող իրողություններից:

Փաստելու համար, թե մենք Իրանից վերը նշվածի առումով ինչ ռիսկի ենք ենթակա, հիշեցնեմ այդ երկրից 2014թ. հունվարին 928 կիլոգրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխելու մասին: 928 կիլոգրամը նույնիսկ աշխարհի մասշտաբով է համարվում ահռելի քանակություն և աննախադեպ էր ոչ միայն Հայաստանի, այլև մեր տարածաշրջանի համար: Շրջանառվող լուրերի համաձայն, հայտնաբերված հերոինի արժեքը թմրամիջոցների սև շուկայում հասնում էր 100-500 մլն ԱՄՆ դոլարի: ՀՀ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում այս դեպքը բացահայտել էր այն ժամանակ ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը` հունվարի 16-ին Մեղրիի մաքսակետում նախ հայտնաբերելով բեռնատարի կցորդի հատակային մասում թաքցված օտար մարմինը, իսկ հաջորդ օրն արդեն, Երևան տեղափոխված նույն մեքենայի կցորդի առավել մանրակրկիտ զննությունից հետո, հատակային մասում հայտնաբերված հատուկ հարմարեցված թաքստոցներից դուրս հանելով նշված թմրամիջոցը:

Ընդգծեմ, որ թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը, իրացումը ամբողջ աշխարհում լատենտային բնույթի հանցագործություններ են, ինչը նշանակում է նաև, որ մաքսանենգ տարանցիկ տեղափոխման բացահայտված մեկ դեպքի կողքին կարող են լինել մի շարք չբացահայտվածներ։

2014թ. հունվարին Իրանից Հայաստան «Հերոինը» տեղափոխած հենց այդ նույն` թաքստոցներ ունեցող կցորդիչով «DAF» մակնիշի բեռնատարը, Իրանից Հայաստան է մտել նաև 2013 թվականին: Գրեթե չունեմ կասկած, որ մեքենայի վարորդը այն ժամանակ էլ իր կցորդիչի նույն թաքստոցներում Հայաստան է բերել թմրամիջոցի հերթական ահռելի խմբաքանակը, որը ՀՀ մաքսային ծառայության և այլ իրավապահների կողմից չի բացահայտվել: Այնուհետև Հայաստանից գնացել է Վրաստան, և միայն Վրաստանից Իրան գնալու համար ՀՀ մուտք գործելիս է հայտնվել ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության հսկողության տակ: Բագրատաշենի սահմանային անցակետում «Rapiskan» ռենտգեն համակարգով մեքենան ու կցորդիչը զննելուց հետո, դրանց ռենտգեն պատկերներն ուղարկվել են հիշյալ վարչություն’ վերլուծության ու ռիսկային գնահատման նպատակով, ինչից հետո ստացված պատկերը գնահատվել է ռիսկային և մեքենան վերցվել է հսկողության տակ: Վարչության աշխատակիցների կասկածանքին տեղիք է տվել այն հանգամանքը, որ բեռնատարը Վրաստանից փայտանյութ է տեղափոխել Իրան, այն էլ` կիսով չափ բեռնված վիճակում, մեքենայի կցորդի խցիկն էլ սառնարանային է եղել: Այսինքն’ փայտանյութի տեղափոխումն ունեցել է ձևական բնույթ, հետապնդել է թմրամիջոցի տեղափոխման գործողությունը քողածածկելու նպատակ, որպեսզի մեր մաքսավորները չկասկածեն մեքենայի դատարկ գալ-գնալու վրա:

Ոչ ոք առ այսօր չի պատասխանել այն հարցին, թե նախաբացթողումային հսկողության վարչությունն ինչո՞ւ ավելի վաղ չի հայտնաբերել հիշյալ բեռնատարի կցորդի հատակային մասի թաքստոցները, եթե նույնիսկ դրանցում թմրամիջոց չի եղել, թեև գրեթե համոզված եմ, որ եղել է, այսինքն’ ինչո՞ւ բեռնատարի կցորդի պատկերներն ավելի վաղ չեն գնահատվել ռիսկային ու մեքենան հսկողության տակ չի վերցվել: «Ավելի վաղ» գրելով, նկատի ունեմ 2013 թվականը, երբ Մեղրիի մաքսակետով Հայաստան մտնելիս նույն բեռնատարն էլ, նրա կցորդն էլ նշված մաքսակետում «Rapiskan» ռենտգեն համակարգով զննվել են կամ պետք է զննված լինեին: Ինչո՞ւ այդ թաքստոցները չեն հայտնաբերվել կամ գոնե բեռնատարի կցորդի պատկերները չեն գնահատվել ռիսկային դրանից կարճ ժամանակ հետո, երբ նույն բեռնատարը Հայաստանից Վրաստան անցնելիս զննվել է արդեն Բագրատաշենի սահմանային անցակետի հիշյալ համակարգով: Համապատասխան գնահատումը ու մեքենան հսկողության տակ վերցնելը տեղի են ունեցել միայն բեռնատարի’ Վրաստանից Հայաստան հետդարձի ժամանակ Բագրատաշենի սահմանային անցակետում «Rapiskan» ռենտգեն համակարգով զննությունից հետո:

Եթե վերոնշյալ դեպքը` 2013թ. նույն բեռնատարի թափքի թաքստոցներով Իրանից Հայաստան, ապա Հայաստանով Վրաստան թմրամիջոցի հնարավոր տեղափոխումը, պաշտոնապես չի բացահայտվել (պարզապես տրամաբանորեն կարելի է եզրահանգել, որ տեղի է ունեցել այդպիսի տեղափոխում), ապա Իրանից ՀՀ մաքսանենգությամբ թմրամիջոցներ անցկացնելու հաջողված, այսինքն`Հայաստան մտցնելիս մաքսավորների կողմից չնկատված, բազմաթիվ դեպքեր կան, որոնք կներկայացնենք առաջիկա հրապարակումներից մեկով: Այդ բոլոր դեպքերը վկայում են, որ ՀՀ կառավարությունը չպետք է համաձայնություն տար Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը, որը ներկայացրել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Կառավարության կողմից 2016թ. հունիսի 2-ի թիվ 559-Ա որոշման ընդունումը, որով այն, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ, համաձայնություն է տվել հիշյալ առաջարկությանը, նշանակում է, որ կառավարությունը կամ ծանոթ չէ առկա քրեական վիճակին և Իրանից Հայաստան թմրամիջոցների տեղափոխման միտումներին, կամ էլ, տեղյակ լինելով հանդերձ, անտեսել է դրանք, քանի որ իր համար միևնույն է, թե այդ թմրամիջոցներից մեր ազգաբնակչությունն ինչ վնասներ կստանա, դրանք ինչ բացասական ազդեցություն կունենան քրեածին իրավիճակի վրա, ի վերջո, թմրամիջոցների տարանցման դեպքում Հայաստանի միջազգային վարկանիշին ինչ հարված կհասցվի:

Ակնհայտ է, որ այսպիսի կառավարությունն արդեն չարիք է դարձել մեր երկրի համար: Պետք է օր առաջ, հնարավորինս շուտ ձևավորել Հայաստանին ու մեր ժողովրդին վայել կառավարություն, եթե գործող կառավարությունն իր կատարած սխալներից հետևություններ չի կատարում ու չի շտկում դրանք:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութը՝ ստորև.

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *