«Սասնա ծռեր» խմբի անդամները հետաքրքիր մարտավարություն են որդեգրել: Նրանք բանտերից ու ընդհատակից հանդես են գալիս հրապարակային հայտարարություններով, նամակներով, ուղերձներով:
Չնայած արդյունավետ PR-ին և շարժումն ուղղորդելու փորձերին՝ այն այնքան էլ հաջող ընթացք չունի: «Սասնա ծռեր»-ի համակիրների վերջին՝ սեպտեմբերի երկուսի հանրահավաքը ոչ միայն սակավամարդ էր, այլ ուղեկցվեց տհաճ միջադեպերով՝ բացահայտելով գործընթացը ղեկավարող հարթակի փաստացի բացակայությունը: Հուլիսյան իրադարձությունների օրերին թվում էր, թե զինված խումբը հանրային աջակցության ավելի մեծ ռեսուրս ունի:
Ուրեմն ինչն է պատճառը, որ «Սասնա ծռեր»-ի շարժումն ընթանում է մարման կորագծով:
Առաջին հերթին իրեն սպառել է հանրահավաքային պայքարը: Նախկինում հանրահավաքները նաև ինֆորմացիայի ստացման և տարածման աղբյուր էին: Տեղեկատվական մատչելիության ժամանակաշրջանում հանրահավաքն այդ գործառույթը չունի:
Ըստ այդմ՝ այդ ինստիտուտը ճգնաժամ է ապրում, իսկ հանրահավաքն առնվազն ինքնանպատակ է դառնում, երբ դա ընդհանուր քաղաքական ծրագրի մի մաս չէ: Այստեղից էլ գալիս ենք շարժման ճգնաժամի երկրորդ պատճառին:
«Սասնա ծռեր»-ը չունեն գործողությունների հստակ ծրագիր, իսկ նրանց սակավամարդ հանրահավաքներն ու երթերը իշխանությունների համար դարձել են կառավարելի և կանխատեսելի:
«Սասնա ծռեր»-ի բանտարկված առաջնորդներն իրենց շարժման օրակարգում դրել են ապագաղութացման թեզը՝ թերևս նկատի ունենալով ռուսական կախվախությունից ձերբազատումը:
Սակայն ապագաղութացման թեզը տակավին կարգախոս է, պոռթկում, բայց ոչ ձևակերպված քաղաքական օրակարգ:
Ապագաղութացումը բազմաշերտ պատմական, քաղաքագիտական կատեգորիա է: Այն Հայաստանում չի կարող կոնսոլիդացնող գաղափար դառնալ, եթե կոնկրետ քաղաքական բովանդակություն չստանա:
Մենք, օրինակ, չգիտենք, թե արդյոք «Սասնա ծռեր»-ը օրակարգային են համարում Հայաստանի հրաժարումը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից, ինչ պատկերացումներ ունեն նրանք տարածաշրջանային համագործակցության և անվտանգության համակարգի վերաբերյալ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չստանալու դեպքում լուրջ չենք կարող համարել այն հեռանկարը, որ ապագաղութացման գաղափարը կարող է դառնալ քաղաքական գործընթացի առանցք: Անկախ այն հանգամանքից, որ ըստ որոշ սոցհարցումների առաջին անգամ մեր հասարակության մեջ եվրաինտեգրացիաի կոմնակիցների թիվը մեծ է ռուսասերների թվից:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հատկապես հաջողութամբ են պսակվել ապագաղութացման այն շարժումները, որոնք օգտվել են քաղաքական, լեգալ խաղաղ միջոցներից:
Մեր «Սասնա ծռեր»-ը մերժում է ընտրությունների ճանապարհը: Այստեղ ևս հակասություն՝ կազուս կա: Եվ վերջապես քաղաքական գործընթացն ուժեղ է իր լիդերներով:
Հիմնադիր խորհրդարանում, «Սասնա ծռեր»-ում հանրահավաքային այսօրվա հարթակում խարիզմատիկ գործիչները բացակայում են:
Եթե նույնսկ մեր հասարակությունը միավորվի ապագաղութացման գաղափարի շուրջ, ապա այսօրվա հարթկից դուրս պետք է փնտրի քաղաքական այն ուժը կամ առաջնորդին, որին կվստահի գործընթացը:
Սարգիս Հակոբյան