Ովքեր տեղ չեն զբաղեցնի նոր կառավարության կազմում, և ինչ փոփոխություններ են սպասվում

%d5%af%d5%a1%d5%bc

Այսօր երեկոյան նախատեսված է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստ, որի ժամանակ ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես սպասվում է, կուսակիցներին հայտնելու է վարչապետի ու կառավարության հրաժարականի մասին, քննարկվելու է կառավարության հրաժարականի հարցը:

Կուլիսներում ու ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հովիկ Աբրահամյանն անպաշտոն չի թողնվելու, նրան առաջիկայում մի կարևոր պաշտոն տրվելու է, իսկ նոր կառավարության կազմում չեն լինելու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով, ըստ որոշ տեղեկությունների, պետք է նշանակվի Ֆրանսիայում կամ Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նույն տեղեկությունների համաձայն, որպես արտգործնախարարի պաշտոնի հավանական թեկնածու, նշվում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի անունը, իսկ որպես նախագահի աշխատակազմի ղեկավար’ Հովիկ Աբրահամյանի կամ Արմեն Գևորգյանի անունը, որը ներկայումս Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է:

Նշված փոփոխությունից հետո Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար կարող է նշանակվել ՀՀ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախարար’ ղարաբաղցի մի բարձրաստիճան սպա կամ ՀՀ ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, առողջապահության նախարար’ «Իզմիրլյան կենտրոնի» տնօրեն Չարչյանը:

Ասում են’ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին էլ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնն է տրվելու:

Իհարկե, ասել, թե շրջանառվող այս բոլոր տեղեկությունները ճիշտ են և ամբողջապես դառնալու են իրականություն, հնարավոր չէ, եթե նույնիսկ այդպես է որոշված, վերջին պահին էլ կարող է ինչ-որ փոփոխություններ կատարվեն, սակայն, ինչպես հիմնականում փորձը ցույց է տալիս, ծուխն առանց կրակ չի լինում: Միանշանակ է, սակայն, միայն այն, որ փոփոխությունները չեն սահմանափակվելու սոսկ վարչապետի փոփոխությամբ:

Արթուր Հովհաննիսյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *