Էլիտաների ծագումնաբանությունը՝ սկզբից մինչև վերջ…

har-hayastani-3-naxa-n81868-1

Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրի կյանքում քաղաքական էլիտաների ունեցած դերը բոլոր ժամանակներում էլ վճռորոշ է եղել. հենց դրանց ընդհանուր որակից, դավանած արժեհամակարգերից ու ունեցած ձգտումներից է կախված եղել այն հարցը, թե հատկապես որ ուղղությամբ է զարգանալու պետությունը կամ որքանով է դրան հաջողվելու հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որ միանգամայն օրինաչափորեն կամ արհեստականորեն կարող էին ծառանալ այս կամ այն հասարակության առաջ: Այլ կերպ ասած՝ հենց էլիտաներն են բոլոր ժամակներում վճռել այս կամ այն երկրի ու ժողովրդի ճակատագրի հարցը, սահմանել զարգացման առաջնահերթությունները:

Անկախ Հայաստանի քաղաքական էլիտան, որի՝ երկրի կյանքում խաղացած դերը միշտ էլ ոչ միանշանակ գնահատականների է արժանացել՝ լի զանազան հակասություններով, զարգացման մի քանի փուլ է անցել: 1-ին փուլն, անկասկած, անշեղորեն կապված է արցախյան պայքարի հետ: Պետք չէ մոռանալ, որ հենց այս պայքարն է ամենամեծ ազդեցությունը գործել մեր երկրի ժամանակակից պատմության վրա, ինչն աներկբայորեն նշանակում է նաև, որ քաղաքական էլիտայի սկզբնական ձևավորումը չէր կարող անջատ լինել կամ դիտարկվել ազգային ազատագրական այդ շարժումից: Հայաստանյան քաղաքական էլիտաների ձևավորման 1-ին փուլը, որ, անշուշտ, բավական կարճ է տևել, աչքի է ընկել որոշակի ռոմանտիզմով: 90-ականների սկզբները, որ կարևորագույն շրջան են համարվում Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ քաղաքական միավորի կայացման գործընթացում, անկասկած, կարելի է համարել նաև յուրատեսակ իդեալիզմի ժամանակահատված,երբ մտավորականությունն ու ժողովրդական լայն զանգվածները, հիասթափված խորհրդային կարգերից ու դրանց բնորոշ գաղափարախոսական կլիշեներից, միանգամայն տարերայնորեն նետվեցին նոր գաղափարախոսության գիրկը, որը, ինչ-որ իմաստով պայմանավորված նաև արցախյան գոյամարտով, որպես կենտրոնական գաղափար դիտարկում էր հայրենասիրությունն՝ որպես մարդկային գոյության հիմնական իմաստ ու նպատակ հռչակելով ինքնազոհողությունը:

Ինչ վերաբերում է էլիտաների ձևավորման 2-րդ փուլին, ապա պետք է ասել, որ այստեղ արդեն ստիպված ենք արձանագրել՝ դրան ի սկզբանե բնորոշ է եղել գաղափարական ու քաղաքական էգոցենտրիզմն, երբ որպես ամեն բանի ելակետ իշխանական էլիտաները դիտարկում էին այլոց կողմից սեփական քաղաքական շահերի սպասարկումն, ու ցանկացած մեկն, ով փորձում էր կյանքում հասնել որևիցե ձեռքբերման կամ ուղղակի հաջողակ մարդ համարվել, ստիպված էր լինում կա՛մ բացահայտորեն կուսակցականացվել, կա՛մ համալրել իշխող կուսակցության ծպտյալ կողմնակիցների շարքերը՝ ուզած-չուզած նպաստելով այն խայտառակ կարգերի հարատևմանը, որ հաստատվել էր երկրում արդեն 90-ականների կեսերից սկսած:

Կարճ ասած՝ ներկայիս այն ցավալի իրողությունները, որոնց պայմաններում մենք ապրում ենք, ու որոնց բոլոր նրբերանգներով քաջածանոթ է մեր հասարակությունը, սկիզբ են առնում հենց 90-ականներից ու գալիս-հասնում մեր օրերը՝ հանդիսանալով այն բոլոր դժբախտությունների ու բացասական երևույթների պատճառը, որ պատուհասել է Հայաստանը ներսից:

Ինչ վերաբերում է 3-րդ փուլին, ապա պետք է ասել, որ այն չնայած դեռևս իր սկզբնական փուլում է, բայց այլևս հաստատ իրողություն է, որը ոչ ոք չի կարող ժխտել: Ըստ էության 3-րդ փուլն իր շատ կողմերով նման է 1-ին փուլին, երբ իշխող արժեհամակարգերը, դրանք կրողների վարկաբեկվածության պատճառով, հետզհետե անկում են ապրում՝ հասարակությանը մղելով նոր իդեալների ու իդեաների փնտրտուքին՝ պատասխանելու այն բոլոր օրհասական հարցերին, որ առաջադրում է հայաստանյան դաժան իրականությունը: Ասել կուզի՝ այլևս հասունացել է պահն, երբ ժողովուրդը պոռթկալու է, ապստամբելու է իշխող կարգերի ու բարքերի դեմ՝ փորձելով անձամբ կերտել այն իրականությունը, որում ապրելու ենք բոլորս՝ մեր սերունդների հետ միասին. հասունացել է համաժողովրդական կոնսոլիդացիայի, հասարակական առողջ ուժերի համախմբման ժամանակը:Իսկ սպասվող փոփոխությունները խոստանում են լինել աննախադեպ ծավալների՝ իրենց մեջ ներառելով հասարակական բոլոր շերտերին ու ամեն մեկին, որ կոչված են լինելու պայծառակերպել այն իրականությունը, վերափոխել այն միջավայրը, որ ապականված է իսպառ ու որից փրկություն, ըստ էության, մեկն է լինելու՝ համընդհանուր համախմբումը. Հայաստանը կանգնած է աներևակայելի փոփոխությունների շեմին, որ խոստանում են դարակազմիկ լինել մեր նորանկախ հանրապետության վերջին տասնամյակների պատմության մեջ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *