Ոչ թե լռությամբ, այլ՝ ծափերով հարգենք մեր հերոսների վառ հիշատակը․ հուշ երեկո՝ նվիրված Արմենակ Ուրֆանյանին (տեսանյութ, լուսանկարներ)

%d5%b4%d5%b4%d5%b4%d5%b4%d5%b4%d5%b4

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների սխրանքն անմահ է։ Նրանց մասին խոսելու ու հիշելու են նույնիսկ հազարամյակներ անց։ Ճիշտ է, որ մահն ընտրում է լավագույններին։ Հենց այդ լավագույններից էր Բանակի տղան՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանը, ով զոհվեց հերոսաբար՝ պաշտպանելով իր երկիրն ու ժողովրդին։ Հիրավի, նրա սխրանքն անգնահատելի է, անհնար է բառերով նկարագրել։ Ապրիլյան պատերազմը մեկ տասնյակից ավելի հերոսներ տվեց հայ ազգին, որոնց հիշատակը կմնա անմահ։ 

Այսօր Հանրապետական կուսակցության Էրեբունու երիտասարդական թևը, կուսակցության տարածքային գրասենյակի աջակցությամբ, կազմակերպել էր հուշ երեկո՝ նվիրված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հիշատակին։ Երեկոյին ներկա էին հերոսի մայրը՝ տիկին Համեստը, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, հերոսի հարազատները, ընկերները և այլք։ Երբ խոսում ես նման քաջագործությունների ու հերոսությունների մասին, երբ ներկա ես գտնվում նման հուշ երեկոյի, դժվար է լինում զսպել արցունքները։ Հպարտությունը միախառնվում է ցավի ու տառապանքի հետ, բայց միշտ հաղթում է։ Հայ ազգը Արմենակի նման հերոս ունի, հայ ազգը դարեդար հիշելու ու մեծարելու է Արմենակին ու նրա նման հերոսացած բոլոր հայորդիներին։ 

Հուշ երեկոյի ընթացքում ներկաներից և ոչ մեկը չկարողացավ առանց արցունքի ու հուզմունքի ելույթ ունենալ։ Կազմակերպիչներից Հայկ Հովհաննիսյանը, ներկաներին առաջարկեց հերոսի հիշատակը հարգել ոչ թե լռությամբ, այլ՝ բարձր ծափահարություններով, քանի որ դա պետք է անպայման հասնի երկինք՝ նրանց։ Հայկը հուզվել էր, դժվարությամբ էր կարողանում արտաբերել այն, ինչ կցանկանար ասել, այն, ինչը նախատեսել էր։

«Պատերազմում հերոսանում են կյանքում հերոսավայել ապրողները Այս երեկոն նվիրված էր արցախյան հերոս Արմենակ Ուրֆանյանին, ով իր կյանքի մինչև վերջին վայրկյանն ապրեց հերոսավայել։ Շնորհ է ունենալ իրավունք՝ ծառայելու հայրենիքին, մեծ շնորհ է զբաղվել սիրած գործով ու ապրել հանուն այդ գործի։ Ես ուզում եմ, որ մենք ոչ թե լռությամբ հարգենք մեր բոլոր հերոսների վառ հիշատակն, այլ ծափերով, ու շատ բարձր, քանի որ այդ ծափերը երկար ճանապարհ են անցնելու՝ հասնելով մինչև երկինք, մինչև նրանց։ Սիրելի տիկին Համեստ, խոնարհվում ենք ձեր առջև, շնորհակալ ենք հերոս դաստիարակելու համար։ Ձեզ համբերություն, ուժ և կորով։ Հայն անպարտելի է քանի դեռ հայ մայրերը հերոսներ են ծնում»,- իր խոսքում ասաց Հայկ Հովհաննիսյանը։

Եվ իրոք, հերոսների մասին խոսելը հեշտ չէ։ Իսկ Հերմինե Նաղդալյանն ընդհանրապես չկարողացավ խոսել, արցունքներն ու հուզմունքն այնքան ուժեղ էին, որ ամեն բառը մեծ դժվարությամբ էր հնչեցնում։

Հերոսի հերոս մայրը, կամ ինչպես մենք ենք սիրում ասել, Բանակի մայրը՝ տիկին Համեստը, աննկարագրելի ուժեղ կինը, անկոտրում մայրը, հասկանալի էր, որ չէր կարողանալու իր որդու մասին խոսել, վերքը դեռ ցավեցնում է, խորն է։ Ապրիլյան քառօրյայում զոհված տղաների մայրերը, ինչ խոսք, մեծ հոգու ու կամքի տեր են, որ կարողանում են դիմակայել այդ անդառնալի ու սիրտ քայքայող ցավին։ Բայց նրանց մի բան է ուժ տալիս՝ իրենց որդիները զոհվեցին արիաբար, ընկերներին օգնելիս, հրամանատարի թիկունքը պահելիս, սնունդ հասցնելիս և, վերջապես, հայրենի հողը պաշտպանելիս։Սուրբ հողի համար նրանց թափած սուրբ արյունը երբեք չի մոռացվելու․․․

Քրիստինա Աղալարյան

Տեսանյութը և լուսանկարները՝ ԼՈՒՐԵՐ.com

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *